Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան-Պուտին հարաբերությունները կշարունակեն մնալ ջերմ

Դեկտեմբեր 19,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ըստ թուրքագետ Հայկ Գաբրիելյանի՝ Պուտինն ու Էրդողանը սկսել են ավելի շատ առաջնորդվել իրենց անձնական շահերով

-Պաշտոնական Անկարան պնդում է, որ ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին քննարկումները չեն ազդի S-400-ների հարցով Անկարայի ծրագրերի վրա, կշարունակեն այդ համակարգերի տեղադրումը: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիան չի հրաժարվի ռուսական S-400 համակարգերից հանուն ամերիկյան Patriot-ների: «Այս էջը փակ է: Բայց եթե ԱՄՆ-ն հարմար պայմաններ առաջարկի, մենք կգնենք նաեւ նրանց համակարգերը, որովհետեւ ցանկանում ենք ավելի բազմազան դարձնել մեր ՀՕՊ համակարգերը»,-ասել էր Էրդողանը: Ո՞ր կողմը կարող է զիջել այս պայմաններում, կամ՝ ինչի դիմաց կարող են համաձայնության գալ Վաշինգտոնն ու Անկարան:

– Էրդողանը մոտ ժամանակներս հազիվ թե հետքայլ կատարի S-400 համակարգերի հարցում, սակայն նրա կողմից, այսպես ասած, զիջումն այն է, որ նա համաձայնվել է գնել նաեւ Patriot համակարգեր, որոնք բնականաբար կմիացվեն ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգին, ի տարբերություն S-400 համակարգերի, որոնք գործելու են առանձին։ Այդ կերպ նա փորձում է մեղմել ԱՄՆ-ի դիրքորոշումը, խույս տալ ամերիկյան պատժամիջոցներից, բայց դա չի հաջողվի նրան։ ԱՄՆ-ը քանիցս հայտարարել է, որ անհնար է համարում Թուրքիայի տարածքում միաժամանակ ռուսական S-400 համակարգերի եւ ամերիկյան F-35 կործանիչների համագոյակցությունը (քանի որ այդ դեպքում ամերիկյան ինքնաթիռները խոցելի կդառնան ռուսական հետախուզության համար), եւ որ այս հարցում ընտրությունը Թուրքիայինն է։ Ես կասեի, որ առավել ճշգրիտ ասած՝ ընտրությունն Էրդողանինն է, որն էլ այդ հարցում կատարել է իր ընտրությունը եւ ցույց է տվել, թե որն է այն։

– ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել են, որ անհանգստացած են Թուրքիայի կողմից C-400-ների գնման խնդրով, C-400-ների հարցում Արեւմուտքի դիրքորոշումը ընկալելի է. եթե Թուրքիան ցանկանում է մնալ ՆԱՏՕ-ում՝ պետք է ազատվի C-400-ներից: Պարոն Գաբրիելյան, ո՞րն էր պատճառը, որ Անկարան գնաց ՌԴ-ի հետ գործարքին՝ վնաս հասցնելով թուրք-ամերիկյան հարաբերություններին:

– Գլխավոր պատճառը ես կապում եմ 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի (ՌՀՓ) հետ, որի կազմակերպման համար Էրդողանը շարունակում է կասկածել ԱՄՆ-ին եւ չվստահել նրան։ Միեւնույն ժամանակ՝ որոշակի տվյալներով, Էրդողանը ՌՀՓ-ի մասին իմացել է Վլադիմիր Պուտինից եւ մեծապես վստահում է նրան։ Մենք հիշում ենք, որ Էրդողանի ինքնաթիռը ՌՀՓ-ի ժամանակ մի կերպ է խույս տվել ՌՀՓ-ի կազմակերպիչների ավիացիայից (ամերիկյան F-16 կործանիչներ), որը նաեւ ավիահարվածներ է հասցրել Թուրքիայի խորհրդարանի, ազգային հետախուզական կազմակերպության, նախագահական նստավայրի ուղղություններով։ Ելնելով այս ամենից (եւ ոչ միայն)՝ կարծում եմ՝ Էրդողանը նախապատվությունը տվեց S-400 համակարգերին, քանի որ վստահում է Պուտինին, քանի որ ռուսական այդ համակարգերը ամերիկյան F-16 կործանիչները ճանաչում են որպես օտար, մինչդեռ ամերիկյան Patriot համակարգերը F-16-ներին ճանաչում են որպես յուրային։

Ըստ իս՝ պատճառը հենց սա էր, որ Էրդողանը համառություն ցուցաբերեց S-400 համակարգերի հարցում, գնեց դրանք եւ հիմա էլ փորձարկում է դրանք՝ չնայած ամերիկյան կողմի զգուշացումներին։ Հենց դրա համար էլ ռուսական համակարգերը առաջին հերթին տեղակայվում են Անկարայում, ուր գտնվում է Էրդողանի նստավայրը։ Մինչդեռ 2015թ. Թուրքիան չեղարկել էր մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների մրցույթի (T-LORAMIDS) արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել էր ԱՄՆ պատժամիջոցների ներքո գտնվող չինական CPMIEC ընկերությունը, ինչը հարուցել էր ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դժգոհությունը։

Սա էլ նկատենք, որ 2015թ. Թուրքիան հրաժարվեց չինական համակարգերից, երբ դեռ գոյություն չուներ CAATSA-ն («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք), մինչդեռ հիմա ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է դրանով, սակայն Էրդողանը չի զիջում համառորեն։ Եվ վերջում նշենք երկու ժամանակավոր գործոն. ա) Թուրքիայի կողմից ռուսական S-400 համակարգեր գնելու հարցն օրակարգում հայտնվեց ՌՀՓ-ից մի քանի ամիս անց (2016թ. աշնանը), բ) Թուրքիան T-LORAMIDS-ը հայտարարել է 2009թ. եւ կարելի է ասել, որ չէր շտապում այդ հարցում 2009-2016թթ., սակայն, չգիտես ինչու, ՌՀՓ-ից հետո սկսեց շտապել եւ մոտ 3 տարում լուծեց խնդիրը։ Թուրքիան ռուսական S-400 համակարգերը ստացավ 2019թ. հուլիսի 12-ին։ Այս ժամկետը նույնպես կարեւոր է երկու առումով՝ ա) ռուսական համակարգերը ստացվեցին ՌՀՓ-ի եռամյակից առաջ, բ) 1947թ. հուլիսի 12-ին ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ կնքվել է առաջին ռազմական համաձայնագիրը (ըստ իս՝ սա Էրդողանի կողմից ԱՄՆ-ին հասցեագրած խոսուն ուղերձ է)։

– Դառնանք ռուս-թուրքական հարաբերություններին: Պուտին-Էրդողան երկկողմ հանդիպումների, շփումների պակաս չկա: Այս հարաբերությունները կարելի՞ է աննախադեպ ջերմ բնութագրել, ո՞ր փուլում են ռուս-թուրքական հարաբերությունները, ի՞նչ խնդիրների շուրջ չեն դեռեւս համաձայնության գալիս Մոսկվան ու Անկարան:

– Ես, բնականաբար, չեմ հաշվում նրանց շփումների թիվը, դա անում է մամուլը, որը վերջերս ներկայացրեց այսպիսի տվյալներ. ՌՀՓ-ին հաջորդած 39 ամսում Պուտինն ու Էրդողանը միմյանց հետ շփվել են 69 անգամ, որից 24-ը՝ երկկողմ հանդիպումների, իսկ 45-ը՝ հեռախոսազրույցների միջոցով։ Բնականաբար, սա վկայում է նրանց մերձեցման մասին, ինչի հիմքում ընկած են մի շարք գործոններ եւ հատկապես այն, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից, եւ որ արտատարածաշրջանային ուժերն անելիք չունեն այստեղ (Սիրիայի օրինակը)։

Իմ կարծիքով՝ երկու երկրների առաջնորդների այս ջերմացումը պայմանավորված է նաեւ նրանով, որ նրանք սկսել են գնալով ավելի շատ առաջնորդվել իրենց անձնական (սեփական) եւ ոչ թե իրենց երկրների պետական շահերով (ինչպես նշեցի, Էրդողանը S-400 համակարգերի հարցում առաջնորդվում է անձնական շահերով, մինչդեռ Թուրքիայի պետական շահը պահանջում է ՆԱՏՕ-ի գծով դաշնակից ԱՄՆ-ից գնել Patriot համակարգեր, չզրկվել հինգերորդ սերնդի F-35 բազմանշանակ կործանիչներից եւ չստանալ ամերիկյան պատժամիջոցներ, որոնց հետեւանքները երկրում կարող են զգալ միլիոնավոր, եթե ոչ տասնյակ միլիոնավոր անձինք)։ Այնպես, որ Էրդողան-Պուտին հարաբերությունները կշարունակեն մնալ ջերմ։ Մյուս կողմից՝ սա ամենեւին չի նշանակում, թե կողմերի միջեւ չկան տարաձայնություններ։ Դրանք բազմաթիվ են՝ սկսած Ղրիմից մինչեւ Սիրիա եւ Լիբիա, Հարավային Կովկաս ու Կենտրոնական Ասիա։ Սա վկայում է, որ անգամ Պուտին-Էրդողան հարաբերությունները կարող են ընթանալ վայրիվերումներով։

– Եվ վերջում՝ Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ մեկ հարց: Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի եւ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից ստեղծվելիք նոր կուսակցությունների թեմաներով կուլիսային խոսակցություններ են շրջանառվում: Այս գործիչները իրական մրցակից կարո՞ղ են դառնալ Էրդողանին, նրանց քաղաքական հեռանկարներն ինչպե՞ս եք գնահատում:

– Իհարկե, Էրդողանի համար լավ է, որ այդ երեք գործիչները որոշակի տեղեկություններով չեն կարողանում միավորել իրենց ջանքերը, մասնավորապես նշվել է, որ Բաբաջանը մերժել է Դավութօղլուի հետ համագործակցությունը եւ որոշել է հիմնել առանձին կուսակցություն։ Այս հանգամանքը զգալիորեն կնվազեցնի նորաստեղծ այդ կուսակցությունների կողմից 10 տոկոսանոց ընտրաշեմը հաղթահարելու հնարավորությունը, մինչդեռ եթե այդ առաջնորդների կողմից ստեղծվեր մեկ միասնական կուսակցություն, ապա նման բարձր (ԵԽ-ում ամենաբարձր) ընտրաշեմի հաղթահարումը կլիներ ավելի իրատեսական։

Ինչեւէ, անգամ այդ կուսակցությունների ստեղծումը բավական վտանգավոր կլինի Էրդողանի համար, ով, ի դեպ, 2014թ. եւ 2018թ. նախագահական ընտրությունների առաջին փուլերում հաղթել է ոչ վստահ ձեւով՝ հավաքելով քվեների մոտ 51,7 տոկոսը (գրեթե նույն պատկերն էր 2017թ. ապրիլին սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքվեի ժամանակ)։ Հաշվի առնելով, որ կուսակցությունները ստեղծվելու են Էրդողանի նախկին կուսակիցների կողմից՝ կարծում եմ, որ Էրդողանն ու նրա կուսակցությունը (ԱԶԿ) քվեների որոշակի կորուստ կունենան հենց իրենց ընտրազանգվածից. այն բաժին կընկնի նորաստեղծ կուսակցություններին։ Արդյունքում գրեթե կբացառվի 2023թ. սահմանված նախագահական ընտրությունների առաջին փուլում Էրդողանի հաղթանակը։

Իսկ 2023թ. Թուրքիայում նշելու են այդ երկրի ստեղծման 100-ամյակը, եւ Էրդողանը նպատակամղված է ամեն գնով հաղթել դրանցում (նա կարող է վերստին սահմանել արտահերթ ընտրություններ)։ Այնպես, որ կուսակցությունների ստեղծման դեպքում Բաբաջանը եւ հատկապես Դավութօղլուն կլինեն Էրդողանի թիրախում։ Բաբաջանի կուսակցությունը հանդես է գալու որպես եվրոպամետ ուժ, մինչդեռ Դավութօղլուի կուսակցությունը քվեների առումով կարող է ավելի շատ վնասել Էրդողանին ու ԱԶԿ-ին, քանի որ այն միտված է լինելու նաեւ իսլամամետ ընտրազանգվածի քվեները ստանալուն։ Եվ վերջում կցանկանայի նշել, որ Դավութօղլուն շատ մեծ ռիսկի է դիմում Էրդողանին դեմ գնալու առումով։ Կուսակցության ստեղծումից հետո նրան կարող են մեղադրել գյուլենական լինելու մեջ (ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հրապարակել էին գյուլենականների հետ Դավութօղլուի նկարը)։

Բացի այդ, Դավութօղլուն կարող է մեղադրվել 2015թ. նոյեմբերի 24-ին Սիրիայի հետ սահմանին ռուսական Սու-24Մ ռմբակոծիչը կործանելու մասին հրաման արձակելու համար (Թուրքիայի՝ տվյալ ժամանակվա Սահմանադրության համաձայն, Գլխավոր շտաբի պետն ուղիղ ենթակա էր վարչապետին՝ Դավութօղլուին)։ Ի դեպ, ինքնաթիռային միջադեպից հետո Դավութօղլուն հրապարակավ խոստովանեց, որ հենց ինքն է կարգադրել ոչնչացնել սահմանախախտ ինքնաթիռը, սակայն ամիսներ անց հետ կանգնեց իր իսկ խոսքերից՝ նշելով, որ ինքնաթիռը Թուրքիայի օդային սահմանը խախտել է 17 վայրկյանով, եւ որ ինքը չէր կարող այդ ընթացքում արձակել նման հրաման. նա, մասնավորապես հայտարարել էր, որ նախ օդաչուն օդային սահմանի խախտման միջադեպի մասին հայտնում է ՌՕՈՒ-ի հրամանատարին, ով իր հերթին դրա մասին հայտնում է ԳՇ պետին, ով էլ կապ է հաստատում իր (վարչապետի) հետ, եւ ինքը հրահանգում է հարվածել։

Դավութօղլուն այստեղ «մոռանում» է հենց թեկուզ իր այն խոսքերը, որ 5 րոպե շարունակ սահմանախախտ ինքնաթիռին քանիցս զգուշացրել են Թուրքիայի սահմանին մոտենալու մասին, իսկ այդ ժամանակահատվածը բավարար էր, որպեսզի Թուրքիայի վարչապետն իրազեկվեր սահմանային դեպքի մասին ու արձակեր համապատասխան հրաման։ Եվ թեեւ քչերն են կասկածում, որ առանց Էրդողանի թույլտվության, թուրքական կողմը չէր կարող ոչնչացնել Ռուսաստանի մարտական ինքնաթիռը, այնուամենայնիվ, այդ քայլի դե յուրե պատասխանատվությունը կարող է դրվել Դավութօղլուի վրա:

Հատկանշական է, որ ռուսական ինքնաթիռը կործանած երկու թուրք օդաչուները կալանավորվեցին 2016թ. ՌՀՓ-ից հետո, իսկ Թուրքիայի՝ տվյալ ժամանակվա էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը (Էրդողանի փեսան) 2016թ. հուլիսի 26-ին հայտարարեց, որ ՌՀՓ-ից հետո վերստին հետաքննվելու է ինքնաթիռային միջադեպը։ Կարծում եմ, որ Դավութօղլուին սպասվում են դժվարին ժամանակներ։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հայկ Գաբրիելյանի լուսանկարը՝ Միջազգային եւ Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ, 18.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031