Լրահոս
Օրվա լրահոսը

Գործ ունենք հնչեցվող նպատակին բացարձակապես ոչ համարժեք լուծման հետ. Թադևոս Ավետիսյան

Դեկտեմբեր 19,2019 17:05

2019թ. դեկտեմբերի 19-ին կառավարությունը հավանություն տվեց պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքի լրացման նախագծին (օրակարգի 6-րդ հարց):

Նախագծի հիմնավորումը ցնցող է՝ նպատակի, ակնկալվող արդյունքի տեսանկյունից: Այն ունի հետևյալ ընդհանրական բովանդակությունը: Նախ՝ գործող կառավարությունը բազմազավակ ընտանիքների սոցիալական երաշխիքներն ու աջակցությունը համարում է անբավարար, որը հանգեցրել է այդ ընտանիքների թվի նվազման: Հետևաբար՝ գործող կառավարությունը նախորդ ժամանակահատվածում գրանցված ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակի բարելավման նպատակով՝ իր համար կարևոր ուղենիշ է սահմանել ծնելիության խրախուսումը, երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աջակցությանն ուղղված քաղաքականությունը: Այս նպատակով էլ կառավարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություն՝ ուղղված բազմազավակ ընտանիքների դերի ու նշանակության բարձրացմանը:

Փոփոխության այս նախագիծը կառավարության նիստում ծավալուն քննարկվեց՝ որպես բազմազավակների պետական աջակցության կարևոր հանգրվան:

Սակայն առարկայական փաստ է, որ այս դեպքում ևս գործ ունենք հնչեցվող նպատակին բացարձակապես ոչ համարժեք լուծման հետ:

Իհարկե, հռչակվող նպատակադրումն օբյեկտիվ է, որի իրականացման առաջնային անհրաժեշտությունը բազմիցս ենք հիմնավորել: Նաև իշխանափոխությունից հետո ենք առաջարկել իրավական և ծրագրային իրական լուծումներ:

Իրականությունը հետևյալն է՝ կառավարության հավանությանն արժանացած նախագծով առաջարկվում է «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց տրամադրել ամսական 40 հազար դրամ պատվովճար:

Իհարկե, վատ չի: Բայց «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված են ընդամենը 9 ընտանիքների ծնողներ, իսկ բազմազավակ ընտանիքների թիվը 13 հազար է:

Հետևաբար, նորից շարունակում են անպատասխան մնալ մեր կողմից բազմիցս բարձրացված հետևյալ հարցերը.

«Իշխանափոխությունից հետո ինչո՞ւ շրջանառությունից հանվեց բազմազավակ ընտանիքներին աջակցության մասին օրենքի նախագիծը: Կառավարությունը կկատարի՞ Սահմանադրության 83-րդ և 86-րդ հոդվածներով հստակ ամրագրված իր պարտավորությունը: Ե՞րբ կունենանք բազմազավակ բոլոր ընտանիքների համար պետական աջակցության մասին օրենք և համապատասխան ծրագիր: Եթե կառավարությունը թիրախավորում է երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը, ապա ինչո՞ւ է 2020 թվականի պետական բյուջեում նախատեսել առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների էական բարձրացում, իսկ երրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը թողնվել է անփոփոխ:

Ժողովրդագրական քաղաքականության հռչակվող նպատակների և գործող կառավարության իրական գործողությունների տեսանկյունից բնութագրական է նաև հետևյալ փաստը՝ կառավարության հնգամյա ծրագրում ոչ մի խոսք չկա բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին: Իսկ 2019 և 2020 թվականների պետական բյուջեներով, 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագիր և ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:

Ի դեպ, վերջինիս մասին արձանագրված է նաև այս նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված դիրքորոշման մեջ:

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031