Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր Լուսինե Աբգարյան) հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը: Լուսինե Աբգարյանը ինքնաբացարկ չհայտնեց: Այնուհետև անցում կատարվեց դատաքննության փուլին:
Դատական նիստի ընթացքում քննարկվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության՝ առաջին ատյանի դատարանի կողմից մերժելու որոշման վերաբերյալ:
Հայկ Ալումյանը հայտարարեց. «Մեր Վերաքննիչ բողոքի առարկան հետևյալն է: Եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ կանխավարկածը միշտ ազատ արձակելու օգտին է: Հանցագործության մեջ մեղադրվող անձը պետք է միշտ ազատվի կալանքից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ պետությունը կարող է ցույց տալ, որ գոյություն ունեն վերաբերելի և բավարար հիմքեր նրա շարունակական կալանավորումը հիմնավորելու համար»:
Պաշտպանական կողմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ միջնորդությունը հիմնավորված է և հորդորեցին նախագահող դատավորին բավարարել միջնորդությունը և հենց դատարանի դահլիճից բաց թողնել Ռոբերտ Քոչարյանին:
Կարդացեք նաև
Նախագահող դատավորը հստակեցրեց՝ այս դատական նիստում կալանավորման կասկածի հիմքերի հարց չի քննարկվում:
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց ու հայտարարեց. «Պաշտպանական կողմի վերլուծությունից տպավորություն է ստեղծվում, որ Սահմանադրությունն իր որոշմամբ Սահմանադրությանը հակասող է ճանաչել այն մեկնաբանությունը, որ խափանման միջոց գրավը ի զորու չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը»:
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը առարկեց բողոքին և հայտարարեց. «Լսելով Հայկ Ալումյանի ելույթները՝ պարզ է դառնում, որ փաղաքշական բառերով, կոնվենցիաներով փորձում են ներգործել դատարանի վրա՝ մոռանալով, որ ամբաստանյալ Քոչարյանը կալանքից ազատ լինելով ի վիճակի է գործի վրա այնպես ազդել, որ մինչև անգամ ազդել հայկական պետականության վրա»:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հորդորեց նման արտահայտություններ թույլ չտալ:
Հայկ Ալումյանն էլ հորդորեց նախագահող դատավորին ապահովել կարգուկանոն, որ դատական նիստը չվերածվի հանրահավաքի:
Այնուհետև ելույթով հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանը. «Այս մոլորակի վրա կա երկու հայկական պետություն, և երկուսում էլ ես ղեկավար եմ եղել: Առաջինը ԼՂՀ-ում եմ ղեկավարել, այդ երկրի հռչակագրի հեղինակն էլ եմ ես եղել, որևէ որոշում առանց ինձ չի եղել: Առաջին նախագահն եմ: ՀՀ-ում ևս եղել եմ տասը տարի նախագահ: Մինչև իմ՝ նախագահ դառնալը ՀՀ-ն դասվում էր միջազգային կազմակերպությունների ցանկերում աղքատ երկրների ցանկում, իմ նախագահության ժամանակ երկիրը դարձել է միջին եկամուտներ ունեցող երկիր, որտեղ մինչև այսօր մնացել է: Եթե այս արդյունքները ունեցող մարդ համարվում է վտանգ պետականության համար, ուրեմն մենք մանկուրտների երկիր ենք»:
Այս ելույթից հետո հնչեցին ծափահարություններ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ