Լրահոս
Օրվա լրահոսը

2018 թվականի ողջ ընթացքում խոշտանգման հանցակազմով քննվել է 50 քրեական գործ. Գոռ Աբրահամյան

Դեկտեմբեր 18,2019 14:52

Քանի որ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության շրջանում ակտիվացել են քննարկումները խոշտանգումների թեմայով, հարկ եմ համարում հայտնել հետևյալ տեղեկատվությունը:

2019 թվականին հոկտեմբերի 1-ին դրությամբ, այսինքն` առաջին 9 ամիսների ընթացքում, միայն ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի /խոշտանգում/ հատկանիշներով քննվել է 44 քրեական գործ, որից 3 քրեական գործ 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և դրանցով դատական քննությունը շարունակվում է: Հարուցված քրեական գործերից 26-ը կարճվել է, 5-ը՝ կասեցվել, 3-ը՝ միացվել: 7 քրեական գործի նախաքննություն շարունակվում է:

Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի ողջ ընթացքում խոշտանգման հանցակազմով քննվել է 50 քրեական գործ: Դրանցից 33-ի վերաբերյալ կայացվել է վարույթը կարճելու, 4-ի դեպքում՝ կասեցնելու մասին որոշումներ: 9 քրեական գործերի նախաքննությունը շարունակվել է 2019 թվականին: Մեղադրական եզրակացությամբ 2018թ. դատարան է ուղարկվել 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ, որով օրեր առաջ առաջին ատյանի դատարանում արարքը խոշտանգումից վերաորակվել է բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմով, և համաներման կիրառմամբ անձն ազատվել է պատժի կրումից:

ՀՀ դատախազությունը նշված գործերով մեղադրական ճառով միջնորդել է անձին մեղավոր ճանաչել խոշտանգման համար և նշանակել պատիժ 8 տարի 6 ամիս ժամկետով՝ 3 տարի ժամկետով զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ 2017թ. սկսած՝ քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանության ՁՊՎ-ներում պահվող անձանց խոշտանգումների դեմ քրեաիրավական պայքարը, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ պահելու իրավունքի ապահովումը առաջնային խնդիր է Դատախազության համար:

Այդ համատեքստում Եվրոպական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների, ԵԽ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի, ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջադրված պահանջների լույսի ներքո ՀՀ դատախազությունում կատարվել էին Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված որոշումների, այս ոլորտում առկա պրակտիկայի ուսումնասիրություններ: Դրա արդյունքում Դատախազության կոլեգիայի որոշումներով հստակեցվել էին այն անհրաժեշտ քայլերը և կազմակերպական-իրավական մեխանիզմների մշակումն ու ներդրումը, որոնք կապահովեն ՀՀ միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը և Հայաստանում ինչպես խոշտանգումների պատշաճ կանխարգելումը, այնպես էլ այդ փաստերով արդյունավետ քննությունը: (Տես՝ ներքոգրյալ հղումով):

Դատախազության սկզբունքային մոտեցումը առավելապես պայմանավորված է ինչպես նման դեպքերի կանխման, այնքան էլ այդ գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանության արդյունավետության բարձրացման հրամայականով: Ելնելով դրանից՝ դատախազության կոլեգիայի որոշմամբ սահմանվել էին հանձնարարականներ՝ առաջին հերթին խոշտանգումների փաստով քննվող քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Այդ հանձնարարականները, որոնց մեծ մասի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազությանը, ուղղված են նրան, որ իրավասու մարմնի աշխատակիցը զերծ մնա քրեական վարույթի շրջանակներում քաղաքացու նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մտքից, քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանության ԶՊՎ-ներում հարցաքննությունների իրականացման համար ներդրվեն այնպիսի մեխանիզմներ և տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն կտան օբյեկտիվորեն արձանագրելու այդպիսի վարքագծի դրսևորումները, ինչպես նաև բարձրացնել խոշտանգումների փաստերով քննության արդյունավետությունը՝ անհետաձգելի քննչական դատավարական գործողությունների օպերատիվ պլանավորմամբ և իրականացմամբ:

Այս քաղաքականությունը շարունակվելու է նաև հետայսու:

Գոռ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031