ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն:
Անդրադառնալով քննարկվող հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ արդեն իրականացվել են մի շարք հանրային քննարկումներ: «Ներկայում մենք հավաքագրում ենք բոլոր առաջարկությունները և դիտողությունները և համապատասխան փոփոխություններ իրականացնում, եթե դրանք բխում են օրենքի ընդհանուր տրամաբանությունից: Բացի այդ, մենք իրականացրել ենք նաև մի շարք փոփոխություններ, որոնք նախկինում հաշվի չենք առել, հետևաբար կարևորում ենք այսօրինակ քննարկումները»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը ներկայացրել է օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը և օրենքի հիմնական նորամուծությունները և փոփոխությունները, այն է՝ բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրում, անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին և բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք ներմուծում, «առկա կամ հեռակա» ուսուցման համակարգի փոխարինում «լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ» համակարգով, օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի կառավարման ապաքաղաքականացում, ֆինանսավորման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարություն, ակադեմիական ազատություններ և հաշվետվողականություն, վարչական աշխատակազմի, ակադեմիական կազմի երիտասարդացման խթանում և այլն։
Կարդացեք նաև
Սամվել Կարաբեկյանը անդրադարձել է նաև հայագիտական առարկաներին՝ ընդգծելով, որ օրենքի նախագծի համաձայն՝ անկախ որ բուհ է ընդունվում ուսանողը, եթե նա ՀՀ քաղաքացի է, ապա պարտավոր է ունենալ միասնական համակարգով անցկացվող «Հայոց լեզու» առարկայի հանձնման հավաստագիր՝ անկախ մասնագիտությունից:
Բանախոսի ելույթից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նախարարին և հիմնական զեկուցողին, որոնք, մասնավորապես, վերաբերել են կառավարման խորհուրդներում ուսանողների ներգրավվածության, հեռավոր բնակավայրերի ուսանողների համար հավասար իրավունքների ապահովման, ակադեմիական ազատությունների, ռեկտորի թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների, օտարերկրացիների ուսումնառության, դոկտորանտուրայի, հեռավար ուսուցման, կրթություն-աշխատաշուկա կապի ապահովման և ոչ ֆորմալ կրթության ապահովման խնդիրներին:
Նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարության պատասխանատուները մանրամասն պատասխանել են խորհրդի անդամներին հուզող բոլոր հարցերին:
Նիստի ավարտին Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին շահագրգիռ քննարկման համար՝ համոզմունք հայտնելով, որ հասարակական խորհրդի հաջորդ նիստերին կքննարկվեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների նոր բարեփոխումները:
ԿԳՄՍՆ