Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բժիշկը երբեք չի ցանկանա, որ իր հիվանդի գլխից մի մազ անգամ պակասի»․ Շուշան Բադալյան

Դեկտեմբեր 17,2019 21:45

2019 թվականին Հայաստանում գրանցվել է ծննդկանի մահացության 12 դեպք։ Այս ցուցանիշը նախորդ 2 տարիների համեմատությամբ աճել է։ Պարզելու համար, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ ծննդաբերության ժամանակ, որի պատճառով հնարավոր է մահանա մայրը կամ երեխան, զրուցեցինք մանկաբարձ-գինեկոլոգ Շուշան Բադալյանի հետ։

Բժշկուհին նշեց, որ մինչև ծննդաբերության հասնելը պետք է կինը պատկերացում ունենա իր օրգանիզմի մասին և պիտի հասկանա, որ մարդն ինքնին բարդ համակարգ է և այդ բոլոր համակարգերը աշխատում են իրար հետ փոխկապակցված․

«Բժիշկների մեջ մի այսպիսի թեզիս կա՝ տղամարդիկ, կանայք և հղիներ։ Հղիները լրիվ առանձին աշխարհ են։ Մեր ազգի մեջ դեռևս չի ինտեգրվել այն մտածողությունը, որ պետք է 6 ամիսը մեկ կանոնավոր գնալ ստուգվելու և շատ հաճախ խնդիրները լինում են մինչև հղիությունը, ինչը ծննդաբերության ժամանակ բարդությունների պատճառ է դառնում»:

Շուշան Բադալյանը, հատկապես շեշտեց այն փաստը, որ եթե սովորական մարդու դեպքում բժիշկը կարող է բուժում նշանակել, ապա հղիների դեպքում նրանք գործ ունեն 2 հոգու հետ և պետք է առավելագույնս զգույշ լինել․ «Ենթադրենք ունենք ճնշման բարձրացման խնդիր և սովորական մարդու դեպքում համապատասխան մասնագետը կարող է դեղեր նշանակել և խնդիրը հարթել, բայց հղիների դեպքում բժշկի հնարավորությունները սահմանափակվում են։ Այն դեղը, որը կարող է օգնել սովորական մարդու դեպքում, հղի կնոջ դեպքում մենք չենք կարող այս մեթոդը կիրառել»:

Մանկաբարձ-գինեկոլոգը նշեց, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ ծննդաբերության ժամանակ, որի պատճառով ծննդկանը կամ երեխան մահանան․ «Մահացության պատճառ կարող է դառնալ արյունահոսությունը, քանի որ արգանդը համարվում է ամենաարյունալեցվող օրգանը և հաճախ սեփական անոթների տեղակայման պատճառով ծննդկանը նորմայից շատ արյուն է կորցնում։ Կարող է լինել թրոմբոէմբոլիան։ Այս պարագաներում բժիշկը չի կարող կռահել, որ հնարավոր է նման խնդիրներ առաջանան և եթե մենք կարող ենք սովորական պարագաներում ինչ-որ միջամտություններ անել, ապա հղի կնոջ դեպքում դա հնարավոր չէ»:

Բժշկուհին խոսեց նաև այն մասին, որ շատ կարևոր է, որպեսզի հիվանդը բժշկին վստահի․ «Երբ հղի կինը և բժիշկը հայտնվում են վիրահատարանում, այդ ժամանակ ծննդկանի մասին ամենաշատը բժիշկն է մտածում, քանի որ բժիշկը երբեք չի ցանկանա, որ իր հիվանդի գլխից մի մազ անգամ պակասի և ամեն հնարավոր բան անում է ամեն ինչ բարեհաջող ավարտելու համար»:

Հիշեցնենք նաև, որ այս տարի մահացության դեպքերից 3-ի առիթով հարուցվել է քրեական գործ և ծննդկանի հարազատները մահվան համար մեղադրում են բժշկին։

Գառնի Մութաֆյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031