Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության ղեկավարը հանրային վստահությանը պետք է մոտենա որպես սահմանադրական իրավունքի բաղադրիչ. հիմա զբաղված են գլխացավ բուժելով. Վարդան Այվազյան

Դեկտեմբեր 18,2019 20:44

«Ցանկացած վստահություն ունի իր սպասելիքները»,- «Դեբատ» բանավեճի ակումբում հրավիրված «Կա արդյոք վստահության մթնոլորտ Հայաստանում» թեմայով քննարկմանը փաստեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:

Նրա կարծիքով՝ սպասելիքները մեծ էին, և եթե ժողովուրդը վստահի իշխանություններին ու դրանից բխող ընդհանրապես բոլոր ինստիտուտներին՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական կառույցներին, ամեն ինչ կփոխվի: Այնուհետև նա հավելեց. «Իհարկե, վստահությունը մեծ բան է որոշում, որը չկար նախորդների հանդեպ: Հենց նախորդ իշխանությունների հանդեպ ժողովրդի՝ վստահություն չունենալը ծնեց հեղափոխություն: Հիմա մեծ է սպասելիքը: Բայց վստահությունը և սպասելիքները տարբեր են, քանի որ, եթե, օրինակ, վստահում ես, դա նաև բերում է հաջորդ փուլը, որ պիտի սպասելիքներ ունենաս վստահությունից բխող և սպասելիքներն արդարանան: Ներկայիս իշխանություններն այդ առումով շատ մեծ պատասխանատվություն են կրում, քանի որ ստացել են ժողովրդի վստահության մեծ քվեն»:

Հարց հնչեց՝ բարոյահոգեբանական դաշտում մթնոլորտի առումով երկրում ի՞նչ է փոխվել և ի՞նչ հետազոտություն եք արել. ի՞նչ հայացքով եք նայել մեր ժողովրդի վիճակին վերջին երկու տարում և արդյոք հայ ժողովրդի գիտակի՞ց, թե՞ անգիտակից հատվածն է արել հեղափոխությունը, հոգեբան Սամվել Խուդոյանը հստակ չպատասխանեց, միայն նշեց. «Չեմ կարծում, որ ինչ-որ բան է փոխվել հանրային վստահության իմաստով, քանի որ դատարանները նույն դատարաններն են, ոստիկանությունը նույնը, քաղաքացիների դժգոհությունները՝ նույնը»:

Հետո էլ բանավեճ ծավալվեց, թե իսկապես եկեք պարզենք՝ ով է արել հեղափոխությունը: Սամվել Խուդոյանն ասաց. «Հիմա այդքան էլ ժողովուրդը չի վստահում իշխանությանը, քանի որ իր սպասելիքներն այն չափով, որ սպասում էին, չարդարացան: Իշխանությունը պիտի հանգի նրան, որ նախորդներին իսկապես արժեր, որ ժողովուրդը չվստահեր, բայց ներկայիս իշխանությունը ևս ունի մի շարք բացթողումներ: Նա պարտավոր է իր բոլոր խոստումները կատարել, հակառակ դեպքում չգիտենք՝ ինչ կլինի: Այժմ անորոշության փուլ է»:

Հստակեցմանը՝ իսկ դա վտանգավո՞ր փուլ է, հոգեբանը պատասխանեց. «Այս անորոշության փուլը վտանգավոր չէ. այն, անպայման, կստանա իր լուծումը»:

ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը շեշտեց՝ ամեն ինչ բխում է վստահությունից, և այն լուրջ իրավական կատեգորիա է: Այնուհետև նշեց. «Իշխանությունը և պետության ղեկավարը պետք է դրան մոտենան որպես սահմանադրական իրավունքի բաղադրիչ: Եթե երկրում հասարակությունը, ժողովուրդն իր սահմանադրական իրավունքը պաշտպանված է զգում, դրանից բխում են մնացած բոլոր կառույցների լիարժեք գործողությունները: Ես գտնում եմ, որ մեզ մոտ պետք է սահմանադրական իրավունքը գերակայի, որից բխում է ժողովրդի վստահությունն առ իշխանություններ»:

Վարդան Այվազյանը նկատեց՝ ներկայիս իշխանությունները զբաղված են գլխացավ բուժելով, մինչդեռ եթե բժիշկը շատ բանիմաց է, պետք է երիկամները, սիրտը ստուգի, հասկանա, թե գլխացավն ինչի հետևանքով է առաջացել:

Նշենք, որ Վարդան Այվազյանը «Հայ արարման հավաք» շարժման նախաձեռնողներից է, և շարժման հիման վրա առաջիկայում կստեղծվի կուսակցություն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արթուր Վանեցյանը կապ ունի՞ այդ կուսակցության հետ, Վարդան Այվազյանը պատասխանեց՝ ոչ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031