Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն կարող է սառեցնել այն կազմակերպությունների հաշիվները, որոնք առնչություն են ունեցել ցեղասպանության հետ: Սա հսկայական խնդիրներ է առաջացնում Թուրքիայի համար. Թաներ Աքչամ

Դեկտեմբեր 18,2019 18:00

Դեկտեմբերի 12-ին Էստոնիայի գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Քլարք համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի և Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Շվոն Նաշ-Մարշալի դասախոսությունը նվիրված՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությանը, որը նախաձեռնել և կազմակերպել էր Էստոնիայում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառումից հետո թուրք անվանի պատմաբան Թ․ Աքչամը հարցազրույց է տվել էստոնական առաջատար Eesti Päevaleht պարբերականին, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև։

Թուրք պատմաբան. Էստոնիան այլընտրանք չունի, քան այն, որ հիմա ինքն էլ նույնպես ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի որոշումը խրախուսում է ճիշտ անվանում տալ այլ երկրների անցյալի չարագործություններին:

Աշխարհի ամենահայտնի պատմաբաններից մեկը՝ Քլարկ համալսարանի թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամը, խոսելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, զգուշացնում է, որ թուրք-ռուսական հակաժողովրդավարական դաշինքը կարող է էլ ավելի վատթարագույնը կատարել:

Հարց․ Հինգշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսը բանաձև ընդունեց, որով 1915 թ․ Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածը որակեց  ցեղասպանություն: Ինչպիսի՞ն է դրա առավելագույն ազդեցությունը:

Թաներ Աքչամ։ Այստեղ պետք է առաջ քաշել երկու տեսակետ: Առաջին հերթին, ԱՄՆ-ը տարբերվում է բոլոր մյուս երկրներից: Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումը շատ ավելի մեծ ազդեցություն է գործում Մերձավոր Արևելքի և մասնավորապես Թուրքիայի վրա, քան, օրինակ, Ֆրանսիայի կամ Գերմանիայի համապատասխան բանաձևերը:

Երկրորդ՝ ճանաչումը կարևոր է ԱՄՆ իրավական համակարգի մեկ առանձնահատկության պատճառով: Ամերիկյան օրենսդրության համաձայն, ցանկացած կառավարություն, պետական գործակալություն, բանկ կամ մասնավոր ընկերություն կարող է բողոք ներկայացնել դատարան, եթե կարողանաք ապացուցել երկու բան: Նախևառաջ՝ կազմակերպությունը պետք է որևէ մի առնչություն ունենա այս իրադարձության հետ, տվյալ դեպքում ցեղասպանության հետ: Երկրորդ՝ դրանք որևէ կապ պետք է ունենան Միացյալ Նահանգների հետ: Եթե այդ երկու պայմանները գործում են, ապա անհրաժեշտ է երրորդը՝ ԱՄՆ-ը պետք է դա ճանաչեր որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը ժամկետ չունի:

Այնուհետև արդեն իսկ կարող են ներկայացվել միլիոնավոր դոլարների դատական հայցեր: Միացյալ Նահանգները կարող են սառեցնել այդ կազմակերպությունների հաշիվները: Սա հսկայական խնդիրներ է առաջացնում Թուրքիայի համար:

Հարց․ Ի վերջո, անհրաժեշտ են մեղադրողներ: Ո՞վքեր կարող են այժմ հայց ներկայացնել:

Թաներ Աքչամ․ Օրինակ, Կալիֆոռնիայում արդեն սպասվում են մի ամբողջ շարք դատական գործընթացներ: Առայժմ դրանք պարզապես սպասողական դրության մեջ էին, քանի դեռ բացակայում էր ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Այժմ ուժի երեք աղբյուրներից, Նախագահ, Ներկայացուցիչների Պալատ և Սենատ, երկուսի ճանաչումները ձեռք են բերվել և ըստ իրավագետների մեծամասնության գնահատականի՝ դա բավարար է:

Հարց․ Որքա՞ն է կարևոր կոտորածները ցեղասպանություն անվանելը:

Թաներ Աքչամ․ Օրինակ, երբ մենք անդրադառնում ենք նախկին Հարավսլավիայի պատերազմական հանցագործությունների դատարանում տեղի ունեցած քննարկումներին, ապա այնտեղ շատ են բանավիճել, թե արդյոք դա ցեղասպանություն է, թե ինչ-որ այլ թեթև դրսևորում, օրինակ էթնիկական զտումը:

Լրագրող․ Փաստորեն, էական կարևորություն չունի դրանք իրարից տարանջատելը:

Թաներ Աքչամ․ Սա դեռ առաջին քայլն է: Եկեք դիտարկենք, օրինակ, Հոլոքոստը: 1952-ին Իսրայելը, ԱՄՆ-ն և Գերմանիան Լյուքսեմբուրգում պայմանավորվածություն ձեռք բերեցին, ուր Գերմանիան համաձայնվեց, այլոց շարքում, փոխհատուցում վճարել նաև հրեական սփյուռքի միավորումներին:

Բայց տարիների ընթացքում ի հայտ եկան նոր իրադրություններ, օրինակ հարկադիր աշխատանքը, ինչպես նաև նոր դատական գործեր: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունը դա հանցագործություն է մարդկության դեմ և մենք դեռ գտնվում ենք գործընթացի սկզբում:

Երբ մենք խոսում ենք Հոլոքոստի մասին, պատմաբաններն ունեն բավականին հստակ պատկերացում, թե ինչը հանգեցրեց դրան: Եթե բարոյական գնահատումները մի կողմ թողնենք, ո՞րն էր Օսմանյան կայսրության ողջամիտ հիմնավորվածությունը ցեղասպանությունը կազմակերպելու համար:

Ես կներկայացնեի երկու պատճառ՝ առաջինը քաղաքական և երկրորդը՝ գաղափարական: Գաղափարախոսությունը Թուրքիայի ազգայնականությունն էր: Գաղափարն այն էր, որ ստեղծվի համընդհանուր ինքնության վրա հիմնված թուրք ժողովուրդ և այդ ինքնության հաստատման համար բոլոր քրիստոնյաներին համարեցին երկրի թշնամիներ: Նրանք չէին համապատասխանում թուրքիայի իսլամական հավաքական ինքնությանը: Այսպիսով, նրանք պետք է արմատախիլ արվեին:

Երկրորդ՝ քաղաքական պատճառ էր հանդիսանում իրենց տարածքը կորցնելու վախը:

19-րդ դարի ընթացքում Օսմանյան Կայսրությունը նմանատիպ իրավիճակում կորցրեց տարածքը:

Առաջին հերթին նրանք քրիստոնյաներին զիջումներ արեցին, մեծացրին նրանց իրավունքները, իհարկե հաճախ միայն թղթի վրա: Այնուհետև այլ գերտերությունները միջամտեցին և այդ շրջաններն անկախացան: Այսպես հաստատվեցին Հունաստանը, Սերբիան, Բուլղարիան, Ռումինիան …

1914 թվականին Օսմանյան կառավարությունը պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ՝ թույլ տալով Թուրքիայի արևելքում ստեղծել երկու՝ կիսով չափ ինքնավար մարզ:

Բոլորը հասկանում էին, որ սա հայկական ինքնուրույն պետություն ստեղծելու սկիզբ է: Որպեսզի դա խոչընդոտվի, որպես կանխարգելիչ քայլ, սկսվեց հայերի կոտորածը, որպեսզի նրանք չկարողանան տարածք պահանջել:

Մենք տեսանք նմանատիպ գործընթաց Հարավսլավիայի փլուզման դեպքում՝ որպեսզի մուսուլմանները իրենց համար որևէ տարածք չպահանջեն, պարզապես այդ տարածքները դատարկվեցին մուսուլմաններից:

Ի վերջո, թուրք իշխանավորները դա գիտեն և բացեիբաց ասում են՝ եթե մենք հայերին այդ մարզերից չվտարեինք, ապա հիմա չէինք ունենա Թուրքիայի հանրապետությունը:

Լրագրող․ Այսպիսով, շարունակվե՞ց արդյոք Օսմանյան կայսրության մտածելակարգը Աթաթուրքի տարիներին:

Թաներ Աքչամ․ Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի հանրապետության գերիշխող ավանդությունն ու հիմնադիր գաղափարախոսությունն էր:

Լրագրող․ Դուք ինքներդ այդպիսի մտավոր վիճակն անվանել եք «կոլեկտիվ գաղտնիք»: Ի՞նչ է արդյոք սա նշանակում:

Թաներ Աքչամ․ Սա մի բան է, ինչպես Դանիել Գոլդհագենի դեպքում, ով իր «Հիտլերի նախանձախնդիր դահիճները» գրքում պնդում է, որ գերմանացիները պարզապես ձևացնում էին, թե ոչինչ չգիտեն Հոլոքոստի մասին, որովհետև նրանք բարձր էին գնահատում այն:

Ես կգերադասեի օգտագործել գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի արտահայտությունը, այն է ՝ «գաղտնի բռնություն»: Ստեղծելով հավաքական ինքնություն ՝ դուք ստեղծում եք որոշակի ճառաբանություն, որոշակի արտահայտություններ, տերմինաբանություն և թե ինչպես եք դուք ինքներդ ձեզ և ուրիշներին դիտարկում դրանցում: Հաբերմասը նշում է, որ կան բաներ, որոնց մասին չես ուզում հիշել, երբ չես ուզում այդ մասին խոսել:

***

Պարբերականի հարցազրույցին հաջորդել է նաև Թաներ Աքչամի և Շվոն Նեշ-Մարշալի հարցազրույցը թուրքական ժխտողականության վերաբերյալ Էստոնիայի հանրային հեռուստառադիոընկերությանը: Ռեպորտաժում անդրադարձ է կատարվում նաև ԱՄՆ Սենատի կողից նույն օրն ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին:

Ռեպորաժը հասանելի է հետևյալ հասցեներով՝
https://www.err.ee/media/video/1001182,

https://www.err.ee/1013672/usa-kongress-tunnistas-ametlikult-armeenlaste-genotsiidi

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031