«Տեխնոլոգիաների ոլորտում մենք պետք է լինեք ոչ թե սպառող, այլ առաջարկող երկիր: Հայաստանը սպառող երկիր է, բայց մենք կարող ենք այդ ոլորտը զարգացնել, սակայն դա մեկ հոգու, նախագահի, վարչապետի, նախարարի աշխատանքով չի ստացվի, որովհետեւ խնդիրը հսկայական է՝ Հայաստանը բարձրացնել բոլորովին այլ մակարդակի: Մարդիկ կարող են զրոյից սկսել ու հասնել հաջողության: Դրա համար պետք է կարգապահություն, նպատակասլացություն, հստակ տեսլական, հստակ ծրագիր եւ համապատասխան փոփոխություններ»,-այսօր Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահը դպրոցում հյուրընկալվել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից իրականացվող More for Metsamor նախագծի շրջանակում: Ինչպես կազմակերպիչները նշեցին, More for Metsamor նախագիծը դպրոցական կրթությանն աջակցող բազմաբաղադրիչ ծրագիր է, որի հիմնական գաղափարը ժամանակակից կրթական ձեւաչափերը հասանելի ու դպրոցն էլ ամբողջ քաղաքի համար «կրթական կենտրոն» դարձնելն է:
Ծրագիրը նպատակ ունի դպրոց բերել նոր բովանդակություն՝ խրախուսելով աշակերտներին ուղղակիորեն ներգրավվել իրենց ապագայի ձեւավորման գործում:
Արմեն Սարգսյանը աշակերտներին հորդորեց՝ ինչ էլ որ կյանքում անեն, անեն հաճույքով. «Բոլորիդ չեմ առաջարկում, որ, անպայման, զբաղվեք գիտությամբ ու նոր տեխնոլոգիաներով: Դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ բոլորը գիտնական են: Իմ խորհուրդն է՝ զբաղվեք նրանով, ինչով կարող եք բացահայտել ձեր տաղանդը, ցանկությունը, ձեր վերաբերմունքը կյանքին: Եթե որեւէ բան ստիպված եք անելու, ապա դա ձեզ համար դառնալու է մեծ բեռ, եւ դժվար է՝ մեծ բեռ տանելով, հաջողությունների հասնել: Ճիշտ հակառակը, եթե դու ունես տաղանդ, շնորհք եւ հաճույքով ես անում քո գործը, ապա, անպայման, հաջողության կհասնես»:
Նախագահի խոսքի մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նախագահի խոսքով, ամեն մի երեխա ի ծնե օժտված է տաղանդով, եւ կարեւոր է, որ ծնողները, ուսուցիչները գտնեն ու բացահայտեն յուրաքանչյուր երեխայի տաղանդը. «Մի՛ վախեցեք սխալվելուց, քանի որ կյանքը միշտ ձեր սխալները կուղղի, ձեզ ճիշտ ճանապարհով կտանի: Ինքներդ ձեր նկատմամբ ազնիվ եղեք, երբեք մի փորձեք ինքներդ ձեզ խաբել: Փորձեք գտնել ձերը»:
Կարեւորելով նոր տեխնոլոգիաների դերը, Արմեն Սարգսյանը խորհուրդ տվեց լավ տիրապետել դրանց, քանի որ, ըստ նախագահի, 21-րդ դարում դրանք ուղղակի անհրաժեշտություն են. «Ինչով էլ զբաղվեք այս կյանքում՝ նոր տեխնոլոգիաների հետ եք շփվելու, հետեւաբար պետք է գրագետ լինեք»:
Նախագծի շրջանակում այս դպրոցի աշակերտները հանդիպումներ են ունենում հայտնի մարդկանց հետ, երեխաներն այցելում են նաեւ գիտատեխնոլոգիական հաստատություններ:
Աշակերտներից մեկը հանրապետության նախագահից, որպես հուշ, նրա ձեռքի ժամացույցը խնդրեց, սակայն Արմեն Սարգսյանն ասաց, որ ժամացույցը հորից հիշատակ է եւ իր համար շատ թանկ է եւ չի կարող այն նվիրել, սակայն խոստացավ այլ ժամացույց տալ:
Նախագծի շրջանակում դպրոցում կազմակերպվում են հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, երեխաներն այցելում են նաև գիտատեխնոլոգիական հաստատություններ, ծանոթանում դրանց աշխատանքներին:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Ինչ վերաբերում է ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը, ապա Արմեն Սարգսյանն ի պատասխան հարցի՝ ասաց, որ նախաձեռնությունը նպատակ ունի տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության, մեծ ծավալի տվյալների կառավարման եւ մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոններից մեկը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ