Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իրոք հայկական կողմի մեղավորությունը լիներ, ադրբեջանական մամուլը այդքան կարճ հաղորդագրությամբ չէր բավարարվի, եւ մի մեծ աղմուկ կբարձրացներ. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 19,2019 12:36

Նախօրեին Տավուշի մարզի Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու եւ Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետեւանքով հայկական կողմը ո՛չ մարդկային, եւ ո՛չ էլ նյութական վնասներ չի կրել։

ՀՀ ԶՈԻ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել էր կրակը։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ կրակոցները եղել են միայն Տավուշի ուղղությամբ։

Կոթի բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ կրակոցները եղել են ընդհատումներով։

Հարցին՝ կրակոցների հետեւանքով վնասներ եղե՞լ են, վարչական ղեկավարը պատասխանեց. «Մարդու վնաս չի եղել, բնակիչներից էլ դեռ բողոք չեմ ստացել, որ կրակոցի հետեւանքով ինչ-որ նյութական վնաս պատճառված լինի։ Եթե լինի էլ, առավելագույնը տանիքին կամ պատուհանին եղած կլինի»։

Մելիքյանը նշեց, որ կրակոցների պահին գյուղում հարսանիք էր ընթանում. «Հարսանյաց սրահը նրանց կրակած դիրքերի ուղիղ դիմացն էր։ Բայց հարսանիքը չեն դադարեցրել, շարունակել են»,- ասաց նա, ապա հավելեց. «Իրենց մոտ միշտ այդպես է. հիշողության կորուստ են ունենում, երբ մի հատ լավ դաս են տալիս մերոնք, հանգստանում են։ Վերջին անգամ այսպես ակտիվ եղել է 2018-ի սեպտեմբերին»։

Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանն էլ նշեց, որ իրենց բնակավայրում եւս կրակոցներ եղել են, սակայն տուժածներ եւ նյութական վնասներ չկան. «Մի տարի է այսպիսի կրակոցներ չկար, արդեն անսովոր պրոցես էր դառնում մեզ համար»,- հավելեց Սահակյանը։

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի կարծիքով՝ կարելի է բազմաթիվ պատճառներ գտնել, թե ինչու է հակառակորդը ակտիվացել սահմանին, սակայն, ըստ նրա՝ հիմնավոր հնարավոր չէ ասել որն է իրական պատճառը։

«Պատճառը կարող է լինել ե՛ւ քաղաքական, որոշակի իրավիճակից բխող հարցեր, որն այսօր Ադրբեջանի ներսում կատարվում է ե՛ւ կարելի է դիտարկել որպես արկածախնդրություն։ Համենայնդեպս, ադրբեջանական մամուլը շատ կարճ հաղորդագրություն է տարածել, որ հայկական կողմն է սկսել, եւ իրենք ուղղակի պատասխանել են»,- ասաց փորձագետը։

Նրա խոսքով՝ պրակտիկան ցույց է տալիս, եթե իրոք հայկական կողմի մեղավորությունը լիներ, ադրբեջանական մամուլը այդքան կարճ հաղորդագրությամբ չէր բավարարվի, եւ մի մեծ աղմուկ կբարձրացներ։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031