Լրահոս
Օրվա լրահոսը

Կինը խնդրում է պարզել, թե հնարավո՞ր է, որ իր հետ էլ են նույն բանն արել, եւ իր երեխան հիմա ողջ ու առողջ է. «Հրապարակ»

Դեկտեմբեր 19,2019 11:01

Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ «ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը»։ Այս լուրի հրապարակումից անմիջապես հետո խմբագրություն զանգահարեց մի կին՝ խնդրելով պարզել, թե հնարավո՞ր է, որ իր հետ էլ են նույն բանն արել, եւ իր երեխան հիմա ողջ ու առողջ է։

Մարինե Գրիգորյանի պատմությունը որքան հուզիչ է, նույնքան էլ՝ ողբերգական։ Նա պատմեց, որ 2011 թվականի հուլիսի 10-ին՝ հղիության 7-րդ ամսում, իր առողջական վիճակը կտրուկ վատացել է, իրեն տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց՝ Պլանի գլխի, եւ ասել, որ անհապաղ պետք է վիրահատություն անեն։ Կեսարյան հատմամբ ծնվել է որդին՝ Գրիգորը.

«1-ին հիվանդանոցում բավարար տեխնիկական պայմաններ չլինելու պատճառով երեխային տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց։ Այնտեղ ասում են, որ երեխան լավ չի, իրեն ակվարիումի մեջ են պահում։ Փոքր է ծնվել՝ 1 կգ 300 գրամ։ Դրանից հետո, երբ ես հիվանդանոցից դուրս գրվեցի, այդ ընթացքում, իհարկե, ծնողներս, ամուսինս գնացել հետաքրքրվել են՝ երեխան անտարբերության մատնված չի եղել, միայնակ չի եղել, բայց իրենք միշտ պնդում էին, որ երեխան լավ չի աճել, պուճուր է, թույլ է։ 1 ամիս հետո ես հիվանդանոցից դուրս եմ գրվել, գնացել եմ երեխայի մոտ, տեսել եմ երեխային, նորմալ շարժվում էր, աչքերը բացում-փակում էր, ինչպես բոլոր երեխաները, նորմալ ուտում էր։ Ուտելիք, տակաշորեր էինք տանում իր համար։ Դրանից հետո ինչ-որ հետազոտություններ, ստուգումներ էին արել, ասացին՝ երեխան լավ չի աճել, լավ չի ձեւավորվել, ուղեղի խնդիր ունի, իրենք չպետք է դուրս գրեն հիվանդանոցից։ Ասացինք՝ նորմալ է, պահեք հիվանդանոցում, ինչքան պետք լինի, կվճարենք, ասացին՝ վճարելու կարիք չկա, ուղղակի երեխան այնպիսի խնդիրներ ունի, որ դուք իրեն չեք կարող մեծացնել, ձեր երեխան բույսի նման է լինելու։ Ուղեղը նորմալ չի զարգանում, իր տարիքի համեմատ մի քանի տարի փոքր է մնալու, դուք պետք է հրաժարվեք երեխայից, մենք այդ առողջությունով երեխային հիվանդանոցից դուրս չենք գրի։ Ես հոգեբանորեն շատ վատ վիճակում եմ եղել, սկեսրայրս էլ մի քիչ խիստ մարդ էր, ասաց՝ ես այդպիսի թոռ չեմ ուզում, դա հիվանդ է, երեխա չի, ամբողջ կյանքներդ կդատապարտվեք եւ այլն։ Սխալ եմ եղել, թե ճիշտ՝ այդ ժամանակ ստորագրել եմ, հրաժարվել եմ երեխայից՝ ծննդաբերությունից մոտ 3 ամիս անց»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031