Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի քաղաքականությունը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը»

Դեկտեմբեր 18,2019 14:30

«Պետության՝ Արցախի Հանրապետության եւ հասարակական կազմակերպության՝ այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» միջեւ հավասարության նշան դնելու փորձերը անհեռանկարային են եւ խեղաթյուրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

-Մինչ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովում, պաշտոնական Բաքուն շրջանառության մեջ է դրել իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Տեսակետներ հնչեցին, որ այս վերջնագրից հետո հայկական կողմը պետք է անհապաղ դադարեցնի բանակցությունները, այլապես, տպավորություն է, որ բանակցում ենք Բաքվի օրակարգի շուրջ: Ձեր մոտեցումն ինչպիսի՞ն է:

-Հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում՝ Արցախի Հանրապետությունը, միջազգային կազմակերպություններում տարածում են մի շարք հարցերի շուրջ իրենց դիրքորոշումն արտացոլող փաստաթղթեր։ Ադրբեջանի հուշագրում արտացոլված դիրքորոշումը վաղուց հայտնի է եւ հիմնված է պատրանքների վրա: Հարկ է նաեւ նշել, որ խաղաղ գործընթացի տարիներին հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության մոտեցումները որոշակի փոփոխություններ են կրել։ Ու թեեւ հակամարտության կարգավորման մեթոդաբանությունը եւ մոտեցումները դեռեւս հետագա քննարկման կարիք ունեն, այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս միջնորդների՝ հակամարտության կողմերին ներկայացվող առաջարկությունների էվոլյուցիան, կարգավորման տրամաբանությունը դուրս է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներից։ Ավելին՝ Ադրբեջանի տվյալ դիրքորոշումն աջակցություն չի ստանում համաշխարհային հանրության կողմից։

Անհրաժեշտ է ընդգծել, որ միջազգային իրավունքի զարգացումը միտում ունի դեպի անհատական եւ կոլեկտիվ իրավունքների գերակշռում եւ միջազգային հարաբերություններում մարդակենտրոնության սկզբունքների հետագա զարգացում։ Ժամանակակից աշխարհակարգը հետզհետե վերափոխվում է մի համակարգի, որի կենտրոնում մարդու իրավունքներն են։ Մինչդեռ Ադրբեջանի մոտեցումները հակասում են համաշխարհային միտումներին եւ միայն հեռացնում են հակամարտության կարգավորման հեռանկարները։

Ավելին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի քաղաքականությունը, նրա ժխտողական վերաբերմունքը միջազգային իրավունքի հանդեպ եւ Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների ժխտումը անկայունության եւ տարածաշրջանային խաղաղության սպառնալիքի հիմնական աղբյուրներն են։ Որքան շուտ ադրբեջանական իշխանությունները գիտակցեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ իրենց ապակառուցողական քաղաքականության անհեռանկարությունը եւ դրա արմատական վերանայման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով առկա իրողությունները, այնքան ավելի շուտ կհաջողվի առաջընթաց գրանցել խաղաղ գործընթացում։

-Խաղաղ կարգավորման ներկա փուլում ինչպիսի՞ն է Արցախի դիրքորոշումը՝ հարցի կարգավորման վերաբերյալ:

-Ներկա փուլում հակամարտության կողմերի միջեւ խորհրդատվությունները, նախ եւ առաջ, պետք է միտված լինեն խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովմանը։ Անհնար է քննարկել երկարաժամկետ խաղաղության պայմանները, քանի դեռ Ադրբեջանի եւ Արցախի զինված ուժերի շփման գծում լարվածության աճի վտանգ կա։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել երկու փոխլրացնող բաղադրիչներ. ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմը՝ դիտարկումների հնարավորություններն ավելացնելու նպատակով, եւ ներդնել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ։ Այս երկու բաղադրիչները միասին կապահովեն շփման գծում կրակի դադարեցման ռեժիմի միջազգային վերահսկման որոշակի մակարդակ եւ թույլ կտան ոչ միայն հայտնաբերել կրակի դադարեցման ռեժիմը խախտողին, այլ նաեւ կանխարգելել միջադեպերի կրկնությունն ապագայում։

Անհրաժեշտ ենք համարում նաեւ միջազգային հանրության աջակցությամբ գործուն քայլեր ձեռնարկել՝ վերացնելու այն բացասական երեւույթները, որոնք  արմատավորվել են ադրբեջանական հասարակության մեջ հայերի նկատմամբ տարիներ շարունակ անհանդուրժողականության սերմանման արդյունքում։ Հենց դրանից է մեծապես կախված լինելու հակամարտության կողմերի հասարակությունների միջեւ վստահության ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետությունը։

Բոլոր այդ միջոցառումների՝ ամբողջության մեջ, իրականացումը թույլ կտա բարենպաստ միջավայր ստեղծել բանակցային գործընթացի առաջ մղման եւ հարցերի առարկայական քննարկման համար։ Ընդ որում, խոսելով բանակցությունների մասին, մենք նկատի ենք ունենում եռակողմ ձեւաչափ՝ բոլոր փուլերում Արցախի Հանրապետության լիարժեք եւ լիիրավ մասնակցությամբ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորումն ու կայուն խաղաղության հաստատումը հնարավոր են այն պարագայում, եթե հակամարտության յուրաքանչյուր կողմ դե յուրե ստանձնի խաղաղության պայմանագրի դրույթների իրականացման համար պատասխանատվության իր բաժինը։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ինքնին պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա, ինչը տեղի է ունեցել միջազգային իրավունքի նորմերին եւ ազգային օրենսդրությանը ամբողջովին համապատասխան:

Միեւնույն ժամանակ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը չպետք է ստվերում թողնի Արցախի քաղաքացիների համար իրենց անքակտելի իրավունքներից եւ ազատություններից լիովին օգտվելու պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը:  Արցախի քաղաքացիների իրավունքների արհամարհումն ու դրանց իրացման հետաձգումը մինչեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորում անթույլատրելի է: Այն փաստը, որ հակամարտության կարգավորման գործընթացը տեւում է ավելի քան քառորդ դար, միջազգային հանրության վրա որոշակի պատասխանատվություն է դնում, մասնավորապես, այն հարցում, որ չկարգավորված հակամարտության պատճառով չսահմանափակվի Արցախի բնակիչների՝ իրենց հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության միջազգային մեխանիզմներից օգտվելու հնարավորությունը:

-Այնուհանդերձ, Բրատիսլավայում կայացած ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երեք ժամ տեւած հանդիպումից հետո, պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարեսկզբին հանդիպման մասին: «Անդրադառնալով նախօրեին Երեւանում Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ հանդիպմանը՝ Զոհրաբ Մնացականյանը եւս մեկ անգամ ընդգծել է Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ»,- ասված է հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը առաջ է քաշում բանակցություններում ադրբեջանական համայնքի մասնակցության հարցը։ Ինչպիսի՞ն է Արցախի դիրքորոշումը այս հարցում։

-Անհրաժեշտ է նշել, որ եռակողմ բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտության, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներն ամբողջությամբ համընկնում են։ Մեր կարծիքով, Ադրբեջանի հակազդումը բանակցությունների ամենաարդյունավետ եռակողմ ձեւաչափի վերականգնմանը հավասարազոր է կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը:

Ադրբեջանի նման դիրքորոշումը վկայում է հակամարտության վերջնական կարգավորման հասնելու նրա չկամության մասին: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումը՝ 1994 թ. մայիսի 12-ի զինադադարը,  հենց եռակողմ բանակցությունների շրջանակներում է արձանագրվել:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի պնդումներին, թե իբր «Հայաստանը եւ Ադրբեջանը հանդես են գալիս որպես հակամարտության կողմեր, իսկ Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքները՝ որպես շահագրգիռ կողմեր», ապա այդ պնդումները  միակողմանի են եւ չեն արտացոլում բանակցային գործընթացի ձեւաչափի մասին հարցի հետագա էվոլյուցիան։ Տվյալ հարցը երկար քննարկումների առարկա է եղել խաղաղ գործընթացի շրջանակներում։ 1993 թ. սեպտեմբերին ԵԱՀԽ (1994 թ. դեկտեմբերից՝ ԵԱՀԿ) Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես հակամարտության կողմ։ Հակամարտության եւ բանակցությունների ձեւաչափի հարցում վերջնականապես պարզություն է մտցվել 1994 թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ։ Համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի՝ հակամարտության կողմեր են հանդիսանում հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ին ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատած կողմերը։

Բուդապեշտի գագաթաժողովից հետո ադրբեջանական կողմի՝ հակամարտության կողմերի թեման շահարկելու փորձերի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Լասլո Կովաչը 1995 թ. մարտի 31-ին Պրահայում կայացած ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի նիստի ժամանակ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ եւ «վերահաստատել ԵԱՀԿ նախորդ որոշումները կողմերի կարգավիճակի մասին, ինչը ենթադրում է հակամարտության մեջ ներգրավված  երկու անդամ պետությունների, ինչպես նաեւ հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցությունն ամբողջ բանակցային գործընթացին, ներառյալ Մինսկի համաժողովը»։

Ընդհուպ մինչեւ 1999 թվականը ԵԱՀԿ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների երկկողմ շփումները դիտարկում էր ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների փոխարինող, այլ որպես «Հարավային Կովկասում մշտապես գործող քաղաքական գործոն, որը պետք է նպաստի կարգավորմանը»: Պետության՝ Արցախի Հանրապետության եւ հասարակական կազմակերպության՝ այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» միջեւ հավասարության նշան դնելու փորձերը անհեռանկարային են եւ խեղաթյուրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2019

Հ.Գ. Հարցերը պարոն նախարարին փոխանցվել են գրավոր ընթացակարգով՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031