Կոտայքի մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը իր նշանակման առաջին օրերից է զգացել պետական համակարգի աշխատակիցների կողմից հեղափոխությանը դիմադրելու հանգամանքը։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, եւ այդ դիմադրությունը ջարդելու եմ»։
– Պարոն Պետրոսյան, վարչապետը իր խոսքում հստակեցրեց, թե դիմադրությունը պետական կառավարման որ օղակում է: Կոտայքի մարզպետարանում կա՞ արդյոք դիմադրություն հեղափոխությանը։
– Իմ ընկալմամբ՝ խոսքը անձերի մասին չէ, այլ՝ կարծրատիպային մոտեցման, հավակնոտ ծրագրեր առաջ չքաշելու կամ այդ ծրագրերին բյուրոկրատական եւ հին կաղապարային մոտեցում ցուցաբերելու մասին։ Ավելին ասեմ, դա նաեւ այն փաստի վկայությունն է, որ մենք կադրային ջարդ չենք արել։ Կոնկրետ մարզպետի աշխատակազմում շուրջ 120 աշխատակիցներից մենք հիմնականում միայն հայեցողական ու քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ենք փոխել, իսկ պետական համակարգը իր կենսունակության առումով մնացել է հինը։ Թեեւ համակարգային կոռուպցիան մաքրել ենք, բայց երբ մարմինը սովոր է շարիկ գլորելու, պետական աշխատավարձին նայելու որպես թոշակ, որն այսպես թե այնպես ստանալու է…շատ շատերի մոտ, եթե չասեմ գիտակցված սաբոտաժ, ապա առնվազն մեր բարեփոխումների տեմպը պահելու խնդիր կա։ Վարչապետի զայրույթը դրանով էր պայմանավորված։ Շատ դեպքերում հարցը անձերի մասին չէ, այլ ինստիտուտների, ընթացակարգերի խցանման մասին է։ Գուցե այս կամ այն անձը լավ մասնագետ է, իր փորձառությունը կարեւոր է ոլորտի համար, բայց մյուս կողմից չպետք է մոռանալ, որ տվյալ անձը, որ 10-20 տարի աշխատել է մարզպետարանի շենքում, վարչություն է ղեկավարել, այդ անձի օրոք է, որ դպրոցները էդ վիճակին են հասել, համայնքների հետ համագործակցությունը էդ մակարդակին է մնացել, սուբվենցիաները չեն իրականացվել հավուր պատշաճի։
– Հիմա քաղաքացու մեջ հարց կառաջանա՝ ո՞վ է մեղավոր։ Հեռացնեիք նման մարդկանց, եւ հիմա չէր լինի այս դիմադրությունը։
Կարդացեք նաև
– Պետք է հասկանալ, որ խոսքը խոշոր հաշվով շուրջ 250 հազար աշխատակցի մասին է. մեր երկրում պետական բյուջեից աշխատավարձ ստացող շուրջ 250 հազար աշխատակից կա։ Տեսականորեն նույնիսկ անհնար է այդ ծավալի կադրային փոփոխություն անել, եւ 3 տարեկան կուսակցությունից, որն իշխանության է եկել թավշյա հեղափոխության արդյունքում, ակնկալել 250 հազար կադրային բանկ։ 250 հազար մասնագետ միաժամանակ անհնար է մեր երկրում փոխել։ Փորձել ենք վերափոխել, փորձել ենք վերապատրաստել, նոր կառավարման մշակույթով առաջնորդվելու պարտադրել։
– Եվ չի՞ ստացվել։
– Չեմ կարող ասել չի ստացվել, ինձ թույլ չեմ տա ասել չի ստացվել։ Բայց բավական դժվար է ստացվել։ Եվ ավելին ասեմ, թեեւ մեր թիմի առանցքային դեմքերը մինչեւ պետական պաշտոններ ստանձնելը իրենց աշխատանքային փորձով լավ կառավարիչներ էին, բայց բոլոր դեպքերում դժվար է 100-200 հոգանոց աշխատակազմեր կառավարել եւ զերծ մնալ խնդիրներից։ Դա ժամանակի խնդիր է: Ահա այստեղ է վարչապետի զայրույթի արդարացվածությունը, այդ զայրույթից ես նույնպես ունեցել եմ նախորդ մեկուկես տարվա ընթացքում… Եվ երբ վերլուծում ես, հասկանում ես, որ բացի բյուրոկրատական միջանցքների խցանումներից այդ խնդիրները գալիս են նաեւ անձնական որակներից ու ինստիտուտների չկայացվածությունից։ Հենց դա է պատճառը, որ մենք ձգտում ենք ինստիտուցիոնալ կառավարություն լինել, որ անձերից կախված չլինի մեր կյանքի որակը։
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում