Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան վերստին կարող է Ադրբեջանի նկատմամբ կիրառել իր «հայկական լծակը»

Դեկտեմբեր 18,2019 12:00

«Առավոտի» զրուցակիցն է թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

– Պարոն Գաբրիելյան, անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ չնայած Թրամփի վարչակազմի եւ Թուրքիայի իշխանությունների դիմակայությանը: Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել Վաշինգտոնում: ԱՄՆ նախագահը դեռ երկար կարող է որոշում, հրամանագիր չընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Սենատում ընդունված բանաձեւը ամերիկյան վարչակազմի հետագա քաղաքականության վրա:

– Լինելով թուրքագետ՝ ինձ համար բարդ է խնդիրը մեկնաբանել ԱՄՆ-ի տեսանկյունից։ Ամեն դեպքում կընդգծեի, որ ի տարբերություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ Կոնգրեսը (նաեւ Պենտագոնը) Թուրքիային առնչվող հարցերում հանդես է գալիս շատ ավելի խիստ դիրքերից։ Հենց այս հանգամանքը զգալիորեն մեծացնում էր Հայոց ցեղասպանության բանաձեւերի ընդունման հնարավորությունը Կոնգրեսի երկու պալատներում։

Կարծում եմ, որ Կոնգրեսի կողմից այս բանաձեւերի ընդունումը զգալիորեն կհեշտացնի Թրամփի կողմից ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը։ Ամեն դեպքում դա մեծապես կախված կլինի տվյալ ժամանակ թուրք-ամերիկյան հարաբերությունների բնույթից.  ես կանխատեսում եմ այդ հարաբերությունների հետագա վատթարացում՝ առաջին հերթին կապված նրա հետ, որ Էրդողանը մոտ ժամանակներս հետքայլ չի անելու ռուսական S-400 համակարգերի հարցում։

– Պատմական քվեարկությունը Սենատում տեղի ունեցավ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին. ընդամենը մեկ օր առաջ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել մի օրինագծի, որը կոչ էր անում ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու եւ Սիրիայի հյուսիս ներխուժելու համար: Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ քվեարկությունը զուտ ամերիկյան քաղաքականության հետեւա՞նք էր եւ այն կմնա թուրք-ամերիկյան բանակցություններում որպես կարեւոր խաղաքարտ:

– Բնականաբար, Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերը որոշակի խաղաքարտ են ԱՄՆ-ի ձեռքում՝ ընդդեմ Թուրքիայի։ Սակայն մյուս կողմից ճիշտ չի լինի ասել, որ բանաձեւերի քվեարկության արդյունքները բացառապես կապված էին Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործոնի հետ (պատմական արդարության վերականգնումը նույնպես շատ կարեւոր էր կոնգրեսականների՝ ամերիկյան կողմի համար)։ Այն, որ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձեւի վրա նախ 3 անգամ վետո դրվեց, ապա այն ընդունվեց միաձայն, մեծապես կապված է թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակի հետ։

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Նկատի ունեմ այն, որ բանաձեւի ընդունմանը խստապես նպաստեց այն, որ այս օրերին Թուրքիան հատեց ԱՄՆ-ի սահմանած նոր կարմիր գիծը. այն է, որ նա չպետք է փորձարկի ՌԴ-ից գնած S-400 համակարգերը, չծավալի դրանք։ Սակայն ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Էրդողանը կարգադրեց փորձարկել դրանք նույն ամերիկյան F-16 կործանիչների վրա, որոնք կազմում են թուրքական օդուժի հիմնական կորիզը։

– Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում կատարած գրառմամբ անդրադարձել էր ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նշելով. «Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մեկ խորհրդարան եւ դա Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես»։ Հնարավո՞ր եք համարում Էրդողանի իշխանության պայմաններում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, կամ՝ որոշակի մթնոլորտի փոփոխություն՝ Սենատի քվեարկությունից հետո:

– Միանգամայն համամիտ եմ Կարո Փայլանի հետ, ինձ համար էլ առաջին տեղում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է՝ որպես ցեղասպան երկիր։ Երկրորդ տեղում Գերմանիան էր՝ որպես հանցակից երկիր, եւ նա արդեն (2016թ.) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Երրորդ հորիզոնականում նոր կարելի է տեղավորել ԱՄՆ-ին, քանի որ աշխարհի թիվ մեկ գերտերությունն է, եւ բացի այդ, ամերիկյան դատարաններում ցեղասպանության սերունդները կարող են դատական հայցեր ներկայացնել թուրքական կողմի դեմ։

Ինչ վերաբերում է Էրդողանի իշխանության ժամանակ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը, ապա կատարելապես բացառում եմ դա՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։ Մասնավորապես, նկատի ունեմ այն, որ Էրդողանը ընթացիկ տասնամյակում անցում է կատարել ավելի կոշտ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ այն, որ նա (Դարֆուրի հայտնի դեպքերի կապակցությամբ) ասել է, որ մուսուլմանը (եւ ոչ թե պարզապես թուրքը) «ի վիճակի չէ» իրականացնել ցեղասպանություն։ Այնպես որ, բացառում եմ թե՛ դա, թե՛ այն, որ Սենատի քվեարկությունից հետո կարող է լինել մթնոլորտի որոշակի փոփոխություն։

– Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հնարավորությունը պաշտոնական Անկարան շարունակում է պահել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարի հետ: Այս դիրքորոշումը կարո՞ղ է փոփոխության ենթարկվել: Թուրք-ադրբեջանական «եղբայրական հարաբերությունները» ինչպե՞ս կբնութագրեք, դրանք իսկապես «եղբայրակա՞ն» են, թե՞ Անկարայի եւ Բաքվի քաղաքականությունն է պահանջում հրապարակային այդպես արձանագրել:

– Բնականաբար, դրանք եղբայրական չեն, դրանց հիմքում առաջին հերթին ընկած են փոխադարձ շահերը։ Չեմ կարծում, թե դիրքորոշման փոփոխություն կլինի, քանի որ Թուրքիան կշեռքի նժարներից մեկի վրա է դնում Հայաստանը, իսկ մյուս նժարի վրա Ադրբեջանը եւ տեսնում է, որ ադրբեջանական նժարն անհամեմատ ծանր է։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում որպես մեկնակետ վերցնում եմ այն, որ այն օրը, երբ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը, դա կնշանակի Հայաստանի շրջափակման վերացում։ Եվ որպեսզի դա տեղի չունենա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը ավելի քան 15 տարի վարում է Հայաստանը շրջափակման մեջ պահելու ու խեղդելու քաղաքականություն, պատրաստ է ամեն կերպ՝ տնտեսական տարատեսակ նախագծերով կերակրել Թուրքիային, որպեսզի վերջինս ոչ մի կերպ չգնա Հայաստանի հետ սահմանի բացմանը (Թուրքիան այդ նախագծերի շնորհիվ հնարավորություն է ստանում դառնալու գազային ու երկաթուղային հանգույց)։ Թուրքիան էլ հաճույքով ընդունում է Ադրբեջանի տված տնտեսական օգուտները (նաեւ միլիարդավոր դոլարների ներդրումները), փակ է պահում Հայաստանի հետ սահմանը եւ Հայաստանին ներկայացրած իր հայտնի 3 նախապայմաններից առաջնային պլան է մղում Արցախյան հիմնախնդրի կարգավորումը՝ հանդես գալով ադրբեջանամետ, սակայն մեծ հաշվով ոչինչ չտվող հայտարարություններով։ Եվ դա այն դեպքում, որ այդ խնդիրը միայն անուղղակի է վերաբերում  նրան, մինչդեռ Հայաստանին ներկայացրած իր մյուս երկու նախապայմանները (1921թ. Կարսի պայմանագրի ճանաչում եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղված ջանքերից հրաժարում) ուղիղ առնչվում են հենց իրեն։

Մյուս կողմից էլ մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, որն առկա է թուրքական զինանոցում, չափազանց լուրջ լծակ եւ անգամ շանտաժի միջոց է Ադրբեջանի նկատմամբ, որը հետագայում կարող է գործի դրվել եւս մեկ անգամ։ Իմ անձնական դիտարկումներով՝ Թուրքիան այդ լծակը ձեռք բերեց ֆուտբոլային դիվանագիտության խաղարկման միջոցով եւ կարողացավ հասնել Ադրբեջանից տնտեսական երկու խոշոր օգուտներ ստանալուն։ Նկատի ունեմ այն, որ Ադրբեջանը համաձայնեց սեփական գազը Եվրոպա ուղղել ոչ թե ՌԴ-ի տարածքով («Գազպրոմը» պատրաստակամություն էր հայտնել գնելու արտահանման ենթակա ողջ ադրբեջանական գազը), այլ՝ Թուրքիայի տարածքով (TANAP գազատար՝ 1850 կմ երկարությամբ)։

Մյուս կարեւոր օգուտն այն էր, որ Ադրբեջանն Իզմիրում կառուցեց Star նավթավերամշակման գործարանը, ինչը չափազանց մեծ կարեւորություն ունի թուրքական տնտեսության համար եւ մասնավոր սեկտորի կողմից Թուրքիայի տնտեսությունում արված ամենամեծ ներդրումն է՝ 6 մլրդ դոլար։ Այսինքն՝ մոտ 10 տարի առաջ Թուրքիան առերեւույթ ցույց տվեց, թե պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, անգամ ստորագրեց (սակայն չվավերացրեց) ցյուրիխյան արձանագրությունները, այդպիսով մեծապես ահաբեկեց Ադրբեջանին, որն էլ տնտեսական խոշոր զիջումների գնաց Թուրքիային (թուրքական կողմն այդպիսով կանխեց նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ապրիլքսանչորսյան ուղերձներում «ցեղասպանություն» բառեզրի արտաբերումը)։

Ելնելով այս ամենից՝ մեր իշխանություններին շարունակ կոչ եմ անում, որ եթե առաջիկայում Թուրքիայի կողմից վերստին ստացվեն հարաբերությունների կարգավորման նախանշաններ, ապա լինել չափազանց զգուշավոր, կասկածել թուրքական կողմի անկեղծության վրա, վերստին չօգտագործվել նրա կողմից եւ այդպիսով ակամա չուժեղացնել նրան (ես կարծում եմ, որ Թուրքիան վերոնշյալ պատճառներով ուժեղացած դուրս եկավ, ավելի շահեկան դիրքերում հայտնվեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձի արդյունքներով)։ Ես ակնարկում եմ այն, որ եթե Թուրքիայում ցանկանան նորանոր խոշոր զիջումներ պոկել Ադրբեջանից եւ վերջինս համառի այդ հարցում, ապա Թուրքիան վերստին կարող է Ադրբեջանի նկատմամբ կիրառել իր «հայկական լծակը»։ Մեծ հաշվով՝ ես խոշոր զիջման համար այլ ոլորտ չեմ տեսնում, թերեւս բացի Նախիջեւանից, որի վրա Թուրքիան վաղուց աչք ունի դրած։

– Ո՞ր փուլում են թուրք-ամերիկյան հարաբերությունները: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատի սպառազինությունների հարցերով հանձնաժողովներում կոչ էին անում Սպիտակ տանը ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման համար պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Հանձնաժողովները պահանջում էին նաեւ արգելել ամերիկյան արտադրության F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային: Որպես ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների պատճառ էին ներկայացվում Ռուսաստանի հետ իրականացվող «Թուրքական հոսք» գազատարի ծրագրերը: ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագծին: Փաստաթուղթը պետք է հաստատվի սենատի եւ ներկայացուցիչների պալատի կողմից, որից հետո ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից: Ի՞նչ ճակատագիր է սպասվում այս փաստաթղթին:

– Թուրք-ամերիկյան հարաբերությունները գտնվում են չափազանց բարդ փուլում, ակնկալում եմ, որ ժամանակի ընթացքում դրանք ավելի կվատթարանան, քանի որ Էրդողանը հնարավորինս երկար ժամանակ կփորձի հետքայլ չանել S-400 համակարգերի հարցում։ Արդյունքը լինելու է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ նորանոր պատժամիջոցներ սահմանելը։ Անկասկած եմ համարում, որ ԱՄՆ Կոնգրեսը կընդունի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը։

Ավելի վաղ քանիցս հայտարարել եմ, որ ռուս-թուրքական ռազմական համագործակցության ապագան առաջին հերթին կախված է ԱՄՆ-ի կողմից դրան հակազդելու աստիճանից։ Եթե այսօր ԱՄՆ-ը լռի S-400 համակարգերի հարցում, ապա վաղը Թուրքիան կարող է Ռուսաստանից գնել Սու-35 կամ Սու-57 ինքնաթիռներ, ինչպես նաեւ սուզանավեր, Ռուսաստանի (Պուտինի) օգնությամբ տիեզերագնացներ ուղարկել տիեզերք եւ ընդհանրապես դառնալ տիեզերական եւ նաեւ միջուկային երկիր։ Իսկ Էրդողանն ու Պուտինն ունեն ռազմական համագործակցության խոշոր պլաններ, որոնց իրագործումը մեծապես կախված կլինի ամերիկյան կողմի հակազդեցությունից։

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հայկ Գաբրիելյանի լուսանկարը՝ Միջազգային եւ Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ, 17.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031