Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին այսօր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց՝ ձեռներեցության զարգացման ուղղությամբ նախարարությունը 45 ձեռներեցների 3-5 շաբաթով կուղարկի Սիլիկոնյան հովիտ՝ մասնակցելու վերապատրաստման դասընթացների: Այս ծրագիրն իրականացվում է հայկական բարեգործական ընդհանուր միության սիլիկոնյան հովտի մասնաճյուղի եւ գլխավոր մասնաճյուղի հետ:
Նախարարը նաեւ ասաց, որ Քաթար այցից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հայկական ընկերությունները Քաթարի կառավարության ֆինանսավորմամբ վերապատրաստվելու են այնտեղ եւ հնարավորություն են ունենալու մասնակցելու Քաթարի պետական գնումներին. «Այնտեղ սահմանափակումներ կան, բայց Հայաստանն այն 6 երկրների շարքում է, որոնց ՏՏ ոլորտի ընկերությունները կարող են մասնակցել պետական գնումներին»:
Արշակյանը հիշեցրեց՝ կառավարությունը հայտարարել էր ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին. «Արդեն 2-րդ եռամսյակում հիմնադրամը կգրանցվի եւ 2020 թվականին հնարավորություն կլինի 5 միլիոն դոլարի ներդրումներ անել ՏՏ ոլորտում: Հետո, մեր գնահատականներով, մինչեւ 2027 թիվը 100 միլիոն դոլարանոց հիմնադրամի ստեղծումը եւ իրացումը տեղի կունենա»:
Կմեկնարկի «Դրամաշնորհից մինչեւ բիզնես» ծրագիրը, ըստ Արշակյանի, 90 փոքր դրամաշնորհ կտրամադրվի ստեղծագործ խմբերին՝ ՏՏ ոլորտում նորարությունների համար, իսկ ավելի մեծ դրամաշնորհներ կտրամադրվեն այն ընկերություններին, որոնք ներդրումներ կներգրավեն եւ իրենց ներդրումի չափով պետությունն էլ կմասնակցի՝ համաֆինանսավորմամբ, մարզերում գրանցելու եւ գործունեություն ծավալելու դեպքում, պետությունն ավելի շատ մասնակցություն կունենա:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ