Կառավարությունը մտադիր է «Գոլդեն Փելեսը» վաճառել ավելի քան 7,5 մլրդ դրամով կամ առնվազն 15 մլն դոլարով։
Հյուրանոցի առաջին աճուրդը, որը պիտի տեղի ունենար դեկտեմբերի 18-ին, չկայացավ։ Պատճառն այն էր, որ որևէ մեկը ցանկություն չհայտնեց մասնակցել դրան։ Թեև մինչ այդ խոսվում էր, որ դրսից հետաքրքրություններ կան, այնուհանդերձ հետաքրքրություններն այդպես էլ գործնական տեսք չստացան։
Երկրի ներսում նույնիսկ հետաքրքրություններ ներկայացնողներ չեղան։ Չնայած այնպես չէ, որ այդպիսի հնարավորություններ ունեցողներ չկան։
Հյուրանոցի համար գնորդ գտնելու ակնկալիքով՝ առաջիկայում հավանաբար կառավարությունը ևս մեկ անգամ աճուրդ կհայտարարի։ Բայց դրան զուգահեռ՝ արդեն խոսվում է այն պետության կողմից շահագործելու մասին։
Կարդացեք նաև
Նման խոսակցությունները, անշուշտ, պատահական չեն. կառավարությունում հավանաբար սկսել են հասկանալ, որ հեշտ չի լինելու գնորդ գտնել այդպիսի մի գույքի համար, որը վաղը վիճահարույց է լինելու։
Որքան էլ հայտարարվի, որ սեփականատերն ինքնակամ է այն նվիրաբերել պետությանը, դա քչերին կարող է համոզիչ թվալ։ Ու եթե «Բջնի» գործարանի պատմությունը կապված է հարկային պարտավորությունների չկատարման հետ, ապա այս դեպքում հայտնի չէ, թե իրականում ի՞նչ է թաքնված հայտարարվող «նվիրատվության» տակ։ Հետագայում շատ ավելի հեշտ է լինելու ասել, որ ստիպել են գնալ նման հարկադրված քայլի։ Այդ ժամանակ խնդիրների առջև է կանգնելու ոչ միայն պետությունը, այլև՝ նոր սեփականատերը։ Եվ սա այսօր դժվար չէ գիտակցել։
«Գոլդեն Փելեսը» դեռ առաջին ծիծեռնակն է։ Առաջիկայում ինչքան նման գույք կարող է ի հայտ գալ, եթե իրականանան կառավարության մտադրությունները՝ կապված անցումային արդարադատության և վեթինգի հետ։
Չհաշված դեռ գույքահարկը, որով նախատեսվում է ընդհուպ մինչև 8 անգամ ավելացնել հարկային բեռը։ Կասկած չկա, որ դրանից հետո քիչ չեն լինելու այն սեփականատերերը, ովքեր կանգնելու են այդ գինը վճարելու անկարողության առջև։
Սեփականության վերաբաշխումը, անկախ նրանից՝ արդարացի է, թե ոչ, միշտ էլ ցավոտ է լինելու։ Ու քչերը կգտնվեն, որ անցավ գլուխը կդնեն ցավի տակ։
Ոչ մեկը չի կարող երաշխավորել, թե ինչ կարող է լինել վաղը, և չի ստացվելու այնպես, որ մարդիկ հետ պահանջեն իրենց ունեցվածքը։ Այնպես, ինչպես այսօր անում է «Բջնի» գործարանի նախկին սեփականատերը։
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, ինչ-որ պահից այն, ուզած թե չուզած, չի լինելու, ու այն ժամանակ ջրի երես են ելնելու ոչ միայն կամավոր կամ պարտադիր պետությանը հանձնված գույքի, այլև ֆինանսական միջոցների «բռնագանձումների» հետ կապված մութ պատմությունները։ Այնպես չէ, որ այսօր մարդիկ լռում են, լռելու են նաև վաղը։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում