Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո խոսելով մանկությունից, հիշեց հորը, որը երաժշտական կրթություն չուներ, մասնագիտությամբ տնտեսագետ էր, ու երեկոները 4 երեխաներին հավաքում էր շուրջը, նվագում էր ու բոլորը հին հայկական, մոռացված երգեր էին երգում: «Ցավոք սրտի, վաղ զրկվեցի հորիցս: Այդ հուշը մնացել է, եւ ամեն անգամ, երբ կանաչ Երգարանը տեսնում եմ, հիշում եմ, թե ինչպես էինք ընտանիքով երգում այն երգերը, որոնց վրա կառուցված է ամբողջ մշակութային երաժշտական դաշտը»:
Տիկին Սիրունյանն ասում է՝ ի թիվս այլ երգերի, նաեւ Կոմիտասի ստեղծագործություններից էին երգում, նաեւ «Բաղվանչի» ու «Անցնում են կյանքիս ջահել օրերը» երգերը:
Ծնողներից ստացած խորհուրդների մասին խոսելիս, մեր զրուցակիցը մորն է հիշում, որը հոր մահից հետո միայնակ 4 երեխա էր մեծացնում: Ու երբ իրենք փորձում էին երիտասարդ ժամանակ իրենց մի փոքր ազատ պահել, ջինս հագնել կամ նմանատիպ այլ հագուստ, մայրն ասում էր. «Դուք անհայր եք մեծանում, եթե ուրիշները կարող են իրենց թույլ տալ նման բաներ, դուք ոչ»: Հավելում է, որ, թերեւս, այդ խորհուրդների արդյունքով նաեւ համեստություն են սովորել:
Կարդացեք նաև
Քանի որ Ռուզաննա Սիրունյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երկարամյա տնօրենն է, խնդրեցինք հայտնի մարդկանց հետ առնչվող որեւէ հետաքրքիր դրվագ պատմել:
«Արդեն 20 տարի է՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում եմ, բայց ամբողջ կենսագրությունս մեկ գծով մշակույթի մեջ է անցել, եւ շուրջ 40 տարի մշակույթում եմ, բնականաբար, շատ-շատ դեպքեր կան: Այս պահին ուզում եմ առանձնացնել հատկապես Հովհաննես Չեքիջյանի հետ դեպքը, որ Ստամբուլում է պատահել: Այնտեղ համերգների էինք, կարծեմ Աթաթուրքի դահլիճ կա, որտեղ պետք է երգեինք «Քո Մասիս հորով, քո Արաքս մորով» (խոսքը Պարույր Սեւակի բառերով, Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգի մասին է-Գ.Հ.): Հարցրեցի` մաեստրո, հնարավո՞ր է խնդիր ունենանք:
Ասաց` որեւէ խնդիր չի կարող առաջանալ, որովհետեւ ես այստեղ եմ ծնվել, մեծացել ու որեւէ մեկն իմ առջեւ չի կարող խնդիր ստեղծել, այն էլ այն դեպքում, երբ ես երգում եմ ճիշտ բանի մասին»,-հիշեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենը:
Սիրելի կոմպոզիտորներից էլ խոսեցինք: «Իմ սիրած կոմպոզիտորները բոլորն են, շաբաթը գրեթե 2-3 անգամ առնչվում եմ որեւէ կոմպոզիտորի ստեղծագործության հետ: Եթե այդ օրը Մալեր է հնչում դահլիճում, ուրեմն Մալերն է իմ սիրած կոմպոզիտորը, եթե Բրուքներ է հնչում, ուրեմն Բրուքներն է… Մանսուրյան, Խաչատրյան, Հարությունյան, բոլորն իմ սիրելի կոմպոզիտորներն են…Օպերային արվեստն եմ սիրում, հատկապես Ռոսինիի օպերաները, բայց լինելով դասական երաժշտության քարոզիչ, հակված եմ դեպի դասական կոմպոզիտորները»,-ասաց Ռուզաննա Սիրունյանը: Պարզվեց նաեւ, որ հայ դասական պոեզիայի մեծ սիրահար է, այսօր էլ հենց ազատ ժամանակ է ունենում, թերթում է:
Անդրադարձ եղավ նաեւ իր եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ հրաշալի հարաբերություններին եւ համագործակցությանը: «Դժվարություններ միշտ էլ լինում են, այնպես չէ, որ որեւէ դիրիժորի կամ ստեղծագործող մարդու հետ հեշտ է աշխատելը: Մեր հաջողության գրավականն այն է, որ լինելով մասնագիտությամբ տնտեսագետ` միշտ առաջնայինը համարել եմ ստեղծագործողի հավակնությունները, որովհետեւ երբ մաեստրոն ինչ-որ բան է ցանկանում կյանքի կոչել, ինչը բարդ է կամ հնարավոր չէ, մենք ամբողջ անձնակազմով փորձում ենք դա իրականություն դարձնել, որովհետեւ հասկանում ենք` մաեստրոն մտածում է ապագայի, երաժշտության, նվագախմբի եւ մեր բոլորի մասին»,-նշեց տիկին Սիրունյանը:
Իր բազմազբաղությունից, ընտանիքում լավ կին, ժամանակին խոնարհ հարս լինելուց էլ խոսեցինք: Նշեց, որ ամուսինը միշտ աջակցում է իրեն, ինչ վերաբերում է թոռներին, նրանք էլ ուրիշ ուրախությամբ են լցնում իրենց կյանքը:
Հարցրինք նաեւ` արդյոք իրեն հաջողա՞կ մարդ է համարում: Ռուզաննա Սիրունյանը պատասխանեց. «Հաջողությունը ինձ համար մեկ վայրկյան չէ, այն կաթիլ-կաթիլ է եկել եւ դրանում մեծ դեր է խաղացել ընտանիքս…Օրինակ, մարդը կարող է խաղատուն մտնել, ինչ-որ գումար շահել, ասել՝ ես հաջողակ եմ այսօր, իմ դեպքում այլ է: Ես 14 տարեկանից հորս կորցրել եմ ու միշտ մտածել եմ, որ ինքը երկնքից ինձ նայում է, հաջողության է ինձ ուղղորդում…Հաջողությունը նախ եւ առաջ քո ապրածի, անցած ճանապարհի վերադարձն է քեզ…Ես ինձ հաջողակ մարդ եմ համարում…Եթե ունես լավ ընտանիք, լավ ընկերներ, սիրված աշխատանք, ուրեմն ինչո՞ւ պետք է հաջողակ չլինես»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութով:
Լուսանկարները` Ռուզաննա Սիրունյանի արխիվից եւ Նարեկ Ավագյանի: