Հայ ազգը միշտ դժվարությամբ է կերտել իր ճանապարհը: Սա է հայի ճակատագիրը: Մենք ցեղասպանությունից փրկված ազգ ենք եւ պետք է գնահատենք այն մարդկանց, ովքեր իրենց մեծ ու փոքր գործերով նպաստում են հայապահպանման գործունեությանը: Այդպիսի հայորդիներից են «Երեւանշին» ՍՊ ընկերության ղեկավար, խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պետական մրցանակի դափնեկիր Վազգեն Պողոսյանը (նկարում) եւ Հայաստանի շինարարների միության նախագահ, «Հորիզոն 95» ընկերության նախագահ, Ճարտարապետների միության պատվավոր անդամ, ՌԴ վաստակավոր ինժեներ Գագիկ Գալստյանը: Այս երկու պայծառ մարդկանց կատարած աշխատանքներն այնքան շատ են, որ դրանք թվարկելը պարզապես անհնար է:
«Երեւանշին» ընկերության կողմից 2001թ.-ին քրիստոնեության 1700-ամյակին կառուցվեց Երեւան քաղաքի կենտրոնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Հանրապետության հրապարակը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքը, հիվանդանոցներ Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքում Գերմանական կարմիր խաչի կողմից եւ այլ տասնյակ մնայուն արժեքներ: Ընկերությունները օգնության ձեռք են մեկնել նաեւ այն մարդկանց, ովքեր ունեցել են նրանց աջակցության կարիքը: Նպաստել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպմանը, միջազգային ճանաչման գործընթացին եւ պատմական արդարության վերականգնմանը:
«1.500.000+1» Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ համահայկական կազմակերպությունը, պահպանելով իր ավանդույթները, գնահատում եւ պարգեւատրում է այսպիսի հայորդիների: «1.500.000+1» Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ համահայկական խորհրդի որոշմամբ «Ավետիս Ահարոնյան» հուշամեդալով եւ պատվոգրերով պարգեւատրվեցին Վազգեն Պողոսյանը եւ Գագիկ Գալստյանը, որոնք իրենց անմիջական աջակցությունն են ցուցաբերել նաեւ կառույցին: Այդպիսի հայերը մշտապես արժանի են մեծ հարգանքի:
«Առավոտ» օրաթերթ
18.12.2019