Դեկտեմբերի 18-ը բանաստեղծ ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ ծննդյան օրն է, այս տարի նա կդառնար 70 տարեկան։ Երկուսիս նամակագրությունից ծնվեց այս անավարտ զրույցը։ «Հարցազրույցը հետաքրքիր է ստացվել, մի քանի անպատասխան հարցերի պատասխան եմ գրել։ Կարծում եմ՝ կարելի է շարունակել, ավելի ընդգրկուն դարձնելու համար։ Ինչ-որ պակաս եմ զգում, ուղղակի ամենատարբեր, նույնիսկ անհեթեթ թվացող հարցեր։ Խոսենք էլի միասին, երկար գիշեր է դեմներս…»։ Սա բանաստեղծ Ղուկաս Սիրունյանի՝ ինձ հասցեագրած նամակի տողեր են։ Այդ պատասխանները չստացվեցին, իսկ 2017 թվականին Վիսբադեն հասավ տխուր լուրը, որ կյանքին հրաժեշտ է տվել նա։
– Ե՞րբ ես գրել առաջին բանաստեղծությունդ, ինչպե՞ս է մեջդ ծնվում բանաստեղծությունը, ի՞նչ ես ուզում ասել քո բանաստեղծությամբ։
– Առաջին բանաստեղծությունն ինձ թվում է՝ չեմ գրել։ Ավելի ճիշտ՝ որքան հիշում եմ, անհունորեն կարոտել եմ մորս, որ գյուղի կանանց հետ գնացել էր քաղաք՝ շուկա, ու երեք օր չի եկել։ Ես 5-6 տարեկան էի, լացով խոսում էի բացակա մորս հետ, որ չէր գալիս, եւ այդ լացախառն խոսքը երգ էր ու բանաստեղծություն… Այսինքն, ես այդպես պատմում էի իմ վիշտը, սերը, իհարկե, իմ մասին։
Բանաստեղծությունը մարդու պատմությունն է։ Խնդիրն այն է, թե ով ինչպես է պատմում։ Ես գրում եմ, երբ բան ունեմ պատմելու։ Մոտավորապես այն դեպքի մասին, երբ թեքվում ես ընկերոջդ ականջին մի բան ասելու։ Պիտի հետաքրքիր բան լինի ասելիքդ, որ ոչ քո աշխատանքը զուր լինի, ոչ էլ ընկերոջդ զուր տեղը չզբաղեցնես, որովհետեւ, գուցե նա այդ պահին իր տան մասին է մտածում, կամ սիրածի, կամ քար ու ցեմենտ ճարելու, ով գիտե։ Ամեն դեպքում պիտի ասածդ նրա մտածումի չափ գոնե արժեք ունենա։ Հետո, խոստովանեմ՝ շատ հաճախ ես չգիտեմ, թե ինչ եմ գրելու, բայց մի անզուսպ ցանկություն կա թղթին մոտենալու։ Առաջին բառից հետո մնացածը գալիս, շարվում է։ Իսկ անթիվ անհամար անգամ օրվա մեջ այնպես, մտքումս գրում եմ, հյուսում ու անցնում գնում։ Դրանք սովորաբար մոռացվում են, բայց բանաստեղծություններ են՝ գրածներիցս ոչ պակաս։
– Դու ասում ես, որ բանաստեղծությունը մարդու պատմությունն է, ուրեմն բանաստեղծը այդ ձեւով ստեղծում է իր աշխարհը, թե ընթերցողի առաջ բացում է իր հոգու աշխարհը։ «Փոքրիշատե արժեքավոր որեւէ արվեստագետ չի կարող չհենվել իր մեծ նախորդների փորձին», Սեւակ։ Ումի՞ց դու ազդվեցիր, ումի՞ց սովորեցիր։
– Ես չեմ կարող ասել, որ ազդվել եմ որեւէ գրողից։ Ես մեղվի նման վերցրել եմ նրանցից ինչ կարողացել եմ։ Խոստովանեմ, ինձ համար միայն հանճարները չեն ընդունելի, հանճարեղ բաներ տեսել եմ նաեւ քիչ հանրաճանաչ հեղինակների մեջ։ Առաջին գիրքը, որ կարդացել եմ ծայրից-ծայր, առաջին դասարանի ավարտին է եղել, դպրոցը պարգեւատրեց ինձ Ջանի Ռոդարիի «Ապենիններից մինչեւ Անդեր» գրքով։ Մարկոյի մայրը գնում է Ամերիկա փող աշխատելու, ընտանիքի հոգսը թեթեւացնելու։ Անցնում են տարիներ, մի օր էլ փողը կտրվում է… Մարկոն գնում է մորը փնտրելու եւ տեսնում է նրան մահամերձ հիվանդ։ Այդ պատմվածքը ես կարդացել եմ բարձրաձայն հորս ու մորս համար՝ լացացնելով խեղճերին։ Հետագայում դա կրկնվեց Գիքորի դեպքում։
– Վիսբադենի քաղաքային գրադարանում աչքի անցկացրեցի «Հերման Հեսսեի կյանքը լուսանկարներում» գիրքը։ Յուրօրինակ գիրք է։ Մտածե՞լ ես քո կենսագրությունը գրել ոչ սովորական, այլ՝ յուրօրինակ ձեւով։
-Այո, սիրելիս, մասամբ արդեն գրել եմ։ «Նարցիս» ամսագրում տպեցի «Իմ Թվերը» բանաստեղծությունների շարքը։ Այն լույս կտեսնի գրքիս մեջ (այդ շարքը լույս է տեսել բանաստեղծի՝ 2007 թ. լույս տեսած «Վերջին խոսքի պես» գրքում, Լ.Բ.-Ա.)։ Մտադիր եմ այն ընդարձակել եւ դարձնել առանձին գիրք, ուր կլինի ողջ կյանքս՝ իմ ծնունդից առաջ եւ իմ ֆիզիկական գոյությունից հետո անգամ։ Տեսնում ես, ընկերդ Հեսսեից պակաս մտածող չէ։
– Ի՞նչ երաժշտություն ես սիրում, նվագո՞ւմ ես որեւէ գործիք, ի՞նչ երաժշտություն է շարունակ հնչում հոգուդ խորքում։
-Հարցնում ես՝ ի՞նչ գործիք եմ նվագում։ Ոչ մի։ Մանկությանս տարիներին մի դաշնամուր բերեցին դպրոց, երեխեքն արագորեն կերան։ Մեր երաժշտության դասատուն մի մանդոլին ուներ, որի լարերն էր ուղղում դասի կեսը, մյուս կեսն էլ սովորեցնում էր «Լենին դու կյանք ես հարակեզ» եւ ձեռքի հսկայական կամերտոնը շպրտում դասարանի վրա։ Ի՞նչ երաժշտություն է հնչում հոգումս։ Չգիտեմ, բայց հնչում է հիմնականում կյանքի, զվարթ մի բան։ Եթե չի հնչում, մեռած եմ։ Հիմա, օրինակ, հնչում է ինչ-որ անըմբռնելի, մեղմ ձայների համանվագ, օրվա մեջ շարունակ… որոնք ամբողջանում են սիրած կնոջ ձեւերով, դեմքով, այսինքն՝ սիրած կնոջ ներկայությունն է մեջս…
– Կինը հավերժական թեմա է պոեզիայում։ Դու էլ ունես այդ շարքի գեղեցիկ բանաստեղծություններ (Հուզաժամեր՝ «Տապանի վրա» գրքում)։ Հուսանք, թե նորերն էլ կծնվեն։ Հիշո՞ւմ ես առաջին սիրուդ։
– Առաջին սեր ասածը լավ չեմ հասկանում։ Բայց քսան տարեկանում սիրել եմ մեկին, որի սիրուց տարիներ շարունակ արտագրում էի… Այնքան եմ սիրել այդ աղջկան, որ շուրջ 40 տարի անց հիշում եմ նրա կոշիկները մի քանի զույգ, վերարկուները, մնացած զգեստները, երբ չգիտեմ, թե կինս այսօր ինչ շոր ունի հագին։
– Ասացիր՝ տանդ շինարարությունն ավարտեցիր, երեւի հայացքդ ամեն շար քարին թողեցիր կամ պատերի հետ հայացքդ բարձրացավ մինչեւ քիվն ու տանիք։ Արդյո՞ք այդ տեսքով էր քո երազած տունը, թե «բանաստեղծների երազներում ապրում է մի սիրունություն, թովչանք, որն իրական կյանքի Բաներում մարդ իզուր է որոնում», Հ. Հեսսե։
Մեզ՝ բոլորիս այնպես է թվում, թե մեր իսկական կյանքը նոր կսկսենք, եթե այս կամ այն արգելքը հաղթահարենք, ծագած խնդիրը լուծենք, մինչդեռ մենք զբաղված այդ ամենը լուծելով, կյանքն անցնում է։
– Վախենամ, թե երբեք չտեսնեմ իմ երազած տունը, ու ամենալավ տունս մնա դարձյալ բանաստեղծության տունը։ Այնպես որ, Հեսսեի միտքը շատ ճիշտ ես ընտրել։ Կյանքն անցնում է, կամ մենք ենք անցնում՝ ամեն օր իբրեւ թե մի հարց ու խնդիր լուծելով, մի արգելք հաղթահարելով: Սա նման է փոքրիկ մարտեր մղելուն՝ կարեւոր եւ անկարեւոր, երեւութական ու աներեւույթ թշնամիների դեմ։
– Հարազատների, սիրելիների կորուստներով շարունակ ամայանում է մեր կյանքը։ Որքան իրենք պոկվում, հեռանում են մեզանից, այնքան մենք մոտենում ենք իրենց։ Բայց դարձյալ տխրում ենք, որ այդ հեռվի ու մոտի արանքում կարոտ ենք մնում իրենց հետ շփվելու վայելքին։ Ինչպե՞ս կբացատրես մեկնումի զգացողությունը։
– Չնայած իմ պարագայում ասեմ, որ այդ կորստյան զգացողությունը միշտ ունեցել եմ։ Մահը ես ընկալել եմ եղունգի շարունակություն եւ ուրիշ ոչինչ։ «Տապանի վրա» գրքումս մի բանաստեղծություն ունեմ՝ «Ծննդավայր», վերջն այսպես է.
…Հնձած.հնձած, ամեն ինչ հնձած
եւ ես այդպես տեսա, քանի որ հասուն եմ արդեն,
անասանելիորեն հոգնած եւ աչքս արել է
մի փոքրիկ սրտառուչ, թափուր տեղի՝
պապիս, հորս եւ մյուսների կողքին՝
այս երկնքի հավերժական պատի տակ։
Սա գրելիս հիշում եմ հուզմունքից լաց եղա։ Այդ ժամանակ ես բավական ջահել էի եւ հայրս էլ կար։ Իսկ ահա մեկնումի զգացողությունը ես ունեցա, ինչպես տոնի, մերոնց հետ հավերժության մեջ լինելը զգացի իբրեւ տոն։ Այդ գրելուց հետո ես գնացի մեծ զվարճության։ Զվարթությունն ու կսկիծը՝ ինչպես գիշերն ու ցերեկը, պիտի ապրել:
Զրույցը՝ Լիզա ԲԵՐՔՅԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ
Գերմանիա, Վիսբադեն
«Առավոտ» օրաթերթ
18.12.2019