Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը մինչեւ տարեվերջ էլի նիստեր կանցկացնի, հնարավոր է նույնիսկ 1-2 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների լսեն։ ՀԺ-ի հետ զրույցում ասաց քննիչ հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։
– Նշվում էր, որ փաստաթղթերի ձեռքբերման ընթացքում բախվել եք որոշ խոչընդոտների։ Ո՞ր կառույցների հետ աշխատելիս եք դրանց բախվել եւ վերացե՞լ են արդյոք։
– Աննշան խոչընդոտներ են եղել՝ կապված Գլխավոր շտաբի, Ազգային անվտանգության ծառայության հետ։ Փոքր-ինչ թյուրըմբռնում կար, բայց արագ հարթվեց, մի քանի օրվա մեջ ամեն ինչ տեղն ընկավ։
– Տիկին Պողոսյան, 2016 թ. ապրիլյան զարգացումներից հետո տարբեր գործիչներ հանդես եկան հայտարարություններով, որ պատերազմը դավադրություն էր, որին մասնակից էր նաեւ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը։ Այսօր, սակայն, կարծես թե ՊՆ-ի մակարդակով այդ կասկածները չեն հաստատվում։ Այս հայտարարությունների համար ի վերջո պատասխան տալո՞ւ են դրանք արած մարդիկ։
Կարդացեք նաև
– Այս պահին ես չեմ կարող մեր աշխատանքի վերաբերյալ եզրակացություն անել, երբ մեր վերջնական զեկույցը ներկայացնենք, ամեն տեսակ հայտարարություններ անող մարդիկ պետք է բացատրություններ տան իրենց հայտարարությունների համար։ Կարծում եմ՝ մեր ապագա եզրակացությունը մարդկանց կստիպի պարզաբանել իրենց ասածները։ Բայց կարող եմ ասել, որ մենք արդեն 2016 թ. պատերազմի ամբողջական պատկերն ունենք՝ 90 տոկոսով։ Մնացած բոլոր մանրամասները կլինեն հանրությանը ներկայացվելիք զեկույցի մեջ։
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում