Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ «Առդա» բարեգործական հիմնադրամի ու Գյումրու քաղաքապետարանի համագործակցությամբ կառուցված սոցիալական բնակարանների վիճակահանությունը։ Նշենք, որ 3 տարի է՝ այս հիմնադրամի օգնությամբ սոցիալական բնակարաններ են կառուցվում Գյումրիում, ընդհանուր թվով արդեն 41 բնակարան է կառուցվել։
Այսօր վիճակահանության դրված բնակարանների թիվը 18-ն էր, սակայն հանձնվեց 11-ը, 7 բնակարան ազատ է մնում։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանձնաժողովին առաջակեց փոխել չափորոշիչներից մեկը ու հունվարին նորից կազմակերպել վիճակահանություն 7 ազատ մնացած բնակարանների համար։
Ըստ քաղաքապետի, Գյումրիում տնակների մեջ միայնակ բնակվող տարեցները շատ չեն, այնպես որ նրանք կարող են գալ, դիմում տալ, իսկ կառուցված շենքը հարմավետ է, լուսավոր բնակարաններով ու արտակարգ պայմաններով՝ խոհանոցի կահույքով, գազօջախով, ջեռուցման համակարգով, «Առդա»-նույնիսկ վճարում է նրանց կոմունալ ծախսերը։
Թեև այս տարվա վիճակահանությունը նախորդ տարվա պես լարված չընթացավ․ ուշաթափություններ չեղան, շտապօգնության մեքենա կանչելու անհրաժեշտություն չառաջացավ, այնուհանդերձ տեսարանը բավական հուզիչ էր․ նրանք, ովքեր հրաժեշտ էին տալու տնակային կյանքին, արտասվում էին։
Այսօր, ի տարբերություն նախորդ տարվա, միայն ուրախության արցունքներն էին․ նշենք, որ անցած տարի դիմում ներկայացրած որոշ շահառուների վիճակահանությամբ բնակարան չհասավ, նրանցից մեկը ուշաթափվեց։
Այս տարվա վիճակահանությանը մասնակցում էին նաև այն մարդիկ, որոնց նախորդ տարի բնակարան չէր հասել , 3 բնակարան տրամադրվեց հենց այդ բնակիչներին։ Արտահերթ բնակարան տրամադրվեց նաև Գյումրու կենտրոնում՝ Շիրակի մարզպետարանի հարևանությամբ գտնվող Գարեգին Նժդեհի հանրակացարանի երեք բնակիչների, որոնք համառորեն չէին լքում փլուզված շենքը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այս շենքն անընդհատ փլուզվում է, վտանգավոր է անցորդների համար, այն մտադրված են քանդել, սակայն երեք բնակիչներ կյանքի գնով ապրում էին այնտեղ։ Այսօր լուծվեց նրանց հարցը։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուրախությանը չափ չկար, բնակիչները չէին ներկայացել վիճակահանությանը, պատճառաբանել էին, որ հիվանդ են, քաղաքապետը աշխատակիցներից մեկին ուղարկեց նրանց հետևից, սակայն ընթացքում պարզվեց, որ նրանք տաքսու մեջ են, գալիս են քաղաքապետարան։
Երբ հասան քաղաքապետարան, Սամվել Բալասանյանը կատակեց․ «Էս ինչքան էլ հիվանդ կպառկիք, հերիք չէ»։
Սամվել Բալասանյանը Գարեգին Նժդեհի հանրակացարանը բնակիչներից ազատելը համարեց մեծ ձեռքբերում Գյումրու համար։ «Դարավոր մի հարց լուծվեց Գյումրի քաղաքում․ Նժդեհ փողոցի հանրակացարանը, վերջապես, ազատագրվում է։ Մի անգամ բնակարան տվեցինք, չհամաձայնեցին, թե նույն տեղում բնակարան կառուցեք։ Վերջերս նորից կանչեցի ինձ մոտ, նորից առաջարկություն արեցի», -ասաց Սամվել Բալասանյանը։
«Առդա» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանն էլ իր խոսքում նշեց, որ երեք տարի առաջ չէին էլ պատկերացնում, որ հրաշալի ծրագիր պիտի իրագործեին։
«Բնակարանները կահավորված են ամեն ինչով՝ ջեռուցում, խոհանոց, գազօջախ, մի խոսքով պիտի տեղափոխվեն ու ապրեն;Մենք հետադարձ կապը միշտ պահպանում ենք Գյումրու բնակիչների հետ»,-ասաց Հրահատ Ստեփանյանը։
Վիճակահանությունը սկսվելուն պես՝ 92-ամյա միայնակ Համասփյուռ Նազարեթյանը, որը ևս բնակարան ստացավ, սկսեց լաց լինել:
Գյումրու քաղաքապետը հանգստացրեց․ «Մայրիկ ջան, հիմի ինչի՞ գուլաս, էլ մի լացի, ուրախ-զվարթ գնա»։ Քաղաքապետը նաև հիշեց, որ նախորդ տարի այս նույն գործընթացը ուղեկցվել էր ուշաթափություններով, շտապօգնության մեքենա էին կանչել։
Տնակներին հրաժեշտ տվող ընտանիքիներն ու միայնակ տարեցները, նկարագրելով իրենց տնակային պայմանները, նշում էին, որ ստիպված են եղել իրենց կենցաղը կիսել առնետների հետ։
3 մանկահասակ տղաներ ունեցող Աննա Սահակյանը, որին նախորդ տարի վիճակահանությամբ բնակարան չէր հասել, իսկ այս տարի ստացավ, և՛ ժպտում էր, և՛ արտասվում։ Մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը երբեք բնակարանում չի ապրել․ մեծացել է տնակի մեջ, ընտանիք կազմել տնակում։
«Առդա» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց «Առդա» բարեգործական հիմնադրամի բարեգործի անունը, ասաց, որ նա Գյումրիի փեսա Սարգիս Սեբեջյանն է։ Նրա կինը՝ Նունե Քեչեջյանը Հայաստան է եկել Բեյրութից, 4-5 տարի ապրել է Գյումրիում, այնուհետ տեղափոխվել ԱՄՆ։
Նա ասաց, որ ծրագիրը շարունակվելու է, այժմ, առաջնայինը «Մուշ» թաղամասում կիսակառույց շենքերից մեկը վերցնելն ու մանկապարտեզ կամ մարզօջախ կառուցելն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ