Լրահոս
Օրվա լրահոսը

Լոուքոսթերների առաջարկած էժան ավիատոմսերը լոտոյի պես մի բան են, որովհետև սկզբում մի քանի հատ էժան տոմսեր են վաճառում՝ ով հասցրեց առնում է. «Ժամանակ»

Դեկտեմբեր 19,2019 12:11

«WizzAir» բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականի ապրիլից թռիչքներ կիրականացնի Հայաստանից։ Ընկերության կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Անդրաս Ռադոն օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ սկզբնական փուլում թռիչքներ կատարելու են երկու ուղղությամբ՝ Վիեննա և Վիլնյուս, հետագայում ուղղությունները գուցե ավելանան։ Ուղևորներն ընկերության ավիատոմսերը կարող են ձեռք բերել միայն առցանց՝ սկսած 25 եվրոյից։ Անդրաս Ռադոյի տեղեկացմամբ՝ ընկերությունը ներկայում ունի 120 օդանավ և սպասարկում է աշխարհի 153 օդանավակայան՝ ներառյալ նաև Հայաստանը։

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում բյուջետային ավիաընկերությունների մուտք գործելը հայկական ավիացիոն շուկա՝ նշելով, որ որոշակի խավի ուղևորների համար դրանք հարմար տարբերակ են՝ մատչելի գնով ավիատոմս ձեռք բերելու համար, բայց միևնույն ժամանակ Պետրոսյանը մի քանի խնդիր է մատնանշում․

«Ամբողջ Եվրոպայում այդ լոուքոսթերների տենդենցը կա, բայց եվրոպական երկրներում մեկ կամ մեկուկես ժամանոց թռիչքներ են դրանք և այս տեսանկյունից լոուքոսթերները շատ հարմար ու էժան են, մինչդեռ Հայաստանից դեպի Եվրոպա թռիչքները չորս ժամից ավելի են տևում և անհարմար օդանավերով թռչելն այդքան էլ լավ չէ։ Բացի սրանից, լոուքոսթերների գալով՝ վտանգ կա, որ այն հիմնական մեծ ընկերությունները, օրինակ՝ «AirFrance»-ը, «AustrianAirlines»-ը և մյուսները կարող են հրաժարվել թռիչքներից այդ լոուքոսթերների լինելու պարագայում։

Ինչ վերաբերում է լոուքոսթերների առաջարկած էժան ավիատոմսերին, ապա դրանք լոտոյի պես մի բան են, որովհետև սկզբում մի քանի հատ էժան տոմսեր են վաճառում՝ ով հասցրեց առնում է, իսկ հետո, երբ այդ մի քանի հատը վերջանում է՝ սկսում են շատ ավելի թանկ տոմսեր վաճառել»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում շեշտեց Շահեն Պետրոսյանն ու այս համատեքստում հավելեց նաև․

«Օրինակ ԱՄՆ լոուքոսթերով չես կարող թռչել, որովհետև նրանք connection չեն անում, այսինքն՝ օրինակ «AirFrance»-ով Երևանից Փարիզ կարող ես թռչել, այնտեղից էլ կարող ես շարունակել դեպի Միացյալ Նահանգներ կամ այլ երկիր թռչել, բայց լոուքոսթերները նման ծառայություն չեն տրամադրում, նրանք չունեն այդ հնարավորությունը և վայրէջք են կատարում երկրորդական, երրորդական օդանավակայաններում, որտեղից այլ տեղ գնալը հնարավոր չի լինում, հիմնական ընկերությունները այդտեղից թռիչքներ չեն իրականացնում»։

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031