«Տեղական ընկերությունների համար շահութահարկի բարձր տոկոսը խոչընդոտ է: Իրենք նախընտրում են իրենց ընկերությունները գրանցել ազատ տնտեսական գոտիներում եւ այնտեղ գեներացնել գումարը եւ շահութահարկ չվճարել։ Ընկերություններ կան, որոնք բավականին լուրջ գումարներ ունեն կուտակած դրսում, բայց եթե բերեն Հայաստան՝ միանգամից 20% կհարկվեն: Ինչի՞ համար պետք է բերեն, բայց ուզում են բերեն»,-այսօր այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նա ասաց, որ այս խնդիրը քննարկման է ենթակա՝ ինչպես առաջ գնալ, արդյոք եթե տեխնոլոգիական ընկերություններին ազատեն շահութահարկից, իրենց այդ գումարները ՀՀ բերելու ինչ հնարավորություններ կան, եւ որոնք են ռիսկերը եւ եթե բերեն՝ ազդեցությունն ինչպիսին կլինի տնտեսության վրա. «Հիմա դրանով ենք զբաղված, փորձում ենք հասկանալ դրա առաջնահերթությունը, որպեսզի կարողանանք կառավարությանը ներկայացնել մեր առաջարկը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ