Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ղազինյանը՝ Արթուր Վանեցյանի հետ հանդիպման եւ Արմեն Սարգսյանի հովանավորության մասին

Դեկտեմբեր 18,2019 15:25

ՀՀ քաղաքական, պետական կառավարման համակարգը, ինստիտուցիոնալ հիմքերը պատրաստ չեն արտահերթ ընտրությունների. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տեսակետ հայտնեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը: Ըստ նրա, հասարակության մեջ դեռ գերիշխում է հուզականությունը, թշնամանքը, ատելության խոսքը, ինչը չի նպաստում արտահերթ ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը:

Նա գործող իշխանությունից էլ պահանջներ չունի, քանի որ իշխանությանը տրված 70 տոկոս վստահության քվեն համարում է հուզական մանդատ, հուզական վարկանիշ՝ առանց քաղաքական ծրագրի: Արթուր Ղազինյանը հիշեցրեց, թե ինչ հռետորաբանություն էր կիրառվում արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ առանց որեւէ ծրագրի եւ տեսլականի:

Վերջերս մամուլում լուրեր հայտնվեցին, որ Արթուր Ղազինյանը եւ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպում են ունեցել եւ հնարավոր համագործակցության մասին զրուցել: Արթուր Ղազինյանը հստակեցրեց՝ հանդիպումը եղել է պատահական, օդանավակայանում. «Ընդամենը մեկ պատահական հանդիպում կարող է առիթ դառնալ նման եզրահանգումների ու մտավարժանքների, ալյանսների, այդ ալյանսները հովանավորող բավականին մեծապատիվ անձանց շահարկման։ Այսօր ես կարդացի ևս մեկ հորինված առաջարկություն, որը մերժվել է։ «Մեկ Հայաստան» կուսակցությունը, լինելով կենտրոնամետ քաղաքական ուժ, համագործակցում է քաղաքական կոնկրետ բևեռների հետ, մենք չենք բացառում որևէ համագործակցություն։ Եթե Ձեզ հետաքրքրում է, թե քաղաքական փոխգործակցության վերաբերյալ առաջարկություն եղել է, թե ոչ, ապա` ոչ, չի եղել։ Ես ընդհանրապես չեմ առաջարկում մի բան, որը կարող է մերժվել, դրա համար ստեղծվում է բարենպաստ միջավայր, մթնոլորտ, զրույց, համընկնումներ, գաղափարական ընդհանրություններ, անելիքների հետ կապված ընդհանուր պատկերացումներ։ Ես չգիտեմ՝ պարոն Վանեցյանն ընդհանրապես ունի՞ ցանկություն քաղաքական գործընթացների մեջ ակտիվորեն ներգրավվելու, խնդրում եմ՝ ճշտեք իրենից»։

Ինչ վերաբերվում է լուրերին, թե «Մեկ Հայաստան» կուսակցությունը հովանավորվում է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից, Արթուր Ղազինյանը պատասխանեց. «Ոչ, ճիշտ չէ։ Մենք հովանավորներ չունենք, մենք ունենք գաղափարի հովանավորներ, մենք ունենք պետության գաղափարի հովանավոր։ Այսինքն՝ դա յուրաքանչյուր անձն է, որն ընդունում է պետության և պետականության կարևորությունը, պետական և ազգային ինստիտուտների նշանակությունն ու ազդեցությունը, ազգային ինքնության հիմքերի կարևորությունը, դրանց հիմքերի պահպանումն ու ամրապնդումը, դոկտրինալ կառավարման հիմքերը, գիտելիքահեն քաղաքականության մշակումն ու իրականացումը, պետության վստահելի և կանխատեսելի գործընկեր լինելու հանգամանքը։ Մենք մեկ կամ մի քանի անձանց հովանավորություն չունենք և Ձեզ հավաստիացնում ենք, որ չենք ունենալու։ Հովանավոր նշանակում է` գծի շարունակություն»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031