Հայաստանում արժեքները գահավիժում են. այդ կարծիքին է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, որը բանտարկությունից ազատվելուց 1,5 տարի անց այսօր առաջին անգամ մամուլի ասուլիսով հանդես եկավ «Հայելի» մամուլի ակումբում:
«Լեւոնի վախտվանից առ այսօր պետությունը չգիտի` ինչ արժեքներ մատուցի հասարակությանը»,- ասաց նա` հավելելով. «Իրենք բոլորը՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Մոսկվայի դրածոներ են։ Էդ բոլորը ունեցել են տարբեր ինտելեկտուալ կարողություններ: Քաղաքականությունից երեւի մենակ ամենանորմալ մոտիկը պատմությանն ու քաղաքագիտությանը, եղել են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը: Մնացածը նամեստնիկներ են աշխատել: Նիկոլն էլ ինչ տեսել` էն ա սովորել»:
Շանթ Հարությունյանի համոզմամբ՝ առանց արժեքների հեղափոխության «չի կարա երկիրը դզվի»: Ըստ նրա՝ այսօր իշխանության տարբեր օղակներում գտնվողներից շատերը դա չեն հասկանում, բայց կան մարդիկ, ովքեր հասկանում են եւ միտումնավոր խեղաթյուրում են: Նիկոլ Փաշինյանի` իր կարծիքով, քաղաքականությունից կիլոմետրերով հեռու լինելն ու վերոնշյալ երկու հանգամանքները նպաստում են, որ այսօր Հայաստանում կրկնվեն 1820 թվականի իրադարձությունները, երբ հայկական տարածքների հարցերը լուծվեցն առանց հայերի ու Հայաստանի: Պատմական էքսկուրս կատարելով` հեղկոմների ստեղծումից մինչեւ աքսորներ, զինվորական շերտի վտարումից Հայաստանից մինչեւ մտավորականների բանտարկություններ, ասաց, որ ռուսական գործակալներին ներդրեցին ժողովրդի ընդդիմադիր շերտի մեջ`ընդդեմ բոլշեւիկյան բեսպրեդելի: Ըստ Շանթ Հարությունյանի, ռեպրեսիաներ սկսելով եւ մյուս կողմից հասարակության մեջ արդարացի ցասում բարձրացնելով`տապալեցին բոլշեւիկյան ռեժիմը, որը առանձնապես չէր էլ դիմադրում եւ իշխանությունը դաշնակցությանը հանձնվեց: Պատմական անցքերը հիշելով` նա եզրահանգեց, որ դավադրական տեխնոլոգիաների ներդրման արդյունքում այն ժամանակ թե բոլշեւիկ, թե դաշնակցական հայերը դուրս մնացին մեր տարածքային հարցերը լուծելուց:
Գալով մեր օրեր էլ կրկին հայտարարեց. «Նիկոլը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու ա, դրա համար էլ երկիրն էս վիճակում ա: Զարմանում եմ ինչի՞ հիմա չի գնում քիթը մտցնի ռադիոֆիզիկայի մեջ, կարծում են, թե քաղաքականությունն ավելի կարևոր ա, քան ռադիոֆիզիկա՞ն։ Չորս նախագահ ենք ունեցել, չորսից երեքը բանասեր են եղել, մեկը չի եղել քաղաքական գործիչ»:
Կարդացեք նաև
Նա նաեւ հայտարարեց, որ իր որդուն` Շահեն Հարությունյանին «սորոսական» պիտակը կպցնելը եւ հայտարարելը, որ նա գումար է ստանում իր գործունեության համար, ուղղակի զրպարտանք է: Հիշեց` 15 տարի առաջ Վաղարշակ Հարությունյանն ասել է. «Շա՛նթ, դուք ամբողջ ընտանիքով հակասովետական եք, հալածյալ եք, դրա համար էլ ռուսներին չեք սիրում: Ասացի` էս ի՞նչ եք ասում, պարո՛ն գեներալ»:
Շանթ Հարությունյանն իր գերդաստանի պատմությունն արեց` մոր կողմից նաեւ ազնվական ծագման մասին ասաց. «Ունեցել եմ սովետի համար զոհված պապ եւ՝ հերոսաբար զոհված, եւ հակասովետական պապ. երկուսի համար էլ հպարտ եմ, որովհետեւ խիզախ են եղել»: Նա իր պապերի պատմությունը պատմեց հավաստելու համար, որ ընտրությունն իր մոտ ակամայից չի եղել եւ հայտարարեց. «Ռուսների դեմ պայքարում ո՛չ հայրս ա դրսից մի կոպեկ ստացել, ո՛չ ես, ոչ էլ՝ իմ տղան, որ էսօր ասում են՝ սորոսական»: Հիշեց`ինքն ու քույրը մանկահասակ են եղել, երբ հայրը դատապարտվել է, միայն 19 տարեկանում մի նվեր է ստացել` սպորտային համազգեստ, հոր ընկեր Պարույր Հայրիկյանից, որն այնքան էր հագել ու մաշել, որ մայրն ուզում էր դեն նետել, բայց չէր համաձայնվում, քանի որ հոր ընկերոջ նվերն էր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ