Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարար. «Մենք պատրաստ ենք լսել ոլորտի մասնագետների ծրագրերը, մենք պատրաստ ենք դրանք իրագործել»

Դեկտեմբեր 19,2019 17:34

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ամփոփեց մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության ուղղությամբ 2019 թ. իրականացրած ծրագրերն ու մրցույթները եւ պարգեւատրեց մրցանակակիրներին:

Նախարարությունը Հայաստանի մարզերում, Երեւանում եւ Արցախի Հանրապետությունում անցկացրել է 12 մարզական-մասսայական միջոցառում, որին մասնակցել է շուրջ 225489 քաղաքացի:


Դիմելով ներկաներին՝ նախարարն ասաց. «Երբ ինձ ասացին, որ նման հանդիպում կա, միանգամից համաձայնություն տվեցի, որովհետեւ այս հանդիպումները նախարարության եւ անձամբ նախարարի համար կարեւոր են՝ ամփոփելու համար, թե ինչ ենք արել անցած մեկ տարվա ընթացքում, հասկանալու, թե որտեղ ինչ բացթողումներ ունենք: Այնուամենայնիվ, նույնիսկ պաշտոնական եւ հանդիսավոր արարողությունների ժամանակ բացերը եւ թերությունները երեւում են:

Իհարկե, շատ աշխատանքներ են կատարվել, բայց գիտեք, որ նախարարությունները միավորվել են, եւ ըստ դրա՝ արդեն մեր նպատակներն ու քաղաքականությունը փոխվում է: Ոչ թե այն առումով, որ մենք դադարում ենք տվյալ ծրագրերն իրականացնել, այլ տվյալ ծրագրերը շաղկապվում են այլ զուգահեռ ծրագրերի հետ:

Սպորտի մասսայականացումը եւ ֆիզիկական կուլտուրայի ոլորտը եղել եւ մնում է մեզ համար սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Եվ մենք կարծում ենք, որ այստեղ պետք է լինի միասնական քաղաքականություն՝ սկսած մանկապարտեզից, մինչեւ պրոֆեսիոնալ սպորտ: Ցավոք սրտի, այս օղակների մեջ համագործակցությունը եղել է թերի շատ տարբեր հանգամանքներից ելնելով՝ սուբյեկտիվ, օբյեկտիվ, քաղաքական, միջգերատեսչական, համայնքային, միջհամայնքային պատճառներով: Եվ մենք հիմա էլ մեր ծրագրերն իրականացնելիս բախվում ենք այդ խնդրին: Ունենք մի իրավիճակ, երբ կան առանձին համայնքային դպրոցներ, կան պետական այս գերատեսչության կողմից համակարգվող դպրոցներ, կան մասնավոր դպրոցներ, կա հանրակրթության ոլորտը, որտեղ կա ֆիզկուլտուրա առարկան, որ պետք է սնի այս դպրոցը եւ օգնի այս դպրոցներին: Եվ փոխադարձ, հակատակ ուղղությունով աշխատանք պետք է լինի: Սակայն տեսնում ենք, որ այստեղ թերանում ենք, եւ համակարգը սինքրոն, ներդաշնակ չի աշխատում:

Այս առումով անելիք ունենք, բայց այդ անելիքը պետք է իրականացնենք միասին, այն մարդկանց հետ, որոնք ոլորտի պատասխանատուներն են, ովքեր որ որոշակի դերակատարություն ունեն: Բայց այդ ամեն ինչը՝ առաջիկա տարվա ընթացքում: Այսօր հանդիսավոր արարողություն է: Ուզում եմ շնորհավորել բոլոր այն մարզիկներին ու մարզիչներին, ովքեր այս տարի փայլուն կերպով հանդես են եկել տարբեր միջազգային մրցաշարերում եւ առաջնություններում, մեր ներքին մրցաշարերում եւ առաջնություններում: Վստահ եմ, որ հաջորդ օլիմպիական տարում նաեւ ոգեւորվելով մեր պրոֆեսիոնալ մարզիկների արդյունքներով Տոկիոյում, մենք ավելի լավ արդյունքներ ենք ունենալու:

Նախարարությունը եւ նախարարին կարող եք դիտարկել որպես ձեր գործընկերը: Մենք պատրաստ ենք լսել ոլորտի մասնագետների նոր ծրագրերը, մենք պատրաստ ենք դրանք իրագործել: Պարզապես, նաեւ պետք է այդ ամեն ինչը իրականացվի ոլորտի արդյունավետության բարձրացմանը զուգահեռ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031