Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյուղերից խոպան գնացածներին պիտի հետ կանչեն, որ հանրաքվե՞ անեն. Իմ քայլականների նախագիծը՝ տեղական հանրաքվեի մասին

Դեկտեմբեր 19,2019 12:08

Այսօր Վարազդատ Կարապետյանի եւ Վահե Ղալումյանի Տեղական հանրաքվեի մասին եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխությունների մասին նախագիծն են ներկայացրել ԱԺ-ի քննարկմանը՝ արտահերթ նիստով: Զեկուցելով՝ Վարազդատ Կարապետյանն ասաց. «Կառավարությունը քննարկում է վարչատարածքային բաժանման մասին փոփոխությունը եւ ԱԺ-ն պետք է հնարավորություն ունենա լսել համայնքների կարծիքը: Դրա համար է այս նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է, հիմա փոփոխություններ է կրել»:

Նախագիծն այն մասին է, որ համայնքներում նախաձեռող խմբերը հնարավորություն ունենան տեղական հանրաքվեներ նախաձեռնել, դիմեն համայնքի ղեկավարին ու ավագանուն ֆինանսավորման համար, եթե կա ֆինանսավորում, հանրաքվեն անեն ու արդյունքները բերեն ԱԺ. «Օրենքով մի կողմից համայնքների միավորման մասին կարծիքը լսում ենք, բայց պետք է նաեւ լսենք համայնքներին: Բայց բարդացնում ենք տեղական հանրաքվեի մեխանիզմը՝ սահմանելով 50 տոկոսանոց մասնակցության շեմ: Այսինքն, տեղական հանրաքվեն կհամարեն կայացված, եթե ընտրացուցակներում առկա մարդկանց 50 տոկոսը մասնակցի դրան: Տեղական հանրաքվեն նաեւ ծախսատար գործընթաց է: Դրանով ասում ենք համայնքներին, որ պատրաստ ենք համայնքներին լսել, բայց պետք է ներկայացուցչական լինի այդ կարծիքը, ոչ թե ամեն առիթով համայնքները դիմեն այս գործընթացին: Համայնքների ղեկավարներին հնարավորություն է նաեւ տրվում տեղերում բաց քննարկումներ եւ լսումներ անցկացնել ու կարծիքը կցել»:

Վարազդատ Կարապետյանն ասաց, որ համայնքների մեծ մասի ավագանին սա արդեն ընդունել է: Նախագիծը պետաիրավական հարցերի հանձնաժողովում հավանության է արժանացել:

Վարազդատ Կարապետյանը նշեց, որ հասկանում են, տեղական հանրաքվեների ինստիտուտը կայացած չէ, բայց պետք է միջոցներ ձեռնարկեն՝ ժողովրդավարական այս գործիքը կիրառելի դարձնելու համար:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանն էլ հավելեց, որ սրանով հնարավորություն են ստեղծում միավորվող եւ առանձնացվող համայնքների կարծիքը լսելու համար, թե որքանով կկիրառեն այն՝ կերեւա հետագայում: Բայց այն, որ այս գործիքը պարտավոր էին ստեղծել՝ փաստ է: Բնակիչը պետք է հնարավորություն ունենա իր կարծիքն արտահայտելու:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը դժգոհեց՝ ինչի՞ եք բարդացնում հանրաքվե անելը՝ իմանալով, որ գյուղերի բնակիչների մեծ մասն արտագնա աշխատանքի է լինում ու չեն կարող ապահովել 50 տոկոս մասնակցություն: Սրանով արհեստական խնդիր է ստեղծվում: Նա առաջարկեց. «Միգուցե տվյալ համայնքի վերջին ընտրությանը մասնակցած մասնակիցների 50 %-ը ամրագրեինք: Մյուս կողմից անընդունելի է, երբ ասում են՝ լսենք համայնքների կարծիքը, բայց չենք ամրագրում, որ համայնքների կարծիքը պետք է լինի պարտադիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031