Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը` առեւանգումների մասին. «Երեխան հետո է գիտակցում, որ այլ պետության քաղաքացի է եւ այլ ծագումնաբանություն ունի»

Դեկտեմբեր 19,2019 16:46

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը «Մեդիա կենտրոնում» կայացած «Երեխայի իրավունքի հիմնախնդիրը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ նոր ռազմավարության մեջ փորձել են համակարգված մոտեցում ցուցաբերել, որովհետեւ ոլորտի խնդիրների քարտեզագրումն իրականացվել է իրավապաշտպան կազմակերպությունների եւ անհատների ներգրավմամբ: Նրա խոսքերով, ոլորտում խնդիրներն իրոք շատ են, եւ պետք է իրատեսական պլանավորում ունենալ հաջորդ տարիների համար:

Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ իրենց գործընկեր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել Ընտանիքում բռնության մասին օրենքի փոփոխության նախագիծը, որը կարեւոր հարցեր է հասցեագրում երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում:

Փաստաբան Դավիթ Թումասյանն ընդգծեց, որ երբ խոսքը երեխաների իրավունքների խախտման եւ ոտնահարման մասին է, սահմանումների հստակեցումների կարիք կա, որովհետեւ երեխաների բռնությունը տարբերվում է մեծահասակների բռնությունից: «Մեծահասակին չնչին վնաս պատճառող բռնությունը երեխայի համար կարող է ունենալ անդառնալի հետեւանքներ: Լինում են իրավիճակներ, երբ մանկահասակ երեխան չի գիտակցում իր նկատմամբ կիրառված բռնության առանձնահատկությունը եւ բովանդակությունը: Բռնության այդ տարատեսակներից մեկն էլ երեխայի առեւանգումն է:

Մասնավորապես, եթե առեւանգվում է մեկ, երկու, երեք տարեկան երեխա, երեխայի գիտակցականը չի տուժում դրանից, բայց երեխան տուժում է բավականին ժամանակ անց երբ գիտակցում է, որ հանդիսանում է այլ պետության քաղաքացի, այլ ծագումնաբանություն եւ առանձնահատկություններ ունի»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, երեխաների առեւանգման մասին խոսելիս պետք է տարանջատել ներպետական եւ միջազգային առեւանգումները: Եթե 2017-ին եղել է երեխայի առեւանգման 8 դեպք` ոստիկանության տվյալներով, ապա 2018-ին` 6, իսկ 2019-ի 10 ամիսների ընթացքում ընդամենը 2 դեպք, ինչը խոսում է նվազման միտումների մասին: Փաստաբանը այս համատեքստում միաժամանակ լատենտայնությանն էլ անդրադարձավ ու ասաց, որ հաճախ նման դեպքերը թաքցվում են համապատասխան մարմիններից:

Դավիթ Թումասյանի ձեւակերպմամբ, միայն մեկ գերատեսչությունն ի զորու չէ պաշտպանելու երեխայի իրավունքները, պետք է տարբեր մարմիններ եւ տարբեր բնագավառների ներկայացուցիչներ համագործակցեն, որպեսզի արդյունք լինի:

ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը նշեց, որ հաճախ չափահաս մարդիկ միջանձնյա հարաբերությունները փորձում են լուծել իրենց երեխաներին գործիք դարձնելու միջոցով. «Վարույթների ընթացքում երեխաները գիտակցում են, որ ծնողներն իրենց միջոցով են փորձում իրենց խնդիրները լուծել»,-ասաց նա: Հավելեց, որ վարույթներ էլ ունեն, որոնք հարուցվել են օտարերկրյա քաղաքացիների դիմումների հիման վրա եւ դրանք պայմանավորված են ժամանակին Հայաստանից արտագաղթած ընտանիքների կարգավիճակով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031