Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային խախտումները նկարելն ու տարածելը վիճահարույց են

Դեկտեմբեր 18,2019 13:30

Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս անց: Օրենքով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսա եւ լուսանկարահանել ճանապարհային երթեւեկության խախտումները եւ օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանությանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Փամբուխչյանի ու Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խիստ վիճահարույց են համարում անձնական տվյալների պաշտպանությամբ մտահոգ մասնագետները։

«Թվում է, թե քաղաքացիները շատ լավ բան են անում, օգնում են ոստիկանությանը եւ նկարում են այն վարորդների խախտումները, որոնք սպրդել են ճանապարհային ոստիկանության աչքից, բայց oրենքը փաստացի նախատեսում է քաղաքացիների անձնական տվյալների մշակում այլ քաղաքացիների կողմից։ Օրենքում չի կարգավորվում այն հարցը, թե ինչպես պետք է տեսանկարահանող քաղաքացին խուսափի այլ անձանց անձնական տվյալներ անօրինական մշակելուց։

Անձնական տվյալների մշակումն էլ օրինական է, եթե կա անձի համաձայնությունը կամ եթե այն սահմանված է օրենքով, իսկ ընդունված օրենքում խոսք չկա այն մասին, թե հավելվածով մշակված անձնական տվյալները որքան ժամանակով են պահպանվելու»,- ասում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Կառավարությունը կսահմանի էլեկտրոնային հավելվածից օգտվելու ամսական եւ տարեկան առավելագույն չափ, ըստ որի՝ միեւնույն քաղաքացուն հնարավորություն կտրվի նույն անձի նկատմամբ ուղարկել էլեկտրոնային հաղորդում ամսական՝ 1, տարեկան՝ 10 անգամ, նաեւ սահմանվել է, թե հատկապես, որ իրավախախտումների դեպքում կարելի է ուղարկել էլեկտրոնային հաղորդում:

Արդարադատության նախարարությանը կից գործող «Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն» ունի մշակած ուղեցույց տեսահսկում իրականացնելու մասին, որտեղ, օրինակ, խոսվում է  դպրոցներում կամ կրթական հաստատություններում տեսահսկում կատարելու մասին, հանրային տարածքներում տեսահսկում կատարելու մասին: Ըստ Շուշան Դոյդոյանի՝ շատ կարեւոր է, որ այս օրենքում մանրամասն նշվի, թե քաղաքացին, ով ցանկանում է իրականացնել տեսահսկում՝ ինչ չափանիշների համապատասխան պետք է իրականացնի տեսագրությունը, որպեսզի այն համարվի օրինական, հակառակ դեպքում, ինքն է արդեն դառնում անձնական տվյալների պաշտպանության օրենքի կանոնների խախտողը։

Թամարա ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031