Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պահենք արմագեդոնի հասնող բանավեճեր, բայց երբեւէ դիսկուրսը չիջեցնենք անձնական հարթակ, էդտեղ պարտվում ենք բոլորս». պատգամավորների ամանորյա շնորհավորանքը

Դեկտեմբեր 19,2019 14:06

Ենթադրվում է, որ այսօր ԱԺ-ի այս տարվա վերջին նիստն է, թեեւ, ինչպես ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց՝ համայնքը զորավոր է, համայնքը ուժ ունի ու եթե պատգամավորական համայնքը որոշեց եւս մեկ արտահերթ նիստ անել, ոչինչ անել չեն կարող, պետք է նորից հավաքվեն:

Այնուամենայնիվ, այսօր իրենց ելույթների վերջում պատգամավորներն արդեն ամանորյա շնորհավորանքներ էին հղում միմյանց:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի շնորհավորանք-բարեմաղթանքն ԱԺ դահլիճում բուռն ծափերի արժանացավ: Նա ասաց. «Ուզում եմ, որ տարին երջանիկ, բարի լինի բոլորիս համար, ուզում եմ, որ այն բացասական էներգիան, որ շատ դեպքերում մեզանից յուրաքանչյուրը բերում է այս դահլիճ եւ շատ դեպքերում քաղաքական բանավեճն իջնում է անձնական հարթակ, որը չի կարելի, հետո մենք գնում ենք ու մեզանից յուրաքանչյուրը մեզ չի ներում ոգեւորվելու, բռնկվելու համար: Պահենք արմագեդոնի հասնող բանավեճեր, բայց միայն քաղաքական բանավեճեր, երբեւէ դիսկուրսը չիջեցնենք անձնական հարթակ, որովհետեւ էդտեղ պարտվում ենք բոլորս»:

Արարատ Միրզոյանը կատակեց. «Շատ կարեւոր է դա լսել հատկապես ձեզնից, տիկին Զոհրաբյան»:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, իմքայլական Բաբկեն Թունյանն, արձագանքելով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի այն կանխատեսմանը, թե հունվարի 1-ից 5-7 տոկոս գնաճ է սպասվում՝ ասաց. «Չեմ ուզում տարին ավարտել վատատեսական սպասում ձեւավորելով: Ասում եք՝ ԵԱՏՄ մաքսատուրքերի հետ կապված գնաճ է սպասվում, ԿԲ-ի գնահատմամբ՝ գնաճի վրա ընդհանուր ազդեցությունը գնահատվում է 0.4-0,5 տոկոս, երկրորդը՝ կան այդտեղ ապրանքատեսակներ, որոնց գծով այս տարվա ընթացքում, օրինակ, թռչնի միսը, նկատվել է գների ոչ թե բարձրացում, այլ՝ գնանկում՝ հիմնականում պայմանավորված մենաշնորհային ուղղությունների թուլացմամբ: Հաջորդ տարի, իմ ակնկալմամբ, կլինեն այդ ապրանքներից շատերի գծով ոչ թե գների բարձրացում, այլ՝ հակառակը՝ գների նվազում: Այնպես որ մեր հայրենակիցներին խնդրում եմ դրան էդպես տագնապալի չմոտենալ, ամեն ինչ նորմալ է: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հսկողության տակ պետք է պահի, որ հանկարծ չարաշահումներ չլինեն, որ մեր քաղաքացիները կարողանան ինչպես ուզում են՝ իրենց ամանորյա սեղանը զարդարել»:

Ի դեպ, «Տեղական հանրաքվեի մասին» այն նախագիծը, որը քննարկելու համար այսօր ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրվել, ընդունվեց 96 կողմ 18 դեմ ձայներով:

Արարատ Միրզոյանը 7-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանի աշխատանքները հայտարարեց փակված՝ շնորհավորելով Ամանորն ու Սուրբ ծնունդը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031