ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախօրեին տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները և դեպարտամենտների ղեկավարները: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող հարցեր:
Ուշագրավ է, որ ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ հանձնարարականները հաջորդում են ԱԱԾ նախավերջին հայտարարությանը, որը կապված էր իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, և այդ հաղորդագրության մեջ կարմիր թելով գնում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թեզը, թե Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները վտանգ են սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը: Այդ հաղորդագրության մեջ ԱԱԾ-ն հիշեցրել էր, որ իրենք գիտեն, թե հասարակական կազմակերպությունները որտեղից են ֆինանսավորվում:
ԱԱԾ այդ հայտարարությանը հաջորդել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի արձագանքը, որը չէր տարբերվում ԱԱԾ-ի պաշտոնական արձագանքից:
Արթուր Սաքունցը Արթուր Վանեցյանի կարծիքը չի նույնացնում ԱԱԾ-ի կարծիքի հետ, քանի որ նա այլևս պաշտոնատար անձ չէ, բայց խնդիր է համարում, որ ներկայիս ԱԱԾ-ն դեռևս հետևում է նախկին ղեկավարի պատկերացումներին՝ չունենալով սեփական պատկերացումները առկա մարտահրավերների վերաբերյալ։ «Մինչ օրս դեռ պարզ չէ, թե որոնք են համարվում ՀՀ ԱԱԾ-ի կողմից մարտահրավերները, որովհետև իրենց կողմից արված վերջին հայտարարության մեջ մարտահրավերների թվում շարադրվում էր փողերի լվացումը, թմրաբիզնեսը, ահաբեկչությունը, բայց ԱՊՀ-ի շրջանակներում, օրինակ, ՌԴ անվտանգության մարմիններն ազգային անվտանգության մարտահրավեր են համարում նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտներին: Ես չգիտեմ, մեր ԱԱԾ-ն էլ է քաղաքացիական հասարակությանը կամ, իրենց ձևակերպմամբ, դրսից, դրամաշնորհներ ստացող ՀԿ-ներին համարում ազգային անվտանգության սպառնալի՞ք, թե՞ ոչ»,- «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ բոլոր դեպքերում իրենք ուշադրությամբ հետևելու են ԱԱԾ-ի գործունեությանը՝ հասկանալու համար՝ իրենք համարվո՞ւմ են ազգային անվտանգության սպառնալիք, թե՞ ոչ, որից հետո էլ կարվեն համապատասխան հետևություններ:
Իրավապաշտպանի խոսքերով՝ վարչապետը ճիշտ էր, երբ ասում էր, որ հեղափոխությունը կատարվել է ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ «Այո, մենք հեղափոխությունը արել ենք ի հեճուկս նման մտածելակերպի: ԱԱԾ՝ իմ վերաբերյալ հայտարարությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարական ու իրավական պետության վերականգնելու օրակարգը դեռևս մնում է և այն պետք է իրականացվի առանձին պետական մարմիններում՝ մասնավորապես ԱԱԾ-ում, ոստիկանությունում, դատաիրավական համակարգում ընդհանրապես: Իսկ ԱԱԾ-ում հեղափոխությունն ավարտին հասցնելը հատկապես անհրաժեշտ է: ԱԱԾ-ն, եթե ունակ է, պետք է վստահություն ձևավորի իր նկատմամբ և ապացուցի, որ ինքը չի շարունակում մնալ քաղաքական ընդդիմադիրների և ակտիվիստներին հետապնդող մարմնի վիճակում»,- ասաց Սաքունցը:
Կարդացեք նաև
Իսկ թե այդ վստահությունը ինչպես պետք է առաջացնի ԱԱԾ-ն, իրավապաշտպանի խոսքերով՝ դա հնարավոր է կառույցում իրականացվելիք վեթինգի միջոցով, իսկ որպես չափանիշ պետք է լինի այն, որ բոլոր նրանք, ովքեր նախկինում ներգրավված են եղել քաղաքական ընդդիմադիրների և քաղաքացիական ակտիվիստների դեմ գործողություններով, այդ թվում՝ զբաղված են եղել տարբեր անձանց հավաքագրելով, անձանց նկատմամբ ապօրինի տեղեկությունների հավաքագրմամբ, ապա այդ մարդիկ պետք է հեռանան ԱԱԾ-ից։ «ԱԱԾ-ն պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը այն բանի վերաբերյալ, որ ինքը չի հանդիսանում քաղաքական նպատակներով օգտագործվող գործիք: Բացի դրանից՝ մենք պետք է տեսնենք ԱԱԾ-ի՝ ժողովրդավարական և իրավական պետության վերափոխվելուն, համապատասխանելուն ուղղված հայեցակարգ, որովհետև իրենք շարունակում են մնալ առայժմ այն տրամաբանության մեջ, որում եղել են վերջին երեսուն տարվա մեջ»,-եզրափակեց իրավապաշտպանը:
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: