Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինականության հաստատման ճանապարհին անթույլատրելի է օրենքի խախտումը. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

Դեկտեմբեր 19,2019 16:14

ՀԴԿ հայտարարությունը և դիմումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին ԱԺ կողմից պաշտոնանկության դիմաց աշխատավարձին համարժեք թոշակ ստանալու «առաջարկ» – օրինագիծը ոչ այլ ինչ է, քան ՀՀ Սահմանադրության դրույթների կոպտագույն խախտում: Ավելին, հայտարարված նպատակին հասնելու համար, իշխող ուժը փորձարկեց և՛ քրեական հետապնդում սկսելու սպառնալիք, և՛ էթիկայի նորմերից դուրս, հոգեբանական ճնշում, և՛, վերջապես, հարկատուների հաշվին, դատավորներին յուրահատուկ «կաշառք» առաջարկելը:

Մենք դատապարտում ենք այս գործելաոճը, քանզի այն հակասում է օրինական ճանապարհով Սահմանադրական դատարանի ձևավորման սկզբունքներին: ՍԴ դատավորն իր լիազորություններից կարող է հրաժարվել միայն իր կամքի բացարձակ ազատ դրսևորման պայմաններում, ինչն ամրագրված է Սահմանադրության 164 հոդվածի 8-րդ կետով:

Բազմիցս շեշտել ենք, որ օրինականության հաստատման ճանապարհին անթույլատրելի է օրենքի խախտումը: Եթե իշխող ուժն ինքն է փորձում հարկադրանքով, սպառնալիքով, «ձրի» աշխատավարձ և հավելավճար խոստանալու եղանակով ազատվել իր կամքին չենթարկվող ՍԴ դատավորներից, ապա իրեն նույնականացնում է իր իսկ կողմից մերժված նախկինների հետ:

Ստեղծված իրավիճակում առանձնանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ որպես պետության գլուխ, իր լիազորության իրականացման անհրաժեշտությունը: Այն է՝ ԱԺ-ի կողմից ընդունված օրինագիծն ուղարկել ՍԴ, պարզելու նրա համապատասխանությունը Սահմանադրությանը: Հակառակ պարագայում պատասխանատվության բաժինը կրելու է նաև ՀՀ Նախագահը:

Լիահույս ենք, որ որոշում կայացնելուց առաջ պարոն Նախագահը մասնագիտական վերլուծություն կիրականացնի անաչառ փորձագետների մասնակցությամբ:

Մենք չպետք է հանդուրժենք և ոչ մի մենիշխանություն հաստատելու ցանկություն, առավել ևս՝ գործողություն:

  

Հայաստանի  դեմոկրատական կուսակցության

նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031