Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց Վարազդատ Կարապետյանի եւ Վահե Ղալումյանի «Տեղական հանրաքվեի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծը, որով նախատեսում են տեղական հանրաքվեներ կազմակերպելու մեխանիզմները՝ համայնքների խոշորացման համար:
Սակայն ուշագրավ է, որ եթե համայնքների բնակիչները նույնիսկ հանրաքվեով խոշորացմանը՝ վարչատարածքային բաժանմանը դեմ կամ կողմ արտահայտվեն, օրենքում չկա ամրագրում, որ նրանց կարծիքը հաշվի են առնելու: Այս առնչությամբ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց. «Պայմանական ասած՝ ընդունենք, որ Շատին համայնքը ներկայացնում է մեզ, որ հանրաքվե ենք արել, մասնակցել ենք 50 տոկոսով, քվեարկել ենք միավորմանը դեմ եւ մենք, որպես պատգամավորներ, լսում ենք ու ասում՝ անկախ ամեն ինչից, այդ միավորումը պետք է տեղի ունենա: Մենք ի՞նչ խնդիր ենք լուծում՝ այդ հանրաքվեի հնարավորությունը տալով տվյալ համայնքին: Պետք է օրենքը նպատակ ունենա ու կիրառվի, իսկ մենք ասում ենք՝ սա օրենք է, բայց ինքը չի կիրառվելու: Որեւէ երկրում նման բան կա՞, որ օրենք լինի, որ մարդիկ ինչ ցանկանան, ինչպես ցանկանան, օրենքի հետ այսպես վարվեն: Օրենքը պետք է իմպերատիվ կատարման իմաստ ունենա: Մենք օրենք ենք ընդունում, որը ավելի շուտ սոցհարցման է նման: Ոնց որ տվյալ գյուղում սոցհարցում անեն, տեսնեն՝ համաձա՞յն է միավորվի, թե՞ համաձայն չի: Եթե այդպես է, եկեք այլ ինստիտուտ մշակենք, հանրաքվեն այլ տրամաբանություն ունի, պետք է անպայման ուժ ունենա: Մենք ասում ենք՝ սիրելի գյուղացի, մենք համաձայն ենք, իսկ եթե դուք համաձայն չեք՝ գնացեք տուն: Ինչի՞ ենք էդ մարդկանց տանջում, ինչի՞ ենք փող ծախսում: Համայնքը փող է հավաքում, որ մի բան անի, որի նպատակը որեւէ մեկին պետք չի»:
Բագրատյանը հորդորեց հետ կանչել օրենքը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ