Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր որդու բերանում եւ մեքենայում գտնված գնդակների հետքերը ոչնչացվել են». զոհված ոստիկանի ծնողների նամակը դատարանին

Դեկտեմբեր 18,2019 16:23

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստում այսօր զոհված ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի ծնողներից ստացվել էր նամակ-դիմում, որը հրապարակեց այս գործով դատավոր Մեսրոպ Մակյանը:

Վահրամ եւ Աշխեն Տեփանոսյանների նամակում ասված է. «Ձեր վարույթում քննվող գործում քննարկվում է մեր որդու սպանության հարցը: Մենք քանիցս ասել ենք եւ հիմա էլ պնդում ենք, որ մեր որդու սպանության գործն այս դատավարության միջոցով լուծում չի ստանալու: Նրա սպանության իրական փաստերն այստեղ չեն քննարկվելու: Երբ ես՝ Վահրամ Տեփանոսյանս (լուսանկարում), դատարանում ցուցմունք տվեցի, դատախազներն ասացին, թե իմ ասածը բամբասանքի մակարդակի է: Այո, իմ ասածը հակասում է գործի նյութերին, այլապես մենք ի՞նչ գործ կունենայինք դատարանում: Եթե մենք ասելու էինք այն, ինչ կա գործի նյութերում, էլ ո՞րն է մեր բողոքի առիթը: Իրականում ոչ թե մեր պնդումներն են բամբասանք կամ սխալ, այլ այն ամենը, ինչը քննվում է դատարանում: Եթե նույնը չենք ասում, ուրեմն ստո՞ւմ ենք: Այս գործի նյութերում կան շատ կեղծիքներ եւ սխալներ: Մեր որդու վերաբերյալ ցուցմունքներն ու փորձաքննության արդյունքները չեն համապատասխանում իրականությանը եւ դրանք են բամբասանք»:

Նամակում Տեփանոսյանները մատնանշել են այն փաստերը, որոնք, իրենց բնորոշմամբ, կեղծիք են եւ դատարանում չեն հրապարակվել այնպես, ինչպես իրականում է եղել: Դրանց թվում նշված են հետեւյալ հանգամանքները(մեջբերումները՝ մասնակի).

-Եթե մեքենայի (այն ծառայողական մեքենայի, որում նստած է եղել Յուրի Տեփանոսյանը.-խմբ.) ուղղությամբ կրակոցները եղել են նույն զենքից եւ տեղից, ինչպե՞ս է ստացվել, որ դրանց հետագծերը տարբեր են:

-Մենք չենք հավատում, որ փորձաքննությունները ճիշտ են կատարվել: Դատաձգաբանական եզրակացություններ եւս արժանահավատ չեն:

-Մեր որդու բերանում եւ մեքենայում հայտնաբերված գնդակների հետքերի ոչնչացված լինելու պատճառով հնարավոր չէ պարզել՝ դրանք որեւէ պարկուճի հետ ամբողջություն կազմե՞լ են, համընկե՞լ են, թե ոչ:

-Փաստ է, որ մեր որդու մարմնի եւ մեքենայում եղած գնդակների պարկուճները կամ չկան, կամ չի կատարվել պատշաճ փորձաքննություն: Մեր որդու սպանության հանգամանքներն այն չեն, ինչ քննվում են դատարանում:

-Վկաների ցուցմունքների տարբերությունը միայն նրանց անուն-ազգանուններն են: Ինչո՞ւ են այդ ոստիկանները հարցաքննվել դեպքից 25 օր անց: Մենք կասկածում ենք, որ ուշացումը պայմանավորված է մեր որդու սպանության իրական հանգամանքները թաքցնելով:

-Մենք ներկայացրել ենք կեղծիքների մի մասը միայն: Չենք անդրադառնում այն կեղծիքներին, որոնք գործում չկան, բայց հանդիսացել են մեր որդու սպանության պատճառ:

-Խնդրում ենք պատշաճ ուշադրություն դարձնել մեր ներկայացրած փաստերին, քանի որ չենք հավատում, որ մեր որդու սպանության հանգամանքները ներկայացվել են դատարանում: Խնդրում ենք կրկին քննարկել մեզ՝ մեր որդու իրավահաջորդներ ներգրավելու հարցը:

Հիշեցնենք, որ երկու ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի եւ Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է «Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանը, որն իրեն մեղավոր չի ճանաչում: Տեփանոսյանի հայրը պնդում է, որ որդուն ՊՊԾ գունդը զավթածները չեն սպանել:

Հիշեցնենք նաեւ, որ այս գործով Յուրի Տեփանոսյանի՝ որպես տուժող իրավահաջորդն արդեն իսկ նրա այրին է՝ Արփինե Թումասյանը: Դատավոր Մակյանը նրանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է իր լիազորությունը զիջել զոհված ամուսնու ծնողներին: «Իհարկե՝ ոչ, ես եմ տուժողի իրավահաջորդը»,-պատասխանեց Արփինե Թումասյանը:

Ի վերջո, դատավոր Մակյանն արձանագրեց, որ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է՝ տուժողի իրավահաջորդ կարող է լինել մեկ անձ, իսկ այս դեպքում այդ անձն Արփինե Թումասյանն է, որն ի սկզբանե մասնակցում է նիստերին:

«Նամակում ներկայացված փաստերը, որոնք, ըստ Վահրամ Տեփանոսյանի, այլ հանգամանքների մասին են խոսում, կտրամադրվեն տիկին Թումասյանին: Չի բացառվում, որ տիկին Թումասյանը կպաշտպանի այդ տեսակետները»,-հայտարարեց Մեսրոպ Մակյանը,-ապա հավելեց,-«այսպիսով, Վահրամ Տեփանոսյանի ներկայությունը պատշաճ ապահովված է, ուստի Վահրամ եւ Աշխեն Տեփանոսյանների միջնորդությունը մերժվում է»:

Հիշեցնենք՝ Արփինե Թումասյանի եւ Տեփանոսյանի ծնողների հարաբերություններում հակասություն կա. Թումասյանը համաձայն չէ նրանց այն պնդման հետ, որ ամուսնուն իրականում ոստիկաններն են սպանել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031