Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում անդրադարձել է դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար ձեռք բերված ավտոմեքենային: Մինչ այս վարչապետի խոսնակը մեկնաբանել էր լրատվամիջոցների այն հրապարակումներն, ըստ որոնց՝ 27 հազար դոլար արժողությամբ մեքենան Մարիամ Փաշինյանն ընտրել է անձամբ, եւ այն գնվել է պետական պահպանության ծառայության միջոցներով: Փաշինյանի խոսնակը նշել էր՝ Մարիամ Փաշինյանի համար նոր մեքենայի ձեռքբերումը համապատասխանում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին։
Այսօր վարչապետ Փաշինյանը եւս հղում արեց այս օրենքին եւ նշեց՝ ՀՀ վարչապետն ու նրա ընտանիքի անդամները «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով պետական պահպանության ենթակա անձինք են. «Օրենքը հստակ ասում է՝ վարչապետն ոչ մի պարագայում չի կարող հրաժարվել պետական պահպանությունից, և, ըստ էության, չեն կարող հրաժարվել նաեւ ընտանիքի անդամները: Մի դրույթ կա, որ կարելի է մեկնաբանել, որ վարչապետի ընտանիքի անդամները կարող են ժամանակավոր հրաժարվել պետական պահպանությունից, բայց, ընդհանուր առմամբ, օրենքն այն է, որ չեն կարող հրաժարվել պետական պաշտպանությունից»:
Փաշինյանը նաեւ պարզաբանեց, թե ինչպես պետք է պահպանվի հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի պահպանությունը. «Օրենքն ասում է, որ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի պահպանությունն իրականացվում է այդ թվում տրանսպորտային միջոցների կիրառմամբ: Սա նշանակում է, որ մարդը դարձել է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ, ինքը պետք է պահպանվի, անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է ուղեկցեն: Եթե մարդիկ զինված են, զենք ունեն իրենց հետ, հիմա եկեք պատկերացնենք՝ էդ մարդն անընդհատ գնում է, շարժվում է մետրոյով, գազելով, ինչպե՞ս պետք է իրականացնեն պետական պաշտպանությունը, արդյոք իրենց ավտոմատներն, ատրճանակներն ու հատուկ միջոցները…ընդ որում դա հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի քմահաճույքը չէ, պետք է տրանսպորտ ունենան: Այն, որ իմ ընտանիքի անդամներից որեւէ մեկը տրանսպորտային միջոցով տեղից տեղ է շարժվում, այդ մեքենան իմ ընտանիքի անդամի համար չի գնված, այդ մեքենան գնված է պետական պահպանության ծառայության աշխատակիցների համար, որոնք իրականացնում են վարչապետի, իմ՝ չէ, վարչապետի ընտանիքի անդամի անվտանգությունը»:
Փաշինյանը պատմեց, որ իր դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, վերջերս երբ վարորդական իրավունք էր ձեռք բերել, նա իրենց ընտանիքին պատկանող 2008 թվականի արտադրության «Nissan Qashqai»-ն էր վարում եւ պետական պահպանության ծառայության մեքենաներն իր հետևից գնում էին. «Ու ստացվել է, որ իմ ընտանիքի անդամը շարասյունով է շրջում: Եվ այդ տհաճությունից ազատվելու համար, դադարեցրեց վարել»:
Կարդացեք նաև
Մարիամ Փաշինյանի անվտանգության ապահովման համար մեքենան, ըստ վարչապետի, ձեռք է բերվել ոչ թե այս տարի, այլ՝ 2018-ին. «Որովհետեւ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց թիվն ավելացել է՝ մեքենաներ են ձեռք բերվել»:
Փաշինյանի խոսքերով. «Էդ նույնն է թե, ասեն՝ Մարիամ Փաշինյանի համար Կալաշնիկով ավտոմատ են ձեռք բերել, Մարիամ Փաշինյանի համար զրահաբաճկոններ են ձեռք բերել, ռադիոկապ է ձեռք բերվել»: Վարչապետն ասաց, որ օրենքի սահմաններում կարող է լինել նաեւ այդ ծառայությունից հրաժարում, բայց պարզ չէ որքան ժամանակով:
Փաշինյանը հիշեցնելով «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» իր հայտնի խոսքերը, պատմեց ընտանեկան «արկածների» մասին, նշելով՝ դե քանի որ ժողովուրդն իր ընտանիքն է, ընտանեկան խոսակցություն անեն. «Անցած կիրակի օրը մենք ընտանիքով մեր հին մեքենայով փախել ենք եւ 1,5-2 ժամ շրջել ենք Երեւանում: Կարծում եմ մի քանի քաղաքացի մեզ նկատել են: Տվյալ դեպքում իմ գործողությունը կարող է մեկնաբանվել որպես օրենքի խախտում: Վերջերս էլ վերնագիր կարդացի՝ Մարիամ Փաշինյանը մինչեւ թիկնազորը դուռը չի բացում՝ չի իջնում: Պարզվում է, որ դա պետական պահպանության պահանջն է, անվտանգության ընթացակարգեր կան եւ մենք այդ մարդկանց աշխատանքը հարգելով…»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/557886854789972/
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ