Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է պատրաստ առաջարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բավարարելու համար Ադրբեջանի ժողովրդին». Արթուր Ղազինյան

Դեկտեմբեր 18,2019 15:02

«Արցախի հարցում սեփական կետ մեր կուսակցության համար գոյություն չունի: Արցախյան հակամարտության կարգավորման հարցում կա մեկ կետ եւ դա 2007-ին ընդունված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ ամրագրված կետերն են. սա բոլոր իշխանությունների համար պետք է դառնա ելակետային՝ արցախյան հակամարտության կարգավորման հարցում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Նա նկատեց, որ հարցի կարգավորման ընթացքում Արցախի հանրապետության եւ ՀՀ-ի դիրքորոշումները երբեւէ չեն համընկել 100 տոկոսով եւ այդպես չի էլ կարող լինել. «Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ եղել են լրջագույն տարաձայնություններ՝ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների մոտ՝ հակամարտության կարգավորման կարեւորագույն հարցերում: Հետևաբար, ներկայումս խոսել 100 տոկոս համաձայնության մասին, ուղղակի աբսուրդ է: Չկա նման բան»:

Արթուր Ղազինյանը տեղեկացրեց, որ «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը որոշում է կայացրել մշակել Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին ՀՀ օրենքի նախագիծ: Դա, իրենց պատկերացմամբ, պետք է լինի Հայաստանի պատասխանը Ադրբեջանի կողմից Բրատիսլավայում կայացած ԱԳ նախարարների հանդիպումից առաջ հրապարակված հուշագրի, ապա դրանից հետո, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտնի հարցազրույցին: Խոսքը Արցախը ճանաչելու գործընթաց սկսելու մասին է, ինչը կարող է տեւել 10 օր, կարող է տեւել 10 տարի: Այսինքն, «Մեկ Հայաստանը» չի առաջարկում Արցախի ճանաչման գործընթացն ավարտել կոնկրետ ժամկետներում, այլ հարցը մշտապես պահել Հայաստանի քաղաքական օրակարգում: Դա նաեւ, ըստ Արթուր Ղազինյանի, ՀՀ բոլոր իշխանությունների համար կլինի կարմիր գիծ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք այդպիսով չեն ավելանում Հայաստանի անվտանգային խնդիրները, մասնավորաբար, ՌԴ-ից հնարավոր հակազդեցությունները: Արթուր Ղազինյանը պատասխանեց, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց ՌԴ-ի հետ հարաբերություններում, հարգելով ՌԴ-ի շահերը, ելակետ պետք է ընդունել Հայաստանի ազգային եւ պետական շահը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Հարցին՝ ինչ կտա Արցախի ճանաչման գործընթաց սկսելու նախագիծը բանակցային գործընթացին, բանախոսը պատասխանեց, որ նախ մեր արեւելյան հարեւանն այդուհետ առավել զուսպ կլինի ՀՀ-ի եւ Արցախի սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողությունների առումով: Իսկ եթե օրենքն ընդունվեց, ապա Ադրբեջանը կհայտնվի փակուղում՝ կամ սկսել պատերազմ, կամ հաշտվել իրականության հետ: Սա Արթուր Ղազինյանի համոզմամբ, ՀՀ իշխանությանը հնարավորություն է տալու ստիպել Ադրբեջանին հրաժարվել առավելապաշտական նկրտումներից եւ կառուցողական դաշտ վերադառնալ: Պատերազմ սկսելուց առաջ էլ, բանախոսի համոզմամբ, Ադրբեջանը շատ երկար ստիպված կլինի մտածել, քանզի Ադրբեջանում ներկայումս չկա համոզմունք, որ պատերազմն ի օգուտ իրենց կավարտվի. ներսում խնդիրներ ունեն, այնտեղ էլ են փորձում ռազմատենչ-հայրենասիրական հռետորաբանությամբ իշխանությունը ամուսնուց կնոջը փոխանցել եւ ցանկացած սրացում կարող է հանգեցնել Ադրբեջանում ներքաղաքական անկայունության. «Դուք պատկերացրեք, թե ինչ կլինի Ադրբեջանում, եթե Հայաստանում հանկարծ ճանաչեն Արցախի անկախությունը»:

Լրագրողներից մեկն էլ նկատեց՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն այսօր սոցիալական ցանցում գրառում է կատարել, որ տպավորված է Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ հանդիպումից եւ հետաքրքրվեց՝ սա ինչ է նշանակում: «Սա նշանակում է ձախողված արտաքին քաղաքականություն՝ արցախյան հակամարտության կարգավորման հարցում, գոնե երկկողմ ձեւաչափով պայմանավորվածությունների, շփումների, աշխատանքի ձախողում: Մանավանդ Ֆրանսիան, հատկապես Ֆրանսիան, որը մշտապես եղել է Հայաստանի բարեկամ պետությունը Եվրոպայում, որի հետ մենք կապել ենք եվրոպական քաղաքականության հիմնական ուղղությունները, որը որ եղել է հայկական շահի ներկայացուցիչը եվրոպական համայնքում. Ֆրանսիայի դեսպանն այսօր լեգիտիմացնում է գոյություն չունեցող միավոր՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնք, որը որ գոյություն չունի, հորինված է, որպեսզի հետագայում ազդեն ներարցախյան գործընթացների վրա»: Առաջին սխալն, ըստ Արթուր Ղազինյանի, թույլ է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այդ համայնքի մասին եւ խոսելով՝ լեգիտիմացրեց այդ գոյություն չունեցող միավորը:

Արթուր Ղազինյանի համար նաեւ տարակուսելի են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին: «Ի՞նչ է պատրաստ առաջարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բավարարելու համար Ադրբեջանի ժողովրդին»,- հարց է ուղղում Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ եթե Ադրբեջանում իսկապես ցանկանում են հարցի լուծման գնալ, ապա պետք է տեսնենք Բակո Սահակյան-Իլհամ Ալիեւ, Մասիս Մայիլյան, Էլմար Մամեդյարով հանդիպումներ, իսկ ՀՀ-ն էլ կերաշխավորի Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ կհետեւի գործընթացին, քանի որ ՀՀ-ի համար ընդունելի կլինեն այն բոլոր որոշումները, որոնք կբավարարեն Արցախի ժողովրդին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031