Հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի կարծիքով՝ սպորտում ծանր վիճակ է. այսօր ավելի շատ իրենց գովազդի, ամեն ինչ վրա կարող են փող ծախսում, բայց սպորտի զարգացման համար այդքան գումար չունեն:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը բռնցքամարտիկն ասաց, որ իրեն և իր որդուն, օրինակ` դեկտեմբերի 23-ին, հրավիրել են Կազան՝ մասնակցելու բռնցքամարտի աշխարհի մրցաշարին, սակայն աջակցություն չկա, որ մասնակցեն: Այս առիթով Իսրայել Հակոբկոխյանն ասաց. «Սպորտկոմիտեին կարծես պետք չէ, որ մարզիկին օգնեն, գնա այդ մրցումներին, երկու հատ էլ ֆեդերացիա ունենք, իբր մեկը քիչ էր, բայց իրենց էլ հետաքրքիր չէ, որ տոմսի ծախսերը հոգան: Ստիպված լավ է մեր աշխատանքային հերթափոխի նախագահը տոմսի ֆինանսները գտավ, որ գնանք, այդ մրցաշարին մասնակցենք»:
Իսրայել Հակոբկոխյանն ասաց, թե լսելով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը, զարմացել է, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն այդքան ֆինանսներ է ծախսել ֆուտբոլի համար: Այնուհետև դիմելով լրագրողներին, ասաց. «Ես Ռուբոյի հետ մտերիմ չեմ, բայց եթե հնարավորություն ունեք, ու եթե Ռուբոն նման ծախսեր է անում, թող գա մեր աշխատանքային ռեզերվներ: Եթե ֆուտբոլի վրա ծախսած փողերի մեկ հարյուրերորդը նա ծախսի բռնցքամարտի վրա, ամեն ինչ իր տեղը կընկնի: Ես սպորտի համար շատ եմ բացի քրտինք թափելը նաև արյուն թափել ու ինձ համար այսօր ահավոր է, որ նայում ես տաղանդավոր երեխաներ կան, որ իրենց պետք է աճեցնել, զարգացնել, ուղարկել մրցաշարերի, բայց ոչ մեկ էլ մոտիկ չի գալիս, որ երեխաներին աջակցի: Լսում էի Ռուբոյին, թե ինչ ընկերական խաղեր էր կազմակերպում, բայց այսօր բռնցքամարտիկը, որ գնա մրցումների, պետք է սրան-նրան խնդրի, որ տոմսի գումար գտնի»:
Նա նշեց, թե իր տղաները սկզբում ֆուտբոլում են եղել, բայց փորձել է նրանց բերել բռնցքամարտ, քանի որ ֆուտբոլում այսպես ասած անաղուհացեր ավելի շատ կան, քան մյուս մարզաձևերում:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հարցազրույցին՝ Իսրայել Հակոբկոխյանը հիշեց մի դրվագ. «Ես միշտ գնում, մարզվում էի «Հրազդան» մարզադաշտում: Մի անգամ էլ աշակերտներիս հավաքել, գնացել էի, որ պարապմունք անցկացնեինք: Անվտանգությունից ինձ մոտեցան, ասացին, թե սպասեք, հիմա մատուցող կանչենք: Բայց ես ասացի, որ ինձ մատուցող պետք չէ. ուզում ենք մտնել մարզադաշտում վազել: Նա պատասխանեց՝ բա չե՞ս տեսնում՝ տաբլոյի վրա ինչ կենացներ են գրված: Եթե այստեղ չեք եկել ուտել-խմելու, թողեք գնացեք»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ այսինքն՝ Աշոտ Աղաբաբյանը «Հրազդան» մարզադաշտը վետերոկի՞ էր վերածել, Իսրայել Հակոբկոխյանը պատասխանեց. «Նման էր. վետերոկը դեռ լավ է: Եթե մարզիկն իրավունք չունի մտնել մարզադաշտ, մարզվել, դա վետերոկ չէ, եսիմ ինչի է նման: Մարդիկ հավի հիշողություն ունեն: Հայտնի 01-99 ֆիլմում է ասում՝ ես հո հավ չե՞մ, որ ընկնեմ ավտոյի տակ: Երևի հավի հիշողություն ունեն. մոռացել են, որ ժամանակին մարդիկ ոչ մի բան չանելով՝ եկան, տիրացան, հիմա նայում եմ մարզադաշտին, ափսոսս գալիս է: Այնտեղ միայն առևտրականներն իրավունք ունեն: Հիմա ասում են գործարարներ, բայց առաջ սպեկուլյանտներ էին ասում ՝ մեկից մի բան վերցնում, մյուսին վաճառում էին: Փաստորեն, հիմա միայն սպեկուլյանտները, ուտող-խմողները «Հրազդան» մարզադաշտ կարող են մուտք գործել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ