«Նա խոսել է Վազգեն Մանուկյանի, Դավիթ Շահնազարյանի մասին, ուրանալ-չուրանալու մասին: Կարծում եմ՝ նա այն մարդը չէ, որը կարող է նման հարցերի շուրջ խոսել: Ինչ վերաբերում է ուրանալ-չուրանալուն, ես Վազգեն Մանուկյանի կառավարության ժամանակ ներքին գործերի նախարարի տեղակալի, հետո՝ առաջին տեղակալի պաշտոնն էի զբաղեցնում, հետո՝ ՊՆ առաջին տեղակալի: Իսկ թե Վազգեն Մանուկյանին ով է ուրացել, թող իրենք մտածեն: Վազգեն Մանուկյանի ուրացման գործընթացը հենց Վազգեն Մանուկյանից է սկսվել: Վազգեն Մանուկյանն առաջին հերթին ինքն է իրեն ուրացել, երբ նրան վիրավորում էին, նույն Սերժ Սարգսյանը, եւ նա շարունակում էր Սերժ Սարգսյանի հետ…»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով քրեական գործով անցնող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, թե «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ուրացել է Վազգեն Մանուկյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասաց Անդրանիկ Քոչարյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/447210569260429/
Նա նշեց. «Հիշում եք Մարտի մեկի հետ կապված Դավիթ Շահնազարյանի մեկնաբանությունները, փաստահավաք խմբի բացահայտումները: Ես չէի կարող այդ գործընթացի մեջ լինել այն քաղաքական համակարգում, որտեղ իրենք ուրանում են իրենց քաղաքական անցյալը»: Ինչ վերաբերում է Հայրապետյանի շեշտադրմանը, որ շատ անձանց հետ Անդրանիկ Քոչարյանը հաց է կիսել, հետո դա մոռացել, վերջինս այսպես արձագանքեց. «Լա՜վ էլի…հիմա հաց կիսելը քաղաքական կատեգորիա՞ է: Իր հետ ոչ միայն կիսել ենք, այլեւ ընտանիքներով ենք մտերիմ եղել, մեր երեխաներն ինչ-որ ժամանակահատված միասին են մեծացել՝ մինչեւ Մարտի մեկը, այնպես որ, այստեղ քննարկելու թեմա չկա: Այս «մուտիլովկի» իմաստը ո՞րն էր: Իսկ որ «մուտիլովկի» բազմափորձ հնարավորություններ ունեն այդ դաշտում իրենց կենսագրությունը կերտած մարդիկ, նաեւ՝ Ռուբեն Հայրապետյանը, դա հայտնի է»:
Անդրանիկ Քոչարյանը հավելեց՝ այս ընթացքում Ռուբեն Հայրապետյանի հետ չի հանդիպել կամ խոսել. «Քանի որ նախկին ընկերները խոսելու թեմա չեն կարող ունենալ: Եթե մյուս կողմը զրպարտության լեզվով է հանդես գալիս, ես, լինելով քաղաքական մշակույթի կրող, չեմ կարող պատասխանել նախկին ընկերոջ ասածին»: Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ նման պահվածք Ռուբեն Հայրապետյանը դրսեւորել է նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանի եւ ՀՖՖ աշխատակիցների հանդեպ. «Հայրապետյանը հիմա երեւի Սերժ Սարգսյանի անվտանգության մարմիններում է աշխատում, այնտեղից սնվում՝ իր դարակազմիկ գաղափարները սփռելու համար»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի նկատառմանը, որ Քոչարյանը մի քանի ճամբարներ է փոխել, եւ Փաշինյանի թիմը հետագայում դա կհասկանա, վերջինս շեշտեց. «Ես որեւէ թիմի անդամ չեմ եղել եւ չեմ փոխել: Ես կրել եմ պետական պաշտոնյանին վայել կեցվածք եւ սպասարկել եմ միայն պետության շահը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ