Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի տարեկան գործունեության ամփոփիչ ասուլիսում զավեշտալի միջադեպ եղավ:
Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ասուլիսի սրահում տեղադրել էր տվել հատուկ սարք՝ վիդեո պրոյեկտոր, որ ասուլիսում ցուցադրեր «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժները՝ իր գործունեության մասին, թե ինչպես է գնացել Բագրատաշեն, ռուսներն ինչպես են ներկայացրել իրեն ու ծափահարել եւ այլն:
Այս ամենը տեսնելով՝ «Իմ քայլի» պատգամավորներից ոմանք չէին դիմանում, փորձում էին ձեռքերով փակել դեմքը, զսպել ծիծաղը:
Իմքայլական Վաղարշակ Հակոբյանը նույնիսկ ստիպված եղավ դուրս գալ սենյակից, վարակիչ ծիծաղը զսպել, նոր ներս մտնել:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Մելքումյանին հարցրեց՝ նախորդ գումարման ԱԺ-ում այս հանձնաժողովը չկար, նոր է ստեղծվել ու գիտենք, որ միշտ քաղաքական նպատակներով ԱԺ-ում հանձնաժողովներ են փակվում կամ ստեղծվում, հիմա այս մեկ տարվա ձեր գործունեությունը հաշվի առնելով՝ արժե՞ր այդքան աշխատավարձ հատկացնել առանձին հանձնաժողովի համար, թե՞ հնարավոր էր այս նույն գործը բաշխել այլ հանձնաժողովների միջեւ, ինչպես նախկինում էր: Մելքումյանը պատասխանեց. «Եթե ձեր տրամաբանությամբ առաջ գնանք, կարող էինք ֆինանսական հանձնաժողով էլ չունենալ, որովհետեւ ժամանակին՝ 2000-ականներին եղել է տնտեսական եւ ֆինանսաբյուջետային հանձնաժողով: Հանձնաժողովի ձեւավորումը համալիր մոտեցում է ունեցել, ամեն գումարման սկզբում ԱԺ-ին է վերապահված լիազորությունը, թե ինչ հանձնաժողով պետք է ստեղծել: Ինչ-որ մի պահի հանձնաժողովներ կան, որ միավորվեցին, հետո անջատվեցին՝ այդ թվում քաղաքական, տնտեսական, սոցիալական բնույթով: Իսկ սրանով ԱԺ-ն ի ցույց է դրել, որ ինքը շատ կարեւորում է Եվրասիական միության ինտեգրման արդիական հարցերը, երկրորդ՝ սա այն փուլն է, երբ ինտեգրացման գործընթացները առավել քան ծանրաբեռնված է լինելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ