Լրահոս
Օրվա լրահոսը

Կոսաչովն այն մասին, թե ինչու են ՌԴ-ն ու Բելառուսը զենք վաճառում Ադրբեջանին. «Համագործակցությունը մերժելը կբերի շատ վտանգավոր եւ ոչ ցանկալի հետեւանքների»

Դեկտեմբեր 18,2019 16:37

Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստն էր:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին են անդրադարձել, խոսել են Ղարաբաղյան հակամարտության մասին, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի մասին. «Հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան գնահատվել է դրական, նույնը վերաբերվում է միջխորհրդարանական գործունեությանը»:
Կոնստանտին Կոսաչովն ասաց, որ այս ձեւաչափով իրենք աշխատում էին նախկին խորհրդարանականների հետ ու մեկուկես տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո էլ այս ձեւաչափը պահպանվում է, ինչը խոսում է այն մասին, որ այս երկխոսության կարիքը կա:

Կոսաչովն ընդգծեց, որ ԱԺ նախագահների մակարդակով, խորհրդարանական մակարդակով սերտ համագործակցություն կա, ամեն անգամ դիսկուրսի ժամանակ քայլ առաջ են անում: Ինչ վերաբերում է այս կոմիտեի համատեղ նիստերին, Կոսաչովը հիշեց, թե ինչ հարցեր էին քննարկվում տարիներ առաջ ու հիմա: Եթե առաջ խոսքը ԵԱՏՄ-ի մասին էր, այսօր արդեն պարզ է, որ ԵԱՏՄ-ն ամենահաջող ծրագրերից է:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ Կոսաչովն ասաց, որ հարցի լուծումը ռազմական ուժի ճանապարհով չպետք է լինի, այլ քաղաքական. «Ռուսական կողմն ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերի կարեւորությունն այն մասին, որ վերջին հաշվով ղարաբաղյան հարցը կարգավորելիս պետք է հաշվի առնել եւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի, եւ՛ Ղարաբաղի դիրքորոշումը»:

Լրագրողները հարցրեցին՝ դուք նշեցիք, որ ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ լուծում պետք է ունենա, հայկական կողմը բազմիցս նշել է, որ սպառազինության մրցավազքն ապակայունացնում է իրավիճակը, ինչպե՞ս եք վերաբերվում, որ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից, մասնավորապես՝ ՌԴ-ի ու Բելառուսի կողմից զենք է վաճառվում Ադրբեջանին: Կոսաչովը պատասխանեց. «Ցանկացած կոնֆլիկտում իրավիճակը ապակայունացնում է այն դիսբալանսը, երբ երկրներից մեկը կամ ռեալ հնարավորություն է ունենում, կամ պատրանք է ստեղծվում նրա, որ ռազմական ճանապարհով հաղթանակ կտանի: Մենք խորապես համոզված ենք, որ ռազմական բալանսը այս տարածաշրջանում հանդիսանում է այն հիմնական պայմանն է՝ կոնֆլիկտը պահել ոչ ռազմական իրավիճակում: Մենք ռազմական ոլորտում համագործակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ տարբեր պայմաններում, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ, իսկ Ադրբեջանի հետ մենք նման հարաբերություններ չունենք: Բայց համագործակցությունը մերժելը թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի կողմից կբերի շատ վտանգավոր եւ ոչ ցանկալի հետեւանքների»:

Կոսաչովն ասաց, որ զենքի այլ մատակարարներ էլ կան ու Ադրբեջանը մրցակցությունը հաշվի առնելով, կգնի զենք այլ մատակարարներից: Իսկ երկրորդ տարբերակն էլ այն է, որ ռազմական բալանսը պահպանվի, որը լուրջ երաշխիք է՝ ռազմական գործողություններ չվերսկսելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031