Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակության հարցը մշտապես գտնվում է բանակցությունների օրակարգում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:
Նա հիշեցրել է, որ հենց այդ թեմային է վերաբերել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն այս տարվա ապրիլին, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար միջոցներ ձեռնարկել՝ թույլ տալու գերեվարված անձանց հարազատներին այցելել նրանց:
«Ինչպես գիտեք, Կարմիր խաչի հետ գործակցությամբ այս տարվա հունիսին հայրենիք վերադարձան Ադրբեջանի մեկ և Հայաստանի մեկ քաղաքացիներ: Մենք ողջունում ենք չափազանց կարևոր այդ ակցիան և այն դիտարկում որպես առաջին քայլ՝ մեղմացնելու ազատազրկման մեջ գտնվող մարդկանց ճակատագրերը: Ես կարող եմ ասել, որ աշխատանք է տարվում նաև մյուս բանտարկյալների հարցով: Եթե ձեռք բերվի համաձայնություն, մենք, անկասկած, կսատարենք այն»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ