Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը չպիտի վախենա «պողոսներից»

Դեկտեմբեր 18,2019 10:00

Երեւանի ավագանու ամենաակտիվ եւ ամենաաշխատասեր անդամներից մեկին՝ Դավիթ Խաժակյանին, իր կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը», ուզում է հետ կանչել մայրաքաղաքի «խորհրդարանից»: Հիմնավորումը մոտավորապես հետեւյալն է՝ քանի որ քաղաքացիների մեծամասնությունը շփոթում է նրան եւ «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանին, ու չի հասկանում, թե ինչ է իրականում ասել Դավիթը, իսկ ինչը՝ Թեհմինան, հետեւաբար, ավելի լավ է՝ Խաժակյանը Երեւանի ավագանիում ընդհանրապես ոչ մի բան չասի: Հակառակ դեպքում, ըստ այդ տրամաբանության, ավագանու անդամներից մեկի՝ Թեհմինայի կոպիտ, անձնավորված հարձակումը քաղաքապետի վրա նսեմացնում է, ստվերում է մյուսի՝ Դավիթի առարկայական եւ կառուցողական քննադատությունը:

Նախ՝ պետք է ասել, որ եթե մարդիկ ավագանու անդամներին շփոթում են, դա իրենց խնդիրն է, նույնիսկ եթե խոսքը հազարավոր կամ թեկուզ միլիոնավոր մարդկանց մասին է: Քաղաքականության թիրախն, իմ համոզմամբ, տգետները չեն կարող լինել՝ տգետներին պետք է լուսավորել՝ ինչը, կարծում եմ, համահունչ է տվյալ կուսակցության թե՛ անվանը եւ թե՛ գաղափարախոսությանը:

Երկրորդ՝ «պողոսային» զանգվածների տրամադրություններով կարող է առաջնորդվել միայն մեկ քաղաքական ուժ՝ «Իմ քայլը». դա իրենց ընտրազանգվածն է, որը կազմում է ՀՀ բնակիչների մեծամասնությունը: Ըստ այդ տրամադրությունների՝ բոլոր նրանք, ովքեր քննադատում են ազգընտիր եւ «քաղաքընտիր» իշխանություններին, սրիկա են եւ տականք: Եթե այդ տրամաբանությունն ընդունվում է, ապա ընդդիմադիր գործունեությամբ ընդհանրապես պետք չէ զբաղվել եւ հարկավոր է առավոտից երեկո փառաբանել, ձոներ նվիրել իշխանությանը՝ «Աքիլլեսին Հոմերն երգեց, Ռուստամ Զալին՝ Ֆիրդուսին»: Զանգվածներին դա՛ է դուր գալիս:

Բայց եթե որեւէ կուսակցություն, տվյալ դեպքում՝ «Լուսավոր Հայաստանը», ընտրել է քաղաքական ընդդիմության ուղին, ապա, կարծում եմ, պետք է պատրաստ լինի հարվածների: Ընդ որում՝ երկու կողմերից:

Հատկանշական է, որ ԼՀԿ-ի նախաձեռնությանը՝ քննել Դավիթ Խաժակյանի՝ ավագանիում մնալ-չմնալու հարցը, «Իմ քայլը» եւ ՀՀԿ-ն միատեսակ արձագանքեցին՝ «ըհը՜, վախեցա՞ք, բա մենք միշտ էլ ասում էինք, որ դուք ընդդիմություն չեք»: Երկու ճամբարների խանդավառությունը հասկանալի է՝ երկուսն էլ շահագրգռված են՝ իրար ունենալ որպես «սփարինգ-պարտնյոր»: Իշխանությանը չափազանց ձեռնտու է, որ միակ ընդդիմությունը լինի ՀՀԿ-ն, այսինքն՝ «գող-ավազակ-թալանչիները, որոնք ձգտում են ռեւանշի»: ՀՀԿ-ն էլ, բնականաբար, շատ է ուզում լինել միակ ընդդիմությունը՝ իր շուրջը հավաքելով այս կամ այն պատճառով դժգոհ մարդկանց: Որեւէ այլ ընդդիմություն այս սխեմայի մեջ չի տեղավորվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031