Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղազախստանից ամեն վայրկյան հյուրեր Գյումրում․ նոր ավտոմաքսատունը «Ֆանտաստիկ տեմպ» է հաղորդել քաղաքի կյանքին

Դեկտեմբեր 18,2019 15:35

Aravot.am-ի զրույցում հյուրանոցային բիզնեսով զբաղվող Վարդան Սրտաշյանն ասաց, որ Գյումրու նոր մաքսատան գործարկումն արդեն իսկ ակտիվացրել է քաղաքի տնտեսական վիճակը․ խանութատերերն ու վարձակալությամբ բնակարան տվողներն արդեն իսկ սեփական մաշկի վրա են զգում օգուտը։

«Խիստ գովելի է այդ մոտեցումը, որ Երևանը փորձում են բեռնաթափել։ Վստահ եմ՝ անհարմարություններն այդքան չեն, ինչպես ներկայացնում են։ Երևի քաղաքական իրավիճակից ելնելով՝ որոշ նախկին պաշտոնյաներ իրենց թեմաներն առաջ տանելու համար իրենց խոսափողներով փորձում են ինչ-որ դժգոհության օջախներ ստեղծել։

Բնավ չեմ կիսում այն տեսակետը, թե ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը լուրջ անհարմարություններ է ստեղծում, այս պահին Արաբական Միացյալ Էմիրություններից ու Իրանի տարածքով եկող ավտոմեքենաները կարող են մաքսազերծվել հարավային մաքսային գոտում, այնպես որ բնավ խնդիր չկա։ Չեմ կարծում, որ հետագայում այդ հնարավորությունը մեր հարավային շրջանի բնակիչներից կխլվի, իսկ Գյումրու պահով ամենախելացի որոշումն էր», -ասում է Վարդան Սրտաշյանը։

Ըստ նրա, 2020 թվականից ավտոմեքենաների ներկրման այս ծավալները չեն լինի, որոշակի օրենսդրական փոփոխությունների արդյունքում դժվար ու անարդյունավետ կլինի Ռուսաստանի ու ԵԱՏՄ երկրների քաղաքացիներ համար ներկրումներ անելը, բայց ամեն դեպքում որոշակի տնտեսական շարժ կլինի։

Մեր զրուցակիցը նշում է, որ Գյումրի ավտոմեքենաները մաքսազերծելու նպատակով հաճախ են գալիս Ղազախստանից։ «Վերջերս մեր հյուրանոց մի ղազախ էր եկել, զեղչեր էր պահանջում, ասացի՝ եղբայր, այդքան զեղչ չի լինի, չենք կարող անել, այնպիսի մի բան ասաց, որ չկարողացա չընդառաջել։ Ասաց, որ մենք զարգացնում ենք ձեր տնտեսությունը, գոնե մի քիչ զեղչ չանե՞ք։ Շատ ուրախ ու գոհ գնացին։ Ամեն օր, ամեն վայրկյան ավտոմաքսազերծող հյուրեր ունենք, ու եթե համեմատենք նախորդ տարվա հետ, բացի այն, որ ներգնա տուրիզմն է օրեցօր զարգանում Գյումրիում, այս տարի ավտոմաքսատան շնորհիվ ավելացավ նաև դրսից եկող հյուրերի թիվը»,- ասում է Վարդան Սրտաշյանը։

Նրա փաստմամբ, Գյումրիում շատացել է գիշերակացով ապահովող մարդկանց թիվը, որոնք միգուցե հարկային համակարգում դեռևս գրանցված չեն, սակայն վարձակալությամբ բնակարաններ են վերցնում ու տալիս օրավարձով, իրենց բնակարաններն են հարմարեցնում հյուրերի պահանջներին ու տալիս օրավարձով։

Մեր զրուցակցի հաշվարկներով, նրանց թիվը նախորդ տարվա հետ համեմատ երկու անգամ ավելացել է։

«Պարզ է՝ եթե չլիներ մաքսատան գործոնն, այս աճը չէր լինի։ Մեր կառավարությանը մնում է այդ մարդկանց առանց տեռորի բերել հարկային դաշտ, և գոհ կլինեն բոլորը։ Ես ուղղակի վախենում եմ, որ 2020 թվականից տեմպերը թուլանալու են, որոշակի ճեղքեր մեր օրենսդիրները պետք է թողնեն, որպեսզի հոսքը կտրուկ չնվազի»։

Վարդան Սրտաշյանի ասելով, դրսից եկող յուրաքանչյուր ավտոներկրող առնվազն երկու օր մնում է Գյումրիում, կան ավտոներկրողներ, որոնք շաբաթ մեկ Գյումրիում են։

«Գալիս են, մաքսազերծում են, ճանապարհում են, էլի գալիս են, չեք պատկերացնում ինչ ծավալների մասին է խոսքը։ Մի մարդը կարող է տանել 10 մեքենա, 12 մեքենա։ Մի հյուր ունեի, ավտոմեքենայի գործ է անում, ասում եմ՝ ինչո՞ւ ես տանում, վաճառելու համա՞ր, ասում է՝ չէ երկու մեքենա ինձ, երկու մեքենա կնոջս, մեկը կնվիրեմ ։ Նույնիսկ ընտանիքի անդամների համար մեքենա են գնում ու շատ էժան է նստում։

Ֆանտաստիկ տեմպ են հաղորդել Գյումրիին, Երևանն առանց այն էլ տեմպի մեջ է: Երևանի մեր գործընկերները մեզնից չպիտի նեղանան: Գաջի գործարանի մոտով անցնելիս՝ ամեն անգամ 40 րոպե խցանումների մեջ ես, թող մի քիչ էլ Գյումրի աշխուժանա, հատկապես որ Հյուսիս-հարավը սարքվում է ու տնտեսապես ավելի նպատակահարմար է»,-ասում է Վարդան Սրտաշյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031