Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյան. «2020-ին կրկնապատկվելու է ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարների չափը»

Դեկտեմբեր 18,2019 14:20

Այս տարի տնտեսումների հաշվին հավելյալ 1 միլիարդ դրամ հատկացվել է ռազմաարդյունաբերական համալիրին՝ նոր նախագծեր մշակելու համար: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նշեց, որ այդ հավելյալ գումարն արդեն իրացրել են, իսկ 2020-ին, ինչպես հայտարարել են, կրկնապատկվելու է ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարների չափը. «Երեք ռազմավարություններ են մշակվել՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, թվայնացման եւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման, որոնք արդեն հանրային քննարկման են դրված:

Արշակյանն անդրադառնալով տեխնոլոգիական ընկերությունների համար պետական աջակցությանն, ասաց՝ այս տարի շուրջ 230 նորաստեղծ ընկերություններ են դիմել. «Ընդհանուր առմամբ, 1200 նոր աշխատատեղ ենք ստեղծել: Ուշագրավ է, որ մենք ունենք սփյուռքից դիմածների մեծ թիվ` 15-20%, այսինքն՝ շուրջ 45 ընկերություն բացել են սփյուռքահայերը: Սա նշանակում է, որ մենք տաղանդի ներհոսք ունենք»: Նախարարի վստահեցմամբ՝ 2020 թվականին զարգացումներ կլինեն ինժեներական քաղաքի ուղղությամբ:

Այս տարի հայկական տաղավարներով, ըստ նախարարի, 4 մեծ միջազգային ցուցահանդեսի են մասնակցել Փարիզում, Կատարում, Սինգապուրում, Ուզբեկստանում, մասնակից կազմակերպությունները 41-ն էին, ստորագրվել է 7 հուշագիր, 200 պայմանագիր. «Հնարավոր համագործակցության ծավալը ավելի քան 8 միլիոն դոլար է գնահատվել՝ միայն այս 4 միջոցառումներին մասնակցելու տեսանկյունից: Պետական բյուջեից ծախսվել է 80 հազար դոլար: Փորձագետների կարծիքով՝ այս հնարավորություններից՝ 8 միլիոնից 25%-ը կիրականացվի, այսինքն՝ 2 միլիոն դոլարի վաճառք կլինի այս պայմանավորվածությունների արդյունքում»:

Նախարարի դիտարկմամբ՝ այս տարվա ձեռքբերումներից է Արցախի հետ կապի կանոնակարգումը՝ ռոումինգի սակագնի նվազումը. «Թե՛ մուտքային, թե՛ ելքային զանգերի սակագները 11-44% նվազել են, հուլիսի 1-ից նորից նվազում կլինի:

Արշակյանն անդրադառնալով «Յութուբ գործընկերների ծրագրին», որը հնարավորություն է տալիս գումարներ գեներացնել, ու որի մեջ Հայաստանն ընդգրկված չէ, ասաց, որ այդ ուղղությամբ աշխատում է 3 ճակատով՝ 1-ինը` պաշտոնական խողովակներն են, 2-րդը` «Գուգլում» եւ «Յութուբում» աշխատող հայերի խումբը, եւ 3-րդը՝ սփյուռքահայերի խումբն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031