Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են ռեկտորները գոհ Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի նախագծից

Դեկտեմբեր 18,2019 17:21

«Օրենքը բավական երկար եւ մանրամասն քննարկվել է, մենք բոլոր ռեկտորներով նախարարի մոտ քննարկել ենք ու հայտնել մեր մտահոգությունները: Վերջին նախագիծն այս տեսքով ինձ համար խնդրահարույց չէ եւ անհանգստացնող որեւէ կետ չեմ նկատում, իսկ օրենքի շուրջ աղմուկը մի քիչ արհեստածին եմ համարում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը` ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի նախագծի մասին խոսելիս: Նրա ձեւակերպմամբ, ցանկացած օրենք ունի դաշտը կարգավորելու խնդիր:

Լիլիթ Արզումանյանն ասում է, որ բուհերի ինքնուրույնությունը մեծանում է նոր օրենքով, խոսքը վերաբերում է մասնավորապես հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաներին: Ռեկտորը կարծում է, որ դրանում վատ բան չկա, որ ընտրությունը թողնված է բուհի հայեցողությանը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը համոզված է, որ օրենքի նոր նախագիծը որակին միտված էական փոփոխություն ունի նախորդ օրենքի համեմատությամբ: Նա եւս կարծիք հայտնեց, որ նոր օրենքով ընդլայնվում է բուհերի ինքնավարությունը. «Բուհերը կարող են ավելի ճկուն լինել եւ հարմարեցնել իրենց կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին»:

Դիանա Գալոյանի խոսքերով, բուհերն այժմ իրենք են սահմանելու ուսանողների հեռացման եւ վերականգնման կարգերը, ինչը նույնպես ազատության դրսեւորում է, նաեւ բուհերը ազատ են լինելու սեփական ֆինանսները կառավարելու առումով:

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի դիտարկմամբ, օրենքի նոր նախագիծը լուրջ առաջընթաց է գործող օրենքի նկատմամբ. «Ըստ էության լուծում է տրված մի շարք հարցերի, որոնք տարիներ շարունակ քննարկվել են եւ խնդիր են եղել բարձրագույն կրթության համակարգում»: Նրա խոսքերով, բարձրագույն կրթության որակին ուղղված մի շարք դրույթներ են ներառվել, օրինակ, գոյություն ունեցող հեռակա ուսուցման ձեւը, որը մշտապես դժգոհության տեղիք է տվել որակի առումով, օրենքի նախագծով լուծում է ստացել. «Հեռակա ուսուցումը փոխարինված է մասնակի բեռնվածությամբ ուսուցման կարգով, ինչը համահունչ է միջազգային պրակտիկային»:

Տիկին Հարությունյանը փաստեց, որ նոր օրենքով, ուսանողները կարող են իրենք ընտրել իրենց բեռնվածությունը` կիսամյակի կամ ուսումնական տարվա ընթացքում, ուսանողի ուսումնառության տարիները տվյալ դեպքում կարող են ավելանալ, բայց նա կարող է կառավարել իր ժամանակը եւ կյանքը: Նրա խոսքով, այսուհետ անվճարի համար անհրաժեշտ միավորներ ստացած ուսանողն է ընտրելու այն բուհը, որտեղ կսովորի, եւ գումարը կտրվի նրա ընտրած այդ բուհին, ինչը կխթանի բուհերի միջեւ մրցակցությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031