«Դինամո» մարզադահլիճում այսօր ավարտվում է բռնցքամարտի «Կաշվե ձեռնոց» մրցաշարը: Ըստ քաշային կարգի լավագույն ութ զույգերը կպայքարեն հաղթողի կոչման եւ Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում տեղ ունենալու համար:
Մրցաշարը ավելի արդյունավետ կազմակերպելու եւ առավել արժանավորներին ընտրելու նպատակով հրավիրվել են միջազգային մենամարտեր սպասարկելու փորձ ունեցող մրցավարներ Ռուսաստանի, Վրաստանից, Բելառուսից:
Aravot.am-ը երեկ զրուցել է «Կաշվե ձեռնոց» մրցաշարի գլխավոր մրցավար, ԱԻԲԱ-ի բարձր կարգի մրցավար Վարդան Բաղդասարյանի հետ:
-Ի՞նչն է պատճառը, որ մենամարտերը սպասարկելու համար մրցավարներ են հրավիրվել դրսից: Ի՞նչ է, Հայաստանի մրցավարներն այդքա՞ն էլ վստահելի չեն:
Կարդացեք նաև
-Չվստահելու հարց չկա: Պարզապես, այս մրցաշարի համար բարձր սանդղակ է սահմանվել, իսկ հանրապետությունում չունենք միջազգային չափորիչներին համապատասխանող անհրաժեշտ թվով մրցավարներ: Հրավիրվածները միջազգային կարգ ունեն, իսկ տեղացիները, բացի մեկից, հանրապետական կարգի մրցավարներ են:
-Մրցավարությունից դժգոհություններ կա՞ն:
-Բռնցքամարտում առանց դրա, սովորաբար, չի լինում: Միշտ էլ վիճելի բաներ կան: Այս մրցաշարն, ընդհանուր առմամբ, անցնում է հստակ: Այսօր երկու մենամարտի հետ կապված բողոքարկում ենք ստացել: Հանձնաժողովը կնայի այդ մարտերի տեսագրությունները եւ կանի վերջնական եզրակացությունը: Սակայն ուզում եմ նշել, որ մենամարտերում, այդ թվում՝ նշածս երկուսում, պայքարն ընթացել է մոտավորապես հավասար: Այսինքն, չկա բացահայտ առավելություն եւ մրցավարական բացահայտ կողմնակալություն:
-Հնարավո՞ր է, որ մենամարտի արդյունքի փոփոխություն լինի:
-ԱԻԲԱ-ի կանոնակարգով փոփոխություն լինել չի կարող: Նման դեպքերում մրցավարի նկատմամբ է պատժամիջոց կիրառվում: Բայց քանի որ սա ԱԻԲԱ-ի մրցաշար չէ, մենք կարող ենք նաեւ փոխել արդյունքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ