Վալիդ Ֆարես
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Լիբիայում արևմտյան Տրիպոլիի կառավարության վարչապետ Ֆայեզ ալ-Սարաջի միջև անվտանգության և պաշտպանական գործարքի կնքումը, դժգոհություն է առաջացրել ՆԱՏՕ-ի և արաբական կոալիցիայի մի շարք երկրներում՝ հարուցելով նոր լարվածություն Միջերկրական ծովում:
Արձագանքն ավելի լրջացավ, երբ Էրդողանը հայտարարեց, որ եթե Միացյալ Նահանգները շարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, այն կփակի ԱՄՆ-ի որոշ ռազմակայաններ Թուրքիայում:
Միջերկրածովյան ճգնաժամի հիմնական պատճառը Թուրքիայում «Արդարության և զարգացում» կուսակցության իշխող կառավարության ռազմավարական քաղաքականությունն է, որը տարիներ շարունակ գաղափարական և քաղաքական հետին նպատակներով միջամտում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում:
Այնպես որ, Սիրիայում «Մահմեդական եղբայրներ» խմբավորման զինյալներին օգնելու համար Թուրքիան ռազմական հարձակում իրականացրեց Սիրիայի հյուսիսում՝ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» դեմ։ Սակայն այն դադարեցվել է՝ ԱՄՆ-ի միջամտությամբ և քրդական ուժերի դուրսբերմամբ սիրիական-թուրքական ընդհանուր սահմանից:
Կարդացեք նաև
Ավելին, թուրքական ռեժիմը երկար տարիներ է, որ ֆինանսական, ռազմական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում «Մահմեդական եղբայրություն» խմբավորման զինյալներին, որոնք տարիներ շարունակ տիրում են Տրիպոլիում և Մեսրատայում, այնպես որ Տրիպոլիում «Մահմեդական եղբայրության» ազդեցության տակ գտնվող կառավարությանը օգնելու և Լիբիայի ազգային բանակի դեպի մայրաքաղաք առաջխաղացումը կանխելու համար, Թուրքիան առաջադեմ զենքեր և անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Լիբիա:
Չնայած Թուրքական ռեժիմի քաղաքականության և գործողությունների արդյունքում լարվածություն է առաջացել նրա և արաբական կոալիցիայի երկրների ՝ Եգիպտոսի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում, բայց վերջերս Էրդողանի և Սերաջի միջև անվտանգության և պաշտպանական գործարքի ստորագրելը ավելի է սրել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։ Արդյունքում, լարվել են նաև Հունաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի հարաբերությունները Անկարայի հետ, որոնք մինչ այժմ չեզոք էին:
Ըստ համաձայնագրի՝ ՝ Տրիպոլիի կառավարությունը պաշտպանելու համար, թուրքական զինվորականները կարող են ուժեր տեղակայել Լիբիայի տարածքի ցանկացած վայրում: Այդ իսկ պատճառով Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարեցին իրենց համերաշխությունն ու աջակցությունը Լիբիայի ազգային բանակին և «Բենղազի կառավարությանը», որոնք հովանավորվում ում են Լիբիայի խորհրդարանի կողմից:
Հունաստանը նաև նշել է, որ Անկարան և Տրիպոլին այդ գործարքով խախտել են Հունաստանի տարածքային ամբողջականությունը և Աթենքը կփորձի դիմակայել այդ քայլին: Մյուս կողմից, Իտալիան ևս հայտարարել է, որ ծրագրում է ռազմանավ ուղարկել տարածաշրջան, որպեսզի աջակցի Հունաստանին կենտրոնական Միջերկրական ծովում: Ֆրանսիան նույնպես դեմ է արտահայտվել Թուրքիայի և Տրիպոլիի գործարքին: Սա ցույց է տալիս, որ Անկարա-Տրիպոլի ծովային գործարքը բախվել է արաբական, աֆրիկյան և եվրոպական երկրների լուրջ դիմադրության, և լարված հարաբերություններ է հաստատել այս երկրների և Թուրքիայի միջև:
Մյուս կողմից, Թուրքիայի կառավարությունը այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը դատապարտեց օսմանցիների կողմից հայերի ցեղասպանությունը՝ հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը մեծացնի ճնշումը երկրի վրա, ապա Թուրքիան կփակի այդ երկրում ԱՄՆ-ի որոշ ռազմական բազաներ, ներառյալ «Ինջերլիք» ռազմաբազան:
Այդուամենայնիվ կարելի է եզրակացնել, որ այժմ Թուրքիան, որն ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ է, Լիբիայում լարված քաղաքականության և միջամտության միջոցով, լարել և փչացրել է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ չորս պետությունների (ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա և Հունաստան) հետ:
Այդ առումով, կարելի է եզրակացնել, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի հրամանատարությունը նախատեսում է անցկացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդիպում՝ խնդիրը լուծելու համար, և դրա արդյունքները բարենպաստ չեն լինի Անկարայի համար: Որովհետև, Անկարա-Տրիպոլի միջև կայացած համաձայնագրին՝ ՆԱՏՕ-ի որոշ անդամների շահերին դեմ լինելուց բացի, Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմաբազաների, հատկապես Ինջերլիք ռազմաբազայի փակման հարցը խիստ կարևոր է Վաշինգտոնի և Բրյուսելի համար: Եվ դա նշանակում է՝ ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան առանցքի փլուզումը, ինչը կպահանջի լուրջ և վճռական դիրքորոշում ՆԱՏՕ-ի մյուս անդամների կողմից:
Մի խոսքով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը Հյուսիսային Աֆրիկայում, Միջերկրական ծովում և Սիրիայի հյուսիսում արևմտյան երկրներին կստիպի կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում փոխել իրենց դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ:
Աղբյուր՝ https://www.independentarabia.com
Թարգմանեց՝ Վահե ԱՐԱՄՅԱՆ-ը հատուկ «Առավոտ»-ի համար