Լրահոս
Օրվա լրահոսը

«31 տարի առաջ հանրապետական ծննդատնից վաճառված Լ. Մ.-ն երեկ Գերմանիայից Հայաստան է վերադարձել»

Դեկտեմբեր 18,2019 22:33

Հանրապետական կլինիկական ծննդատանը 1988 թվականին ծնված Լ.Մ.-ն հենց ծննդատնից վաճառվել է երկար տարիներ երեխա չունեցող ամուսիններին:  Երեխայի կենսաբանական մորն ասել են՝ երեխան մահացած է ծնվել: Այս մասին Aravot.am-ին պատմեց Լ. Մ.-ի հորեղբոր որդին: Ըստ նրա՝1988-ին Ռազմիկ Աբրահամյանը հանրապետական ծննդատան գլխավոր բժիշկն է եղել:

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Ըստ Ռազմիկ Աբրահամյանի կենսագրական տվյալների՝ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը 1975 թվականին նշանակվել է Հանրապետական կլինիկական հիվանդանոցի նոր բացված օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, իսկ 1988 թվականին նշանակվել է իր կողմից վերոհիշյալ բաժանմունքի բազայի վրա հիմնադրած Հանրապետական կլինիկական ծննդատան գլխավոր բժիշկ:

«Լ. Մ.-ի կենսաբանական մորն ասել են, որ իր երեխան մահացած է ծնվել, այդ կինն արդեն չորս աղջիկ ուներ, Լ. Մ.-ն նրա 5-րդ աղջիկն էր, ամուսինը չէր ցանկանում 5-րդ աղջկան. այդ կնոջ ամուսինը, սկեսուր, սկեսրայրը չեն ցանկացել այդ երեխային եւ ծննդատան բժիշկներին  ասել են՝ կասեք՝ երեխան մահացած է  ծնվել, այդպես էլ արել են»,-  մեզ հետ զրույցում  պատմեց Հարութ Ֆարիսյանը:

Մեր զրուցակցի խոսքով, իր հորեղբոր կինը հանրապետական ծննդատանը ձեւակերպվել է որպես հղի, փաստաթղթերով ձեւակերպել են ծննդաբերություն. «Ապրանք չէին գնում էլի խանութից, ի վերջո, երեխա էր, ոնց եք պատկերացնում, որ ծննդատան գլխավոր բժիշկը տեղյակ չլիներ այդ ամենից: Հորեղբորս  կինը այն ժամանակ պառկում է հիվանդանոց, ձեւակերպում են, որ հղի է, այնպես են ներկայացնում, որ Լ. Մ.-ն հորեղբորս  կնոջ երեխան է, փաստաթղթերով  ամեն ինչով ու այդ ամենը գումարով, միայն չեմ կարող ասել՝ ինչքան գումար են վճարել երեխայի համար»:

Հարութ Ֆարիսյանի հորեղբայրն ու հորեղբոր կինը մահացել են տարիներ առաջ, իսկ Լ. Մ.-ն Գերմանիայից նախօրեին է վերադարձել Հայաստան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031