Սյուզաննա Պատվականյանը բժիշկներ Անդրանիկ Պողոսյանին եւ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրում է Քրեական օրենսգրքի՝ «երեխային մորից ապօրինի զրկելու» մեղադրանքով։ Ըստ քննչական մարմիններ, ԱԱԾ, դատարաններ դիմած մոր եւ նրա ներկայացուցիչ, փաստաբան Մարատ Կոստանյանի, այդ անձինք տեղյակ են եղել Սյուզաննա Պատվականյանի անչափահաս լինելու փաստին եւ հաղորդում չեն ներկայացրել ոստիկանությանը։ 2000 թվականի փետրվարի 16-ին ծնվել է Սյուզաննայի դուստրը:
Այն ժամանակ անչափահաս Սյուզաննայից եւ երեխայի հորից պահանջել են ապօրինի գումար 500 ԱՄՆ դոլարի չափով, հակառակ դեպքում սպառնացել են երեխայի հորը հանձնել ոստիկանությանը՝ «անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու եւ հղիացնելու» փաստով։ Նրանք չեն վճարել պահանջվող գումարը, այդ պատճառով նրանք անչափահաս աղջկա անօգնական վիճակից օգտվելով, ըստ մոր՝ «անօրինական փաստաթուղթ ստորագրելու տարբերակով տիրացել են երեխայիս եւ վաճառել»։
«Դատարանն իրավասու չէ կրկին քննել նույն բողոքը, որն արդեն իսկ քննարկվել է նույն դատարանի եւ վերաքննիչ դատարանի կողմից ու կայացվել են համապատասխան որոշումներ». Դատարանի գնահատմամբ՝ Ս. Պատվականյանն ու նրա ներկայացուցիչ-փաստաբանը կատարել են իրավունքի չարաշահում:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ս. Պատվականյանի բողոքը: Դատարանն իր որոշման պատճառաբանական մասում որպես օրինակ նշել է ՄԻԵԴ-ում քննված «Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով» որոշումը, համաձայն որի՝ «պետք է արդար դատաքննության իրավունքը մեկնաբանվի մեկ անգամ Եվրոպական Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո»:
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 6-ին դատարանը հրապարակեց Սյուզաննա Պատվականյանի եւ նրա ներկայացուցչի բողոքի հիման վրա կայացված որոշումը. ավարտվեց քննությունն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության անգործության, ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի որոշումներով նախատեսված որոշումներից մեկը պարտավորեցնելու պահանջի մասին:
Այս տարվա հոկտեմբերի 3-ին դատարան էին դիմել Սյուզաննան եւ նրա ներկայացուցիչ- փաստաբան Մարատ Կոստանյանը: Նրանք խնդրել էին եռօրյա ժամկետում պարտավորեցնել գլխավոր դատախազությանը կատարել նշյալ որոշումներից մեկը:
Անցյալ տարվա հունիսի 20-ին Ս. Պատվականյանը հանցագործության մասին հաղորդմամբ դիմել էր ԱԱԾ, հայտնել, որ կարճված քրեական գործի նախաքննության ընթացքում իրեն առնչվող հանգամանքներում «Արմենիա» ԲԿ գլխավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանի դրվագով որեւէ քրեադատավարական գործողություններ չեն կատարվել: ԱԱԾ-ից ու գլխավոր դատախազությունից ստացվել էին բազմաթիվ գրություններ, որոնք ըստ բողոքաբերի, «մեկը մյուսի պատճեններն են»:
ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Վ. Սարգսյանը հայտնել էր, որ կարճման որոշումը կայացվել է հինգ տարի առաջ, այն ստացել է օրինական ուժ, չի բողոքարկվել, հետեւաբար, բողոքը ենթակա է մերժման, քանի որ ներկայացված ակտերը փաստում են, որ բողոքարկման ժամկետները բաց են թողնվել: Պատվականյանի փաստաբանը դիմել էր դատարան եւ ստացվել էր այդ կապակցությամբ պատասխան:
Դատարանի գնահատմամբ, բողոքաբերը բողոքում է արդեն իսկ մեկ անգամ բողոքարկված փաստական հանգամանքները, որի վերաբերյալ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների կողմից կայացված համապատասխան որոշումներով ներկայացված բողոքները մերժվել են, իսկ նախաքննական մարմնի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ, նշյալ որոշումները մտել են օրինական ուժի մեջ:
Դատաքննությունից հետո Ս. Պատվականյանը եւ նրա ներկայացուցիչը դիմել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանին, տեղեկացնելով. «Ինչպես դատարանում, այնպես էլ իմ բողոքում ես իմ կասկածն եմ հայտնել համակարգի աշխատակից Գրիգորի Անդրանիկի Պողոսյանի անձին, այն պատճառաբանությամբ, որ նա հանդիսանում է բժիշկ-գինեկոլոգ Անդրանիկ Պողոսյանի որդին, սպասարկում է նրանց շահը, նրանք գործընկերային համաձայնությամբ կարող էին կոծկել գործը։ Անդրանիկ Պողոսյանը եւ Ռազմիկ Աբրահամյանը միմյանց հետ փոխկապակցված անձինք են»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.12.2019