Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ԱՊՀ երկրների միակ մասշտաբային երիտասարդական ստուգատեսն է»

Դեկտեմբեր 19,2019 13:00

Հայկական ազգային Դելփյան խաղերի կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանը ավելի լուրջ մոտեցում է ակնկալում:

– Մ.թ.ա. 5-րդ դ. Հունաստանում սկիզբ առած Դելփյան խաղերը, որ հասել են մինչեւ մեր օրերը, ենթարկվել են փոփոխությունների: «Նոր ժամանակներում»՝ 1999թ. Մոսկվայում կայացան ԱՊՀ երկրների երիտասարդական առաջին Դելփյան խաղերը, որի 20-ամյակին էլ նվիրված էին օրերս Մոսկվայի մարզում 14-րդ անգամ անցկացվող խաղերը: Ի դեպ, Հայաստանը առաջին, առայժմ միակ անգամ Դելփյան խաղերի մասնակիցներին կամ պատվիրակություններին ընդունել է 2010թ.: Պարոն Զաքյան, խնդրում ենք ներկայացնել մեր երիտասարդ արվեստագետների հաջողությունները:

– Այս տարի վեց անվանակարգ էր՝ ջութակ, դաշնամուր, ակադեմիական երգ, ժողովրդական երգ, էստրադային երգ եւ, այսպես կոչված՝ բաց անվանակարգ, որտեղ ընդգրկված էին պարարվեստ, տարբեր կազմերով անսամբլային կատարումներ եւ այլն: Հայաստանը 35 արվեստագետներով մասնակցեց բոլոր անվանակարգերին: Նվաճեցինք 2 արծաթե մեդալ՝ 19-25 տարիքային խմբում, մրցանակակիրներն են դաշնակահար Տիգրան Պետրոսյանն ու ժողովրդական երգ անվանակարգում՝ Ելենա Շողունցը: Նույն տարիքային խմբում բրոնզե պարգեւի արժանացան ջութակահարուհի Անի-Աղավնի Խառատյանը եւ ակադեմիական երգեցողություն անվանակարգում՝ Նավասարդ Հակոբյանը: Բրոնզե մեդալակիրներ ունեցանք նաեւ 14-18 տարեկանների խմբում. բաց անվանակարգում՝ քանոնահարուհի Լիլիթ Պետրոսյան, ջութակահարուհի Պոլինա Շարաֆյան եւ ժողերգ անվանակարգում՝ Հովհաննես Սարգսյան:

Բրոնզե մեդալակիր, քանոնահարուհի Լիլիթ Պետրոսյանի ելույթը Դելփյան խաղերի գալա համերգում:

– Գիտենք, որ տարբեր անվանակարգերի ժյուրիի կազմում աշխատել են նաեւ հայ երաժիշտներ:

– Այո, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ՝ ջութակահար Գագիկ Սմբատյան, դաշնակահար Գեորգի Ավանեսով, ժողովրդական երգչուհի Մարգարիտ Շահինյան, Ազգային օպերային թատրոնի Երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյան, էստրադային երգիչ, Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյան: Նշեմ, որ մեր պատվիրակության մասնակցությանը աջակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Արցախի մշակույթի նախարարությունը, Տաղանդավոր երիտասարդների զարգացման հիմնադրամը եւ ուրիշներ:

Հայկական Քոչարին Գալա համերգում:

– Դելփյան նախորդ խաղերից, որ կայացան 2017թ. Եկատերինբուրգում, վերադարձաք անհամեմատ մեծ ավարով՝ 7 ոսկի, 6 արծաթ, 4 բրոնզ……

– Այս տարի էլ, ձեր խոսքով՝ մեր ավարը փոքր չէ: Հայաստանը մեդալների քանակով 3-րդ հորիզոնականում էր՝ զիջելով Ռուսաստանին եւ Ղազախստանին: Ընդ որում, այդ երկրները ներկայացել էին մասնակիցների անհամեմատ մեծ կազմով:

– Մինչ պատվիրակության մեկնելը մեզ վաղուց հասել էր տեղեկություն, որ այս անգամ Հայաստանի՝ Դելփյան խաղերին մասնակցությունը մեծ հարցականի տակ է: Ի՞նչն էր պատճառը:

– Մասնակից երկրների (Տաջիկստան, Ուզբեկստան, Ղազախստան եւ այլն) գերակշիռ մասը խաղերին ներկայացել էին պաշտոնյաների, այդ թվում՝ պատգամավորների կամ կոմպոզիտորների միության նախագահների ուղեկցությամբ, ավելին, օրինակ՝ Մոլդովայի պատվիրակության ղեկավարը երկրի նախագահի խորհրդականն էր: Պատվիրակությունների կազմում էին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Խաղերի ավարտից հետո մրցանակակիրներին իրենց երկրներում ընդունել են կառավարության անդամներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ: Կարծում եմ, թե ժամանակն է, որ գալիք Դելփյան խաղերի ոչ միայն մրցանակակիրները, այլեւ մասնակիցները արժանանան նման ուշադրության, քանի որ ԱՊՀ երկրների Դելփյան խաղերը անցկացվում են կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ եւ, ըստ էության, սա ԱՊՀ երկրների միակ մասշտաբային երիտասարդական ստուգատեսն է: Խաղերի արդյունքները ինչպես ԱՊՀ տարածքում, այնպես էլ մեր երկրում, պետք է դիտարկել որպես երիտասարդների մշակութային ձեռքբերումներ:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031